Նաբուգոդոնոսորի թագավորության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազներ տեսավ. խռովվեց նրա հոգին, և չէր կարող քնել։ Թագավորը հրամայեց, որ կանչեն մոգերին, հմայողներին, կախարդներին ու քաղդեաներին, որ թագավորին ասեն նրա երազները։ Նրանք եկան ու կանգնեցին թագավորի առաջ։
Եվ թագավորն ասաց նրանց. «Ես մի երազ տեսա, և իմ հոգին խռովվեց, որպեսզի իմանամ այդ երազը»։ Եվ քաղդեաները արամեերենով ասացին թագավորին. «Թագավո՛ր, հավիտյա՛ն ապրիր, քո ծառաներին պատմի՛ր երազը, և մենք կասենք մեկնությունը»։ Թագավորը պատասխանեց և ասաց քաղդեաներին. «Վստահաբար եմ ասում, եթե ինձ չիմացնեք երազը և նրա մեկնությունը, ձեր մարմնի անդամները պիտի հոշոտվեն, և ձեր տներն աղբակույտ պիտի դառնան։ Իսկ եթե ասեք երազն ու նրա մեկնությունը, ինձնից պարգևներ, վարձատրություններ և մեծ պատիվ կստանաք։ Ուրեմն ասացե՛ք ինձ երազն ու նրա մեկնությունը»։ Նրանք կրկին պատասխանեցին և ասացին. «Թագավորը երազը թող ասի իր ծառաներին, և մենք կիմացնենք նրա մեկնությունը»։ Թագավորը պատասխանեց և ասաց. «Ես ճշմարիտ գիտեմ, որ դուք ուզում եք ժամանակ շահել, որովհետև ինձնից դուրս եկած խոսքը հաստատ է, որ եթե ինձ չիմացնեք երազը, ձեզ համար մեկ դատավճիռ կա. դուք որոշել եք սուտ և զեղծ բան խոսել իմ առաջ, մինչև որ ժամանակը փոխվի. ուրեմն ասացե՛ք ինձ երազը, և կիմանամ, որ դուք ինձ նրա մեկնությունը ևս կասեք»։ Քաղդեաները պատասխանեցին թագավորին և ասացին. «Երկրի վրա մարդ չկա, որ կարողանա թագավորի պահանջած բանն անել, և դրա համար էլ ոչ մի թագավոր՝ մեծամեծ ու տիրակալ, սրա նման մի բան չի պահանջել ոչ մի մոգից, հմայողից և քաղդեայից։ Ինչ որ պահանջում է թագավորը, դժվար է, և չկա մեկ ուրիշը, որ թագավորին ասի այն, բացի աստվածներից, որոնք մարմնի մեջ չեն բնակվում»։
Այս պատճառով թագավորը բարկացավ ու սրդողեց և հրամայեց ոչնչացնել Բաբելոնի բոլոր իմաստուններին։ Իմաստուններին սպանելու հրամանն արձակվեց։ Որոնեցին նաև Դանիելին ու նրա ընկերներին, որպեսզի սպանեն նրանց։ Այդ ժամանակ Դանիելը խոհեմությամբ ու դատողությամբ խոսեց թագավորի դահճապետ Արիովքի հետ, որը դուրս էր եկել Բաբելոնի իմաստուններին սպանելու։ Թագավորի պաշտոնյա Արիովքին ասաց. «Թագավորի այս խիստ հրամանն ինչի՞ համար է»։ Այդ ժամանակ Արիովքը Դանիելին իմացրեց եղելությունը։ Դանիելը մտավ և խնդրեց թագավորին, որ իրեն ժամանակ տրվի, որ նա մեկնությունն ասի թագավորին։ Այն ժամանակ Դանիելը գնաց տուն և եղելությունն իմացրեց իր ընկերներին՝ Անանիային, Միսայելին և Ազարիային, որպեսզի գթություն խնդրեն երկնքի Աստծուց այս գաղտնիքի մասին, որ Դանիելն ու նրա ընկերները չոչնչացվեն Բաբելոնի մնացած իմաստունների հետ։
Այն ժամանակ գիշերվա տեսիլքի մեջ Դանիելին հայտնվեց այն գաղտնիքը, և Դանիելն օրհնեց երկնքի Աստծուն։ Դանիելը խոսեց և ասաց. «Օրհնյալ լինի Աստծու անունը հավիտյանս հավիտենից, որովհետև նրանն են իմաստությունն ու զորությունը։ Նա է եղանակներն ու ժամանակները փոխողը, թագավորներ իջեցնողը և թագավորներ կարգողը, նա է իմաստություն տալիս իմաստուններին և գիտություն՝ հանճարեղներին։ Նա է խոր և ծածուկ բաներ հայտնողը, գիտի մթի մեջ եղածը, և լույսը նրա մոտ է բնակվում։ Քեզ, ո՛վ իմ հայրերի Աստված, օրհնաբանում և փառաբանում եմ ես, որ իմաստություն և զորություն տվեցիր ինձ և հիմա ինձ իմացրիր, ինչ որ մենք խնդրել էինք քեզնից, որ թագավորի պահանջածը մեզ իմացրիր»։