Բ Կորնթացիներին 10:1-18

Բ Կորնթացիներին 10:1-18 ՆՎԱԱ

Ես ինքս՝ Պողոսս, խնդրում եմ ձեզ Քրիստոսի հեզությամբ ու բարեգթությամբ. ես, որ երբ դեմ առ դեմ ձեր մեջ եմ, խոնարհ եմ, իսկ երբ հեռու եմ, ձեր նկատմամբ խիստ եմ, աղաչում եմ, որ չլինի թե երբ մոտ լինեմ, խստությամբ վարվեմ կամ հանդուգն լինեմ ոմանց նկատմամբ, ովքեր կարծում են, թե մարդկային շարժառիթներով ենք վարվում։ Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում, քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Եվ պատրաստ ենք ամեն անհնազանդություն պատժելու, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Ըստ արտաքինի՞ եք նայում։ Եթե մեկն ինքն իր վրա վստահ է, որ Քրիստոսինն է, թող մտքում այս էլ խորհի, որ ինչպես ինքն է Քրիստոսինը, այնպես էլ մենք ենք Քրիստոսինը։ Որովհետև եթե ավելի պարծենամ մեր այն իշխանության համար, որ Տերը մեզ տվեց՝ ձեզ ամրապնդելու և ոչ կործանելու համար, չեմ ամաչի։ Ցույց չեմ տալիս, թե իբր վախեցնում եմ ձեզ այս նամակներով։ Որովհետև ասում են. «Նամակները ծանր են ու ազդեցիկ, իսկ մարմնավոր ներկայությունը՝ տկար, ու խոսքն էլ՝ անարժեք»։ Այդպես ասողը թող սա իմանա, որ ինչպիսին նամակների մեջ գրված խոսքով ենք հեռվից, այնպիսին էլ կլինենք գործով մոտիկից։ Մենք չենք համարձակվում մեզ համեմատել ու հավասարեցնել ոմանց, ովքեր իրենք իրենց են գովաբանում՝ չհասկանալով, որ իրենք իրենցով են չափում և իրենք իրենցով համեմատում։ Բայց մենք չափից դուրս չենք պարծենում, այլ ըստ այն կանոնի չափի, որ Աստված մեզ բաժանեց՝ հասնելու մինչև ձեզ։ Երբ ձեզ մոտ հասանք, մենք մեր չափը չէինք անցել, որովհետև ձեզ մոտ հասանք Քրիստոսի Ավետարանով։ Եվ չափից դուրս չենք պարծենում ուրիշների աշխատանքով, այլ հույս ունենք, որ ձեր հավատի աճելով մենք էլ ձեր մեջ առավել կմեծանանք մեր գործի չափով, որպեսզի ձեզանից այն կողմ էլ Ավետարանը քարոզենք՝ առանց պարծենալու ուրիշի կատարած գործերով։ «Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենա» ։ Որովհետև ոչ թե ինքն իրեն գովաբանողն է ընտրյալը, այլ նա, որին Տերն է գովում։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում