ԺՈՂՈՎՈՂ 5:10-19

ԺՈՂՈՎՈՂ 5:10-19 ՆՎԱԱ

Դրամ սիրողը դրամից չի կշտանա, և ոչ էլ հարստություն սիրողը՝ շահույթից։ Սա էլ է ունայնություն։ Երբ շատանում են բարիքները, շատանում են այն ուտողները, ուրեմն նրանց տերերի համար ի՞նչ օգուտ կա, բացի իրենց աչքով տեսնելուց։ Աշխատողի քունը քաղցր է, քիչ ուտի, թե շատ. բայց հարուստի կուշտ փորը թույլ չի տալիս, որ հանգիստ քնի։ Տեսա, որ դառը չարիք կա արեգակի տակ. այն հարստությունը, որ դիզվում է ի վնաս իր տիրոջ։ Եվ եթե այդ հարստությունը մի չարաղետ զբաղմունքով կորչի, և նրան որդի ծնվի, նա ձեռքում ոչինչ չի ունենա։ Նա ինչպես որ ելավ իր մոր որովայնից, մերկ էլ ետ կդառնա. կգնա, ինչպես որ եկել էր, և իր աշխատանքից ոչինչ չի վերցնի, որ իր ձեռքով տանի իր հետ։ Սա էլ է մի դառը չարիք, որ ինչպես որ եկավ, այնպես էլ գնալու է, և նրան ի՞նչ օգուտ կա, որ աշխատեց քամուն հետապնդել։ Նա իր բոլոր օրերը խավարում կսպառի կսկիծով, հիվանդությամբ և բարկությամբ։ Ահա իմ տեսածը. լավ և վայելուչ է ուտել ու խմել և արեգակի տակ իր կատարած աշխատանքով բարիք վայելել կյանքի այն քիչ օրերին, որ Աստված տվել է, որովհետև դա է նրա բաժինը։ Ամեն մարդու, որին Աստված հարստություն և ստացվածք է տվել, նրան նաև իշխանություն է տալիս դրանից ուտելու, իր բաժինն առնելու և իր աշխատանքով ուրախանալու. սա Աստծու պարգևն է։