Բ ՕՐԵՆՔ 27
27
Աստծու օրենքները՝ գրված քարերի վրա
1Մովսեսը Իսրայելի ծերերի հետ պատվիրեց ժողովրդին՝ ասելով. «Պահե՛ք բոլոր այն պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ։ 2Այն օրը, երբ անցնես Հորդանան գետը և մտնես քո Տեր Աստծու՝ քեզ տված երկիրը, քեզ համար մեծամեծ քարեր կկանգնեցնես և դրանք կծեփես կրով։ 3Դրանց վրա կգրես այս օրենքի բոլոր խոսքերը, երբ անցնես Հորդանան գետն ու մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, ինչպես քեզ ասել է քո հայրերի Տեր Աստվածը։ 4Ուրեմն երբ Հորդանան գետն անցնես, ինչպես այսօր պատվիրեցի քեզ, այն քարերը կկանգնեցնես Գեբաղ լեռան վրա և դրանք կծեփես կրով։ 5Այնտեղ քո Տեր Աստծու համար քարե մի զոհասեղան կշինես. նրանց վրա երկաթ չբարձրացնես։ 6Չհղկված քարերով կշինես քո Տեր Աստծու զոհասեղանը և դրա վրա ողջակեզներ կմատուցես քո Տեր Աստծուն։ 7Խաղաղության զոհեր կմատուցես և այնտեղ կուտես ու կուրախանաս քո Տեր Աստծու առաջ։ 8Այդ քարերի վրա դու կգրես այս օրենքի բոլոր խոսքերը՝ լավ փորագրված»։
9Մովսեսն ու ղևտացի քահանաները խոսեցին ամբողջ Իսրայելի հետ՝ ասելով. «Լո՛ւռ մնա և լսի՛ր, ո՛վ Իսրայել։ Դու այսօր քո Տեր Աստծու ժողովուրդը եղար։ 10Ուրեմն հնազանդվի՛ր քո Տեր Աստծու ձայնին և կատարի՛ր նրա պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ»։
Անհնազանդության անեծքներ
11Նույն օրը Մովսեսը ժողովրդին պատվիրեց՝ ասելով. 12«Երբ Հորդանան գետն անցնեք, սրանք՝ Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը, Հովսեփն ու Բենիամինը, կկանգնեն Գարիզին լեռան վրա՝ ժողովրդին օրհնելու համար։ 13Իսկ սրանք՝ Ռուբենը, Գադը, Ասերը, Զաբուղոնը, Դանը և Նեփթաղիմը, կկանգնեն Գեբաղ լեռան վրա՝ անիծելու համար։
14Ղևտացիները կխոսեն և բարձր ձայնով կասեն Իսրայելի բոլոր մարդկանց.
15“Անիծյալ լինի այն մարդը, որ կոփածո կամ ձուլածո կուռք կշինի Տիրոջ առաջ, պիղծ արհեստավորի ձեռքի գործ, և այն կդնի մի ծածուկ տեղ”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող պատասխանի ու ասի՝ ամեն։
16“Անիծյալ լինի իր հորը կամ մորը անարգողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։
17“Անիծյալ լինի իր հարևանի սահմանը փոխողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։
18“Անիծյալ լինի կույրին ճանապարհից մոլորեցնողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։
19“Անիծյալ լինի պանդուխտի, որբի ու որբևայրու իրավունքը ոտնահարողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։
20“Անիծյալ լինի իր հոր կնոջ հետ պառկողը, որովհետև նա բաց է անում իր հոր քղանցքը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։
21“Անիծյալ լինի որևէ անասունի հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։
22“Անիծյալ լինի իր հոր կամ իր մոր աղջիկը եղող իր քրոջ հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։
23“Անիծյալ լինի իր զոքանչի հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։
24“Անիծյալ լինի իր հարևանին գաղտնաբար սպանողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։
25“Անիծյալ լինի նա, ով կաշառք է վերցնում անմեղ մարդ սպանելու համար”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։
26“Անիծյալ լինի նա, ով չի պահում այս օրենքի բոլոր խոսքերը, որպեսզի կատարի դրանք”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն»։
Արդեն Ընտրված.
Բ ՕՐԵՆՔ 27: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018