Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:1-12

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:1-12 ՆՎԱԱ

Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավը, նրան խրթին հարցերով փորձելու համար եկավ Երուսաղեմ շատ մեծ հանդիսությամբ, խնկերով, բազում ոսկով և թանկարժեք քարերով ծանրաբեռնված ուղտերով։ Նա եկավ Սողոմոնի մոտ և նրա հետ խոսեց իր մտքում եղած բոլոր բաների մասին։ Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին, և որևէ գաղտնի բան չմնաց, որ նա չմեկնաբաներ նրա համար։ Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի իմաստությունը, նրա կառուցած տունը, նրա սեղանի ուտելիքը, նրա իշխանավորների նստելու կարգը, նրա պաշտոնյաների վեր կենալը, նրանց հագուստները, նրա մատռվակներին ու նրանց հագուստները, այն աստիճանները, որոնցով նա բարձրանում էր Տիրոջ տունը, խելքը գլխից գնաց։ Եվ ասաց թագավորին. «Ճշմարիտ է ուրեմն այն, ինչ լսել եմ իմ երկրում քո խոսքերի և իմաստության մասին։ Ես չէի հավատում նրանց խոսքերին, մինչև որ եկա և իմ աչքերով տեսա. և ահա ինձ չի պատմվել քո մեծ իմաստության կեսի մասին անգամ։ Դու գերազանց ես այն համբավից, որ ես լսել եմ։ Երանի քո այս մարդկանց և երանի քո այս ծառաներին, որոնք մշտապես կանգնած են քո առաջ և լսում են քո իմաստությունը։ Օրհնյալ լինի քո Տեր Աստվածը, որ հավանեց քեզ, որպեսզի քեզ թագավոր դնի իր աթոռի վրա քո Տեր Աստծու համար։ Որովհետև քո Աստվածը սիրեց Իսրայելին և նրան հավիտյան հաստատելու է, քեզ թագավոր դրեց նրա վրա, որ իրավունք և արդարություն գործադրես»։ Եվ նա թագավորին հարյուր քսան տաղանդ ոսկի, չափազանց շատ խունկ և թանկարժեք քարեր տվեց. այնպիսի խունկ, ինչպիսին Սաբայի թագուհին տվեց Սողոմոն թագավորին, չի եղել։ Քիրամի ծառաներն ու Սողոմոնի ծառաները ևս, որոնք Օփիրից ոսկի էին բերում, բերեցին նաև ալմուգ փայտ և թանկարժեք քարեր։ Թագավորն այդ ալմուգ փայտից Տիրոջ տան և թագավորի տան համար աստիճաններ սարքեց և երգիչների համար՝ քնարներ ու տավիղներ, որոնց նմանը դրանից առաջ չէր տեսնված Հուդայի երկրում։ Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն ամենը, ինչ նա ցանկացավ և ուզեց, բացի այն, որ նա բերել էր թագավորի համար։ Ապա նա վերադարձավ և գնաց իր երկիրը իր ծառաների հետ միասին։