Արդեն տասնչորսերորդ գիշերը եղավ, ինչ մենք Ադրիական ծովում դեռևս տարուբերվում էինք։ Կեսգիշերին նավավարները կարծեցին, թե ինչ-որ ցամաք ենք հասել։ Ջրի խորությունը չափող գունդը գցելով՝ քսան գրկաչափ խորություն գտան. մի փոքր էլ առաջանալով՝ նորից գցեցին և տասնհինգ գրկաչափ գտան։ Վախենալով, որ թերևս խութերի մեջ ընկնեն, հետևի կողմից չորս խարիսխ ցած գցեցին և սպասում էին լուսանալուն։ Բայց քանի որ նավավարներն ուզում էին նավից փախչել, մակույկն իջեցրին ծով այն պատճառաբանությամբ, թե իբր առջևի կողմից էլ են խարիսխ գցելու։ Պողոսը հարյուրապետին ու զինվորներին ասաց. «Եթե դրանք նավի մեջ չմնան, դուք չեք կարող փրկվել»։ Այդ ժամանակ զինվորները մակույկի պարանները կտրեցին և թողեցին, որ ծովն ընկնի։
Լուսադեմին Պողոսը բոլորին խնդրում էր, որ կերակուր ընդունեն՝ ասելով. «Այսօր տասնչորսերորդ օրն է, ինչ դուք սպասելով քաղցած եք մնացել և ոչինչ չեք կերել։ Դրա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ընդունեք, որովհետև դա ձեր փրկության համար է. քանի որ ձեզանից ոչ մեկի գլխից մի մազ չի կորչելու»։ Այս ասելով՝ հաց վերցրեց, բոլորի առաջ Աստծուն գոհություն հայտնեց, կտրեց ու սկսեց ուտել։ Եվ բոլորը քաջալերվեցին, ու իրենք էլ սնվեցին։ Նավի մեջ բոլորս միասին երկու հարյուր յոթանասունվեց հոգի էինք։ Կերակուրից հագենալով՝ նավը թեթևացրին՝ ցորենը ծովը թափելով։
Երբ լույսը բացվեց, մի անծանոթ ցամաք տեսան։ Նկատեցին մի ծովածոց, որ ծովափ ուներ. մտածում էին, թե միգուցե հնարավոր լիներ նավն այնտեղ հասցնել։ Խարիսխները կտրելով ծովը գցեցին, ղեկերի կապերը թուլացրին, առագաստը բացեցին և քամուն հանձնեցին ծովափի ուղղությամբ։ Ընկնելով ծովը երկու մասի բաժանող մի տեղ՝ նավը դուրս քաշեցին. նավի առաջակողմը հատակին խրվեց և անշարժ մնաց, իսկ հետնակողմն ալիքների սաստկությունից քանդվում էր։ Զինվորները որոշել էին կալանավորներին սպանել, որպեսզի ոչ ոք լողալով չփախչեր։ Բայց հարյուրապետը, կամենալով Պողոսին փրկել, նրանց այդ մտադրությունից հետ պահեց ու հրամայեց, որ նախ լողալ կարողացողները ջուրը նետվեն ու ցամաք ելնեն, իսկ մնացածներից ոմանք՝ տախտակների վրա, ոմանք էլ՝ նավից ինչ-որ բանի վրա. և այդպես բոլորն էլ ցամաք ելան և փրկվեցին։