Գործք Առաքելոց 8:25-37

Գործք Առաքելոց 8:25-37 ՆՎԱԱ

Եվ նրանք, վկայություն տալով ու Տիրոջ խոսքը քարոզելով, վերադարձան Երուսաղեմ և սամարացիների շատ գյուղերում էին ավետարանում։ Եվ Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց և կեսօրին մոտ գնա՛ Երուսաղեմից Գազա իջնող ճանապարհով։ Այն անապատ է»։ Նա վեր կացավ գնաց։ Ահա եթովպացի մի մարդ, որ ներքինի էր և Եթովպիայի Կանդակի թագուհու պաշտոնյաներից, որը նաև թագուհու գանձապահն էր, երկրպագության համար եկել էր Երուսաղեմ. վերադառնալիս իր կառքում նստած՝ Եսայի մարգարեի գիրքն էր կարդում։ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր և այդ կառքի՛ն մոտեցիր»։ Փիլիպպոսն առաջ վազելով լսեց, որ Եսայու մարգարեությունից է կարդում, և հարցրեց. «Արդյոք հասկանո՞ւմ ես, թե ինչ ես կարդում»։ Իսկ նա պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ, եթե մեկն ինձ չուղղորդի»։ Նա խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանա և նստի իր մոտ։ Եվ սա էր գրքի այն հատվածը, որ կարդում էր. «Իբրև ոչխար մորթվելու տարվեց, և իբրև գառ, որ լուռ կանգնում է իրեն խուզողի առաջ, այդպես էլ նա իր բերանը չի բացում։ Նրա խոնարհության պատճառով նրա իրավունքը մերժվեց. ո՞վ պիտի նրա ցեղի մասին պատմի, քանի որ նրա կյանքը երկրից վերցվեց» ։ Եվ ներքինին Փիլիպպոսին ասաց. «Խնդրում եմ քեզ, ո՞ւմ մասին է մարգարեն այս ասում՝ ի՞ր, թե՞ մեկ ուրիշի»։ Փիլիպպոսը բաց արեց բերանը և սկսելով այս գրքից՝ նրան ավետարանեց Հիսուսի մասին։ Ճանապարհով ընթանալիս մի ջրի մոտ հասան, և ներքինին ասաց. «Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում, որ մկրտվեմ»։ Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Եթե ամբողջ սրտով հավատում ես, կարող ես մկրտվել»։ Նա ասաց. «Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն Աստծու Որդին է»։