Բ ՕՐԵՆՔ 3:12-22

Բ ՕՐԵՆՔ 3:12-22 ՆՎԱԱ

Երբ այդ երկիրը գրավեցինք, Ռուբենի և Գադի ցեղերին տվեցի այն տարածքը, որ ընդգրկում է Արոերը, Առնոնի ձորը և Գաղաադի լեռնային տարածքի կեսը իր քաղաքներով։ Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օգի թագավորությունը, նաև Արգոբի ամբողջ գավառն ամբողջ Բասանի հետ, որ հսկաների երկիր էր կոչվում, տվեցի Մանասեի կես ցեղին։ Մանասեի որդի Հայիրն առավ Արգոբի ամբողջ գավառը մինչև գեսուրացիների ու մաքաթացիների սահմանը և դրանք իր անունով կոչեց Բասան-Հավոթ-Հայիր, մինչև այսօր էլ։ Գաղաադը տվեցի Մաքիրին։ Ռուբենի և Գադի ցեղերին տվեցի Գաղաադից մինչև Առնոնի ձորը, որի միջով անցնում է սահմանը, մինչև Հաբոկի ձորը, որ Ամմոնի որդիների սահմանն է. նաև դաշտը, որի սահմանն է Հորդանան գետը, Քեներեթից մինչև Արաբայի, այսինքն՝ Մեռյալ ծովը, Փասգա լեռան ստորոտը՝ արևելյան կողմում։ Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածն այս երկիրը տվեց ձեզ իբրև ժառանգություն։ Ո՛վ դուք բոլոր քաջերդ, սպառազինված գնացեք անցե՛ք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ. իսկ ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները (գիտեմ, որ ձեր անասունները շատ են) թող մնան ձեր այն քաղաքներում, որ ես տվել եմ ձեզ, մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և մինչև որ նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց Հորդանանի այն կողմում։ Հետո ձեզնից յուրաքանչյուրը կվերադառնա իր ժառանգած երկիրը, որ ես տվել եմ ձեզ”։ Այն ժամանակ ես Հեսուին պատվիրեցի՝ ասելով. “Քո աչքերը տեսան, ինչ որ ձեր Տեր Աստվածն արեց այդ երկու թագավորներին։ Տերն այդպես է անելու նաև այն բոլոր թագավորություններին, որոնցով դու պիտի անցնես։ Մի՛ վախեցեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է պատերազմելու ձեզ համար”։