Եվ երբ մենք Երուսաղեմ հասանք, եղբայրները մեզ ուրախությամբ ընդունեցին։ Հաջորդ օրը Պողոսը մեզ հետ Հակոբոսի մոտ գնաց. բոլոր երեցներն էլ ներկա էին։ Եվ նրանց ողջույն տալով՝ մեկ առ մեկ պատմում էր, ինչ որ Աստված հեթանոսների մեջ արեց իր ծառայությամբ։ Նրանք, լսելով, փառաբանում էին Տիրոջը և ասում էին նրան. «Եղբա՛յր, տեսնո՞ւմ ես, քանի՜ բյուր հավատացյալ հրեաներ կան. ամենքն էլ օրենքի նախանձախնդիրներ են։ Բայց քո մասին իմացել են, որ հեթանոսների մեջ եղող բոլոր հրեաներին սովորեցնում ես Մովսեսի օրենքից հրաժարվել՝ ասելով, որ իրենց երեխաներին չթլփատեն և հրեական ավանդույթները չպահեն։ Հիմա ի՞նչ կլինի. անպատճառ բազմությունը կհավաքվի, որովհետև կլսեն, որ եկել ես։ Հիմա ա՛յս արա, ինչ որ քեզ ասում ենք. մեր մեջ չորս մարդիկ կան, որոնք իրենց անձերի վրա երդում են արել։ Նրանց վերցրո՛ւ և նրանց հետ սրբվի՛ր. նրանց ծախսերը հոգա՛, որ գլուխներն ածիլեն, ու բոլորը գիտենան, թե ինչ որ քո մասին իմացել են, ճիշտ չէ, այլ որ դու էլ ես շարունակում օրենքը պահել։ Բայց այն հավատացյալ դարձած հեթանոսների վերաբերյալ մենք լուր ուղարկեցինք՝ որոշելով, որ նրանք այդպիսի բան չպահեն, այլ միայն զգուշանան կուռքին զոհվածից, արյունից, խեղդվածից և պոռնկությունից»։ Այդ ժամանակ Պողոսն այն մարդկանց վերցրեց, հաջորդ օրը նրանց հետ սրբվելուց հետո մտավ տաճար՝ սրբության օրերի ավարտվելն իմաց տալու, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի համար ընծա մատուցվի։
Եվ երբ այն յոթ օրերն ավարտվելու մոտ էին, ասիացի հրեաները նրան տաճարում տեսան. ողջ ամբոխը նրա գլխին հավաքվեց, և նրան բռնելով՝ աղաղակում էին. «Ո՛վ իսրայելացի մարդիկ, օգնեցե՜ք. սա այն մարդն է, որ ժողովրդին, օրենքին և այստեղին հակառակ՝ ամենուրեք բոլորին քարոզում է, մինչև իսկ հույների էլ է տաճար մտցրել և այս սուրբ տեղը պղծել»։ Որովհետև Տրոփիմոս Եփեսացուն առաջ նրա հետ քաղաքում տեսել էին և կարծում էին, թե Պողոսը նրան տաճար է մտցրել։ Եվ ամբողջ քաղաքը ոտքի ելավ. ժողովուրդը հավաքվեց. Պողոսին բռնելով տաճարից դուրս քաշեցին, և շուտով դռները փակվեցին։ Եվ երբ ուզում էին նրան սպանել, գնդի հազարապետին լուր հասավ, որ ամբողջ Երուսաղեմը տակնուվրա է եղել։ Նա էլ իսկույն զինվորներ ու հարյուրապետներ վերցրեց, վազեց նրանց վրա։ Նրանք էլ երբ հազարապետին ու զինվորներին տեսան, դադարեցին Պողոսին ծեծելուց։ Այդ ժամանակ հազարապետը մոտեցավ, բռնեց նրան ու հրամայեց, որ երկու շղթայով կապեն, և հարցնում էր, թե ո՛վ է և ի՛նչ է արել։ Ամբոխի մեջ ամեն մեկը մի բան էր աղաղակում։ Երբ ամբոխի շփոթից չկարողացավ ստույգն իմանալ, հրամայեց բերդ տանել նրան։ Եվ երբ աստիճաններին հասավ, պետք եղավ, որ զինվորներն ամբոխի բռնության պատճառով նրան վերցնեն բերեն, որովհետև ժողովրդի բազմությունը հետևից գնում էր՝ աղաղակելով. «Մա՛հ դրան»։