Գործք Առաքելոց 8:4-13

Գործք Առաքելոց 8:4-13 ՆՎԱԱ

Իսկ ցրվածները շրջում էին՝ Աստծու խոսքն ավետարանելով։ Փիլիպպոսը, Սամարիայի մի քաղաք իջնելով, Քրիստոսին էր քարոզում նրանց։ Ժողովրդի բազմությունը համախմբված լսում էր Փիլիպպոսի խոսքերը և տեսնում նրա կատարած նշանները, քանի որ շատերի միջից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով դուրս էին գալիս, և բազում անդամալույծներ ու կաղեր էին բժշկվում։ Եվ այդ քաղաքում մեծ ուրախություն եղավ։ Այդ քաղաքում Սիմոն անունով մի մարդ կար, որ վաղուց մոգություն էր անում և սամարացի ժողովրդին զարմացնում էր՝ ասելով, թե ինքը մեծ մեկն է։ Եվ բոլորը՝ փոքրից մեծ, նրան էին հետևում ու ասում. «Սա է Աստծու զորությունը, որ մեծ է կոչվում»։ Նրան հետևում էին, որովհետև երկար ժամանակ մոգություններով զարմացրել էր նրանց։ Բայց երբ հավատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայության և Հիսուս Քրիստոսի անվան մասին էր ավետարանում, բոլորն էլ մկրտվում էին՝ թե՛ տղամարդ, թե՛ կին։ Սիմոնն ինքն էլ հավատաց ու երբ մկրտվեց, միշտ Փիլիպպոսին էր հետևում. տեսնելով այն նշաններն ու մեծամեծ հրաշքները, որ կատարվում էին, զարմանում էր։