Գործք Առաքելոց 27:1-12

Գործք Առաքելոց 27:1-12 ՆՎԱԱ

Երբ որոշվեց՝ դեպի Իտալիա նավարկենք, Պողոսին ու մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից Հուլիոս անունով մի հարյուրապետի։ Նստելով ադրամինտական մի նավ, որ Ասիայի կողմերն էր գնալու, ճանապարհ ընկանք։ Մեզ հետ էր նաև Արիստարքոս Մակեդոնացին Թեսաղոնիկեից։ Հաջորդ օրն իջանք Սիդովն, և Հուլիոսը, Պողոսի նկատմամբ մարդասիրություն ցուցաբերելով, թույլ տվեց նրան բարեկամների մոտ գնալ՝ խնամք ստանալու։ Այդտեղից նավարկելով՝ գնացինք Կիպրոսի ներքևի կողմով՝ քամու հակառակ ուղղությամբ փչելու պատճառով։ Ապա նավարկելով Կիլիկիան և Պամփյուլիան ողողող ծովով՝ իջանք Լիկիայի Միռա քաղաքը։ Այնտեղ հարյուրապետը, գտնելով Ալեքսանդրիայի մի նավ, որ Իտալիա էր գնում, մեզ այնտեղ նստեցրեց։ Բազում օրեր դանդաղ նավարկելով՝ հազիվ հասանք Կնիդոսի կողմերը։ Քանի որ քամին մեր հակառակ կողմից էր, Կրետեի ներքևով նավարկեցինք դեպի Սալմովնի հրվանդան։ Նրա եզերքով դժվարությամբ անցնելով՝ եկանք մի տեղ, որ «Գեղեցիկ նավահանգիստ» էր կոչվում, որի մոտ էր Լասեա քաղաքը։ Եվ քանի որ բավականաչափ ժամանակ էր անցել, նավարկելը վտանգավոր կլիներ, իսկ ծոմապահության ժամանակն էլ արդեն անցել էր, Պողոսը խրատ էր տալիս՝ ասելով նրանց. «Մարդի՛կ, տեսնում եմ, որ այս նավարկությունը նեղությամբ ու մեծ վնասով է լինելու ոչ միայն բեռի ու նավի, այլ նաև մեր կյանքի համար»։ Բայց հարյուրապետը նավապետին ու նավատիրոջն ավելի էր լսում, քան Պողոսի խոսքերին։ Քանի որ նավահանգիստը ձմեռն անցկացնելու համար անհարմար էր, մեծամասնությունը մտածեց այդտեղից հեռանալ, որպեսզի միգուցե կարողանային Փյունիկե հասնել և ձմեռել կրետացիների այդ նավահանգստում, որը դեպի հարավ-արևմուտք և դեպի ցամաք էր նայում։