Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, կրակն իջավ երկնքից, լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տունը։ Քահանաները չկարողացան մտնել Տիրոջ տունը, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։ Իսրայելի բոլոր որդիները երբ տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրա, երեսնիվայր ընկան գետին՝ սալահատակի վրա, և երկրպագեցին՝ օրհնելով Տիրոջը՝ ասելով, թե նա բարի է, և նրա ողորմությունը հավիտյան է։ Ապա թագավորն ու ամբողջ ժողովուրդը զոհեր էին մատուցում Տիրոջ առաջ։ Սողոմոն թագավորը քսաներկու հազար արջառ և հարյուր քսան հազար ոչխար զոհ մատուցեց։ Այսպես թագավորն ու ամբողջ ժողովուրդը Աստծու տան նավակատիքն արեցին։ Քահանաները կանգնած էին իրենց համար որոշված տեղում, և ղևտացիները նրանց դիմաց նվագում էին Տիրոջ նվագարաններով, որ Դավիթ թագավորը շինել էր Տիրոջը գովաբանելու համար, թե՝ «Հավիտյան է նրա ողորմությունը». Դավիթը նրանց միջոցով օրհներգում էր Տիրոջը։ Քահանաները նրանց դիմաց հնչեցնում էին փողերը, և ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։ Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան առջևի գավթի մեջտեղը, որովհետև այնտեղ մատուցեց ողջակեզներն ու խաղաղության զոհերի ճարպը, որովհետև պղնձե զոհասեղանը, որ Սողոմոնը շինել էր, չէր կարող պարունակել ողջակեզները, հացի ընծաներն ու ճարպը։ Այդ ժամանակ Սողոմոնն ու նրա հետ ամբողջ Իսրայելը շատ մեծ բազմությամբ յոթ օր տոն կատարեցին Եմաթից մինչև Եգիպտոսի հեղեղատը։ Ութերորդ օրը մեծ ժողով արեցին, որովհետև յոթ օր զոհասեղանի նավակատիքն արեցին և յոթ օր էլ՝ տոնը։ Յոթերորդ ամսի քսաներեքերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին իրենց վրանները՝ ուրախացած և զվարթ սրտով այն բարիքների համար, որ Տերն արել էր Դավթին, Սողոմոնին և Իսրայելի իր ժողովրդին։ Այսպես Սողոմոնն ավարտեց Տիրոջ տան և թագավորի տան կառուցումը, և ամեն ինչ, որ Սողոմոնի սիրտը կամեցել էր անել Տիրոջ տանն ու թագավորի տանը, հաջողությամբ կատարվեցին։
Կարդալ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:1-11
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր