ԱՄՈՎՍ 2:6-16

ԱՄՈՎՍ 2:6-16 ՆՎԱԱ

Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք արդարին փողով ծախեցին, իսկ կարիքավորին՝ մի զույգ կոշիկով։ Նրանք կոխկռտում են աղքատների գլխին, ինչպես որ կոխում են երկրի հողի վրա, խոնարհների ճանապարհը շեղում են, և որդին ու իր հայրը միևնույն աղջկա մոտ են գնում, որպեսզի պղծեն իմ սուրբ անունը։ Եվ պառկում են ամեն մի զոհասեղանի մոտ գրավ առնված հանդերձների վրա և իրենց աստվածների տանը խմում են բռնագրավված գինին։ Ես նրանց առաջ բնաջնջեցի ամորհացուն, որի բարձրությունը եղևնիների բարձրության պես էր, և որը պինդ էր կաղնիների նման։ Եվ ես նրա վրայից վերացրի իր պտուղը, իսկ տակից՝ նրա արմատները։ Եվ ես ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից և քառասուն տարի ձեզ անապատում առաջնորդեցի, որպեսզի ժառանգեիք ամորհացիների երկիրը։ Եվ ձեր որդիների միջից մարգարեներ հանեցի և ձեր երիտասարդներից՝ նվիրյալներ. մի՞թե այդպես չէ, ո՛վ Իսրայելի որդիներ»,- ասում է Տերը։ «Սակայն դուք նվիրյալներին գինի խմեցրիք և մարգարեներին հրամայեցիք՝ ասելով. “Մի՛ մարգարեացեք”։ Ահա ես ձեզ պիտի ճզմեմ, ինչպես որ ճզմում է խրձերով լի սայլը։ Եվ ամենաարագաշարժն անգամ չի կարող փախչել, և զորավորին չի արիացնի նրա ուժը, և հզորը չի ազատի իր անձը։ Աղեղ բռնողը չի կանգնի, և վազորդը իրեն չի ազատի, և ձի հեծածը չի փրկվի։ Եվ հզորների մեջ քաջասիրտը պիտի թողնի զենքերը և փախչի այդ օրը»,- ասում է Տերը։