ԱՄՈՎՍ 7:10-17

ԱՄՈՎՍ 7:10-17 ՆՎԱԱ

Ապա Բեթելի քահանա Ամասիան լուր ուղարկեց Իսրայելի Հերոբովամ թագավորին՝ ասելով. «Իսրայելի տան մեջ Ամովսը դավադրում է քո դեմ, երկիրը չի կարող տանել նրա բոլոր խոսքերը։ Որովհետև Ամովսն այսպես է ասում. “Հերոբովամը սրով պիտի մեռնի, և Իսրայելն իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի”»։ Եվ Ամասիան ասաց Ամովսին. «Ո՛վ տեսանող, գնա՛, փախի՛ր Հուդայի երկիրը և այնտե՛ղ հաց կեր ու այնտե՛ղ մարգարեացիր։ Եվ Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալը, որովհետև այն թագավորի սրբարանն է և թագավորության տաճարն է»։ Ամովսը պատասխանեց և ասաց Ամասիային. «Ես մարգարե չեմ և ոչ էլ մարգարեի որդի, այլ հովիվ եմ ես և մոլաթուզ քաղող։ Բայց Տերն ինձ վերցրեց հոտերի հետևից և Տերն ինձ ասաց. “Գնա՛, մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդին”։ Իսկ հիմա Տիրոջ խո՛սքը լսիր. “Դու ասում ես՝ Իսրայելի մասին մի՛ մարգարեացիր և մի՛ քարոզիր Իսահակի տան դեմ”։ Ուստի Տերն այսպես է ասում. “Քո կինը քաղաքի մեջ պիտի պոռնկանա, քո որդիներն ու դուստրերը սրով պիտի ընկնեն, և քո երկիրը լարով պիտի բաժանվի, դու անմաքուր հողի վրա պիտի մեռնես, և Իսրայելն էլ իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի”»։