Գործք Առաքելոց 13:1-25
Գործք Առաքելոց 13:1-25 ՆՎԱԱ
Անտիոքի եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասն ու Շմավոնը, որ Նիգեր էր կոչվում, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի ընկերը, և Սողոսը։ Երբ նրանք Տիրոջը պաշտամունք էին մատուցում և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց. «Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին ու Սողոսին այն գործի համար, որին ես կանչել եմ նրանց»։ Այդ ժամանակ ծոմ պահելով ու աղոթելով՝ նրանց վրա ձեռք դրեցին և ուղարկեցին։ Նրանք, Սուրբ Հոգուց ուղարկված, Սելևկիա իջան և այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս։ Սաղամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խոսքն էին քարոզում. Հովհաննեսը նրանց օգնականն էր։ Շրջելով ամբողջ կղզին մինչև Պափոս՝ գտան մի մոգի՝ Բարիհեսու անունով հրեա սուտ մարգարեին։ Նա ընկերն էր հյուպատոս Սերգիոս Պողոսի, որն իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, Բառնաբասին ու Սողոսին իր մոտ կանչելով, ուզում էր լսել Աստծու խոսքը։ Բայց Եղիմաս մոգը (որովհետև նրա անունն այսպես է թարգմանվում) նրանց դեմ կանգնեց՝ ցանկանալով հավատից շեղել հյուպատոսին։ Սակայն Սողոսը, որ Պողոսն է, Սուրբ Հոգով լցված, նայեց նրան և ասաց. «Ո՛վ դու, ամեն նենգությամբ ու խորամանկությամբ լցված սատանայի՛ որդի, թշնամի՛ ամեն արդարության, չե՞ս դադարելու Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց։ Այժմ ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է, և կույր կլինես ու միառժամանակ արև չես տեսնի»։ Եվ իսկույն նրա վրա մեգ ու խավար իջավ, և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։ Այդ ժամանակ, երբ հյուպատոսը պատահածը տեսավ, հավատաց՝ Տիրոջ վարդապետության վրա զարմանալով։ Եվ Պողոսն ու ուղեկիցները Պափոսից դուրս ելան, եկան Պամփյուլիայի Պերգե քաղաքը։ Իսկ Հովհաննեսը, նրանցից բաժանվելով, վերադարձավ Երուսաղեմ։ Նրանք Պերգեից անցան, եկան Պիսիդիայի Անտիոք քաղաքը և շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ նստեցին։ Օրենքի ու մարգարեների ընթերցումից հետո ժողովրդապետները նրանց մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթե դուք ժողովրդի համար մխիթարանքի խոսքեր ունեք, խոսե՛ք»։ Պողոսը վեր կացավ, ձեռքով նշան արեց ու ասաց. «Ո՛վ իսրայելացիներ և դո՛ւք, որ երկնչում եք Աստծուց, լսե՛ք. այս ժողովրդի՝ Իսրայելի Աստվածն ընտրեց մեր հայրերին և Եգիպտոսի երկրում պանդխտության ժամանակ բարձրացրեց ժողովրդին ու հզոր բազկով նրանց այնտեղից դուրս բերեց։ Շուրջ քառասուն տարի անապատում կերակրեց նրանց։ Քանանի երկրում յոթ ազգերի ոչնչացնելով՝ նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց նրանց շուրջ չորս հարյուր հիսուն տարի։ Հետո նրանց դատավորներ տվեց՝ մինչև Սամուել մարգարեն։ Այնուհետև թագավոր խնդրեցին, և Աստված նրանց տվեց Կիսի որդի Սավուղին՝ Բենիամինի ցեղից, որ թագավորեց քառասուն տարի։ Ապա նրան փոխելով՝ թագավոր կարգեց Դավթին և նրա մասին վկայելով՝ ասաց. "Գտա Հեսսեի որդի Դավթին՝ իմ սրտով մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը" ։ Աստված իր խոստման համաձայն սրա սերնդից իսրայելացիների համար տվեց Հիսուս Փրկչին։ Նրա գալուստից առաջ Հովհաննեսն Իսրայելի ողջ ժողովրդին կանխավ քարոզել էր ապաշխարության մկրտությունը։ Երբ Հովհաննեսն ավարտեց իր գործը, ասաց. "Իմ մասին ի՞նչ եք կարծում. ո՞վ եմ։ Ես նա չեմ, բայց ահա ինձանից հետո գալիս է նա, որի ոտքերի կոշիկն արձակելու արժանի չեմ"։

