Գործք Առաքելոց 22:22-30

Գործք Առաքելոց 22:22-30 ՆՎԱԱ

Մինչև այս խոսքը նրան լսում էին, բայց հետո իրենց ձայնը բարձրացրին ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև դա չպետք է ապրի»։ Եվ աղաղակելով հանում էին հագուստները, վեր գցում և փոշին օդ ցանում։ Հազարապետը հրամայեց նրան բերդ մտցնել՝ ասելով. «Ծեծելով հարցաքննե՛ք դրան, որպեսզի իմանամ, թե ի՛նչ հանցանքի համար են նրա դեմ այդպես աղաղակում»։ Երբ նրան կաշեփոկերով պինդ կապեցին, Պողոսն իր մոտ կանգնած հարյուրապետին ասաց. «Թույլատրվո՞ւմ է ձեզ ծեծել հռոմեացի և չդատված մարդուն»։ Երբ հարյուրապետը լսեց, մոտեցավ հազարապետին ու ասաց. «Ի՞նչ ես պատրաստվում անել, որովհետև այս մարդը Հռոմի քաղաքացի է»։ Հազարապետը մոտեցավ ու նրան ասաց. «Ասա՛ ինձ, դու հռոմեացի՞ ես». նա պատասխանեց. «Այո՛»։ Եվ հազարապետն ասաց. «Ես մեծ դրամագլխով եմ ստացել այս քաղաքացիությունը»։ Իսկ Պողոսն ասաց. «Ես ծնունդով իսկ քաղաքացի եմ»։ Ուստի նրանք, ովքեր հարցաքննելու էին, իսկույն հեռացան նրանից։ Հազարապետը ևս վախեցավ, երբ իմացավ, որ հռոմեացի է, որովհետև կապանքի տակ էր պահել նրան։ Հաջորդ օրը հազարապետը, ցանկանալով հրեաների ամբաստանության մասին ճշմարտությունն իմանալ, Պողոսին կապերից արձակեց և հրամայեց կանչել քահանայապետներին ու հավաքել ամբողջ ատյանը։ Իսկ Պողոսին բերեց և նրանց առաջ կանգնեցրեց։