Բայց քահանայապետը և բոլոր նրանք, ովքեր նրա հետ էին ու սադուկեցիների աղանդից, նախանձով լցվեցին։ Եվ ձերբակալեցին առաքյալներին ու նրանց հրապարակայնորեն բանտ նետեցին։ Բայց Տիրոջ հրեշտակը, գիշերով բանտի դռները բացելով, նրանց դուրս հանեց և ասաց. «Գնացե՛ք, տաճարի մե՛ջ կանգնեք և կյանքի այս բոլոր խոսքերը ժողովրդի՛ն հաղորդեք»։ Եվ երբ լսեցին, առավոտյան տաճար մտան և ուսուցանում էին։ Եկավ քահանայապետը, և նրանք, որ իր հետ էին, և իսրայելացի ամբողջ ծերակույտի հետ ժողով գումարեցին ու մարդ ուղարկեցին բանտ՝ նրանց բերելու։ Երբ սպասավորները եկան, բանտում նրանց չգտան. վերադարձան, պատմեցին ու ասացին. «Բանտն ամենայն ապահովությամբ փակված գտանք, իսկ պահապաններին՝ դռան մոտ կանգնած, բայց երբ բաց արեցինք, ներսում ոչ ոքի չգտանք»։ Երբ քահանայապետն ու տաճարի պահակապետն այս խոսքերը լսեցին, նրանց վրա զարմացան, թե այդ ի՛նչ պետք է եղած լիներ։ Եվ մեկը եկավ, նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց բանտ էիք դրել, տաճարում կանգնած, ժողովրդին են ուսուցանում»։ Այդ ժամանակ պահակապետը սպասավորների հետ գնաց և նրանց առանց բռնության բերեց, որովհետև վախենում էին ժողովրդից, որ չքարկոծվեն։
Երբ նրանց բերեցին, ատյանում կանգնեցրին։ Քահանայապետը նրանց հարցրեց ու ասաց. «Ձեզ խստիվ չպատվիրեցի՞նք, որ այդ անունով չուսուցանեք։ Ահա Երուսաղեմը ձեր ուսմունքով լցրիք և ուզում եք այդ մարդու արյունը մեզ վրա գցել»։ Պետրոսն ու առաքյալները պատասխանեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։ Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք փայտից կախելով սպանեցիք։ Աստված իր աջով նրա՛ն որպես Առաջնորդ ու Փրկիչ բարձրացրեց, որպեսզի Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տա։ Եվ մենք նրա այս խոսքերի վկան ենք, ինչպես նաև Սուրբ Հոգին, որ Աստված տվեց իրեն հնազանդվողներին»։
Երբ նրանք այս լսեցին, խիստ զայրացան և խորհում էին նրանց սպանելու մասին։
Բայց ատյանում վեր կացավ Գամաղիել անունով մի փարիսեցի, որն օրենքի ուսուցիչ էր՝ ամբողջ ժողովրդի կողմից պատվված, և հրամայեց, որ առաքյալներին կարճ ժամանակով դուրս հանեն։ Եվ նրանց ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, զգո՛ւյշ եղեք, թե ի՛նչ եք անելու այս մարդկանց հետ։ Որովհետև օրեր առաջ ելավ Թևդասը՝ իրեն երևելի մեկը ցույց տալով, և նրան շուրջ չորս հարյուր մարդ հարեց. ինքն սպանվեց, իսկ նրա համախոհները բաժան-բաժան եղան, և ոչ ոք չմնաց։ Նրանից հետո մարդահամարի օրերին գալիլեացի Հուդան ելավ և իր հետևից շատ մարդկանց տարավ. նա ևս կորստյան մատնվեց, իսկ նրա համախոհները ցիրուցան եղան։ Եվ հիմա ասում եմ ձեզ. այդ մարդկանցից հեռո՛ւ մնացեք և թողե՛ք նրանց, որովհետև եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի, բայց եթե Աստծուց է, չեք կարող քանդել. միգուցե աստվածամարտ էլ դառնաք»։ Նրանք հավանություն տվեցին նրան և կանչեցին առաքյալներին, ծեծեցին ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով չխոսեն, և նրանց արձակեցին։ Իսկ նրանք ուրախանալով գնացին ատյանից, որովհետև նրա անվան համար էին անարգանքի արժանացել։ Եվ ամեն օր չէին դադարում տաճարում ու տներում ուսուցանել և Հիսուս Քրիստոսի մասին ավետարանել։