Բ ՕՐԵՆՔ 28:1-8

Բ ՕՐԵՆՔ 28:1-8 ՆՎԱԱ

«Եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, որպեսզի զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից բարձր կդասի։ Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին։ Դու օրհնյալ կլինես քաղաքում և օրհնյալ՝ դաշտում։ Օրհնյալ կլինեն քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, քո կովերի ծնունդը և քո ոչխարների հոտերը։ Օրհնյալ կլինեն քո կողովը և քո խմորի տաշտը։ Օրհնյալ կլինես դու մտնելիս և օրհնյալ կլինես դուրս ելնելիս։ Տերը քո առջև կոտորել կտա քեզ վրա հարձակվող քո թշնամիներին. նրանք դուրս կգան քո դեմ մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քո առաջից։ Տերն օրհնությունը կուղարկի քեզ քո շտեմարաններում և քո բոլոր ձեռնարկումներում։ Նա քեզ կօրհնի քո Տեր Աստծու՝ քեզ տված երկրում։