Երբ հարավի մեղմ քամին փչեց, կարծեցին, թե իրենց նպատակին կհասնեն, և խարիսխները վերցնելով՝ ինչքան հնարավոր է դեպի Կրետե նավարկեցին։ Շատ ժամանակ չէր անցել, երբ կղզու կողմից մի մրրկահողմ բարձրացավ, որ «Եվրացիկլոն» էր կոչվում։ Երբ նավը քշվեց և մրրկահողմին չկարողացավ դիմանալ, նավի կառավարումը թողեցինք և տարուբերվում էինք։ Եվ ընթանալով դեպի մի կղզի, որ Կավդա էր կոչվում, մակույկը հազիվ կարողացանք փրկել։ Օգնության միջոցներով այն նավի վրա քաշեցինք, ապա պարաններ օգտագործեցին և նավի տակից անցկացնելով՝ կապեցին. վախենալով, որ Սիրտիսի ծովածոցի մեջ կընկնեն, խարիսխը ծովը իջեցրին և այդպես տարուբերվում էին։ Մինչ մենք փոթորկից շատ նեղություն էինք կրում, հաջորդ օրը նրանք սկսեցին բեռները ծովը գցել։ Երրորդ օրը նրանք իրենց ձեռքով ծովը նետեցին նավի գործիքները։ Երբ բազում օրեր ո՛չ արև էր երևում, ո՛չ էլ աստղեր, վատ եղանակն էլ շարունակվում էր, փրկվելու մեր ողջ հույսը կտրվեց։
Քանի որ արդեն շատ օրեր քաղցած էին, այդ ժամանակ Պողոսը, նրանց մեջ կանգնելով, ասաց. «Մարդի՛կ, դուք պետք է ինձ լսեիք ու Կրետեից չելնեիք և այս նեղությունից ու վտանգից կխուսափեիք։ Իսկ այժմ ձեզ խրատում եմ, որ քաջալերվեք, որովհետև բացի նավից, ձեզնից ոչ մեկի կյանքին վնաս չպիտի հասնի։ Քանի որ այս գիշեր ինձ երևաց հրեշտակը այն Աստծու, որին ես պատկանում եմ և պաշտում եմ, և ասաց. "Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու պետք է կայսեր առաջ կանգնես, և ահա բոլոր նրանց, ովքեր քեզ հետ նավարկում են, Աստված քեզ է շնորհել"։ Դրա համար քաջալերվե՛ք, մարդի՛կ, որովհետև հավատում եմ Աստծուն, որ կլինի այնպես, ինչպես որ ինձ ասվեց։ Սակայն պետք է մի կղզի ընկնենք»։