Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:1-14

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:1-14 ՆՎԱԱ

Դավիթը մի քիչ անցել էր բլրի գլխից, և ահա նրան դիմավորեց Մեմփիբոսթեի ծառա Սիբան՝ երկու համետված էշով, որոնց վրա բարձած էր երկու հարյուր հաց, հարյուր ողկույզ չամիչ, հարյուր շարոց թզի չիր և մի տիկ գինի։ Թագավորն ասաց Սիբային. «Այդ բաներն ինչո՞ւ ես բերել»։ Եվ Սիբան ասաց. «Էշերը թագավորի տան համար են, որ հեծնեն, հացն ու թուզը պատանիների համար են, որ ուտեն, իսկ գինին անապատում թուլացածների համար է, որ խմեն»։ Դավիթն ասաց. «Ո՞ւր է քո տիրոջ որդին»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Ահա մնացել է Երուսաղեմում, քանզի ասել է. “Իսրայելի տունն այսօր իմ հոր թագավորությունը կվերադարձնի ինձ”»։ Թագավորն ասաց Սիբային. «Ահա քեզ լինի այն ամենը, ինչ որ Մեմփիբոսթեինն է»։ Սիբան ասաց. «Շնորհակալ եմ, տե՛ր իմ թագավոր, թող շնորհ գտնեմ քո աչքի առաջ»։ Դավիթ թագավորը եկավ մինչև Բավուրիմ, և ահա այնտեղից դուրս եկավ Սավուղի ազգականներից մի մարդ՝ անունը Սեմեի՝ Գերայի որդին. դուրս գալով անիծում էր, քարեր էր գցում Դավթի վրա և Դավիթ թագավորի բոլոր ծառաների վրա, իսկ ամբողջ զորքը և բոլոր քաջ մարդիկ թագավորի աջ ու ձախ կողմերում էին։ Սեմեին իր անեծքում այսպես էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, ո՛վ արյունահեղ մարդ, ո՛վ անպետք մարդ։ Տերը քեզ վրա է դարձրել Սավուղի տան ամբողջ արյունը, որի փոխարեն դու թագավոր դարձար, և Տերը թագավորությունը տվեց քո որդի Աբիսողոմի ձեռքը. և ահա դու քո չարիքի մեջ ես, քանզի դու արյունահեղ մի մարդ ես»։ Շարուհեայի որդի Աբեսսան ասաց թագավորին. «Ինչո՞ւ է անիծում այս սատկած շունը իմ տեր թագավորին. թող գնամ և գլուխը կտրեմ»։ Բայց թագավորն ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունեք, Շարուհեայի՛ որդիներ. թող անիծի. որովհետև Տերն է ասել նրան. “Անիծի՛ր Դավթին”։ Եվ ո՞վ կասի նրան. “Ինչո՞ւ ես այդպես անում”»։ Եվ Դավիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Ահա ինձանից սերած իմ որդին իմ անձն է փնտրում, ապա էլ ո՞ւր մնաց Բենիամինի որդին. թողե՛ք նրան, որ անիծի, քանզի Տերն է ասել նրան։ Գուցե Տերը նայի իմ նեղությանը և Տերն ինձ բարիք հատուցի այսօր նրա անեծքի փոխարեն»։ Եվ Դավիթն ու իր մարդիկ գնացին ճանապարհով, իսկ Սեմեին գնում էր սարի փեշով, գնում էր նրան մոտիկ և անիծում, քարեր էր գցում նրա կողմը և հող շաղ տալիս նրա վրա։ Եվ եկավ թագավորը, ու նրա հետ եղած հոգնած ամբողջ ժողովուրդը, և հանգստացան այնտեղ։