Դանիելը պատասխանեց թագավորին և ասաց. «Այդ գաղտնիքը, որ թագավորը պահանջում է, իմաստունները, հմայողները, մոգերը և գուշակները չեն կարող ասել թագավորին։ Բայց գաղտնիքներ հայտնող մի Աստված կա երկնքում, և նա Նաբուգոդոնոսոր թագավորին իմացրել է, ինչ որ պիտի լինի հետագա օրերում։ Սա է քո երազը և գլխիդ տեսիլքը՝ անկողնուդ մեջ. դու, ո՛վ թագավոր, քո անկողնու մեջ մտածում էիր այն մասին, թե այսուհետ ինչ պիտի լինի, և գաղտնիքներ հայտնողը քեզ իմացրեց։ Եվ ինձ հայտնեց այս գաղտնիքը ոչ թե բոլոր ապրողներից ավելի իմաստություն ունենալուս համար, այլ մեկնությունը թագավորին իմացնելու համար, և որ իմանաս քո մտքի խորհուրդները։
Դու, ո՛վ թագավոր, տեսնում էիր ահա մի մեծ արձան։ Այդ արձանը հսկայական էր և իր գերազանց պայծառությամբ կանգնած քո առաջ։ Նրա տեսքն ահավոր էր։ Այս արձանի գլուխը մաքուր ոսկուց էր, նրա կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից, սրունքները՝ երկաթից, նրա ոտքերը՝ մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից։ Մինչ նայում էիր, մի քար պոկվեց՝ առանց մարդկանց ձեռքի դիպչելու, և հարվածեց արձանի ոտքերին, որ երկաթից ու կավից էին, և փշրեց դրանք։ Այն ժամանակ միասին փշրվեցին երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին և ամառվա կալերի մղեղի պես եղան։ Եվ քամին քշեց դրանք, և դրանց հետքը բոլորովին չգտնվեց։ Իսկ այն քարը, որ հարվածեց արձանին, մեծ սար դարձավ և լցրեց ամբողջ երկիրը։ Սա է երազը, և նրա մեկնությունն ասենք թագավորին։
Ո՛վ թագավոր, թագավորների՛ թագավոր, որին երկնքի Աստվածը թագավորություն, կարողություն, զորություն և պատիվ է տվել։ Եվ որի ձեռքն է հանձնել մարդկանց որդիներին, երկրի գազաններին ու երկնքի թռչուններին իրենց բնակության բոլոր վայրերում և քեզ իշխան է կարգել նրանց բոլորի վրա. դու ես այդ ոսկե գլուխը։ Եվ քեզնից հետո մի ուրիշ թագավորություն պիտի բարձրանա՝ քեզնից ցածր, և մի երրորդ թագավորություն՝ պղնձից, որը կտիրի ամբողջ աշխարհին։ Իսկ չորրորդ թագավորությունը երկաթի նման պինդ կլինի. ինչպես որ երկաթը փշրում ու ջարդում է ամեն բան, սա ևս ամեն ինչ ջարդող երկաթի նման կփշրի ու կկոտրի։ Եվ ոտքերն ու մատները, որ տեսար, մի մասը՝ բրուտի կավից, իսկ մյուս մասը՝ երկաթից. մի բաժանված թագավորություն է լինելու, բայց երկաթի ամրության բաժին է ունենալու, որովհետև երկաթը տղմոտ կավի հետ խառնված տեսար։ Եվ ոտքերի մատները՝ մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից. այդ թագավորությունը մասամբ է ամուր լինելու, իսկ մյուս մասը դյուրաբեկ է լինելու։ Եվ որ տեսար երկաթը՝ խառնված տղմոտ կավի հետ, այսինքն՝ նրանք խառնվելու են մարդկանց սերնդի հետ, բայց միմյանց չպիտի կպչեն. ահա ինչպես երկաթը չի խառնվում կավի հետ։
Եվ այն թագավորների օրերին երկնքի Աստվածը մի թագավորություն է բարձրացնելու, որ հավիտյան չի ավերվելու, և նրա տերությունն ուրիշ ժողովրդի չի տրվելու. նա պիտի կործանի և ոչնչացնի այս բոլոր թագավորությունները, իսկ ինքը կմնա հավիտյան։ Ինչպես դու տեսար, որ սարից մի քար պոկվեց՝ առանց ձեռք դիպչելու, և փշրեց երկաթը, պղինձը, կավը, արծաթը և ոսկին. մեծ Աստվածը թագավորին իմացրեց, թե այսուհետ ի՛նչ է լինելու. երազը հաստատ է, իսկ մեկնությունը՝ ստույգ»։