Ա Տիմոթեոսին 3:1-16

Ա Տիմոթեոսին 3:1-16 ՆՎԱԱ

Հավաստի է այս խոսքը. եթե մեկը եպիսկոպոսության է ձգտում, բարի գործ է ցանկանում։ Արդ եպիսկոպոսը պետք է անթերի լինի, մեկ կնոջ ամուսին, ողջամիտ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանող, ո՛չ գինեմոլ, ո՛չ ծեծող, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ արծաթասեր. որ իր տանը լավ վերակացու լինի, որ ամենայն պարկեշտությամբ հնազանդ զավակներ ունենա (բայց եթե մեկն իր տանը վերակացու լինել չիմանա, նա ինչպե՞ս է հոգալու Աստծու եկեղեցուն)։ Թող նորադարձ չլինի, որպեսզի հպարտությունից չկուրանա ու սատանայի պես դատապարտության մեջ չընկնի։ Բայց նա պետք է եկեղեցուց դուրս ևս բարի վկայություն ունենա, որ նախատինքի և սատանայի որոգայթի մեջ չընկնի։ Նույն կերպ էլ սարկավագները պետք է պարկեշտ լինեն, ո՛չ երկերեսանի, ո՛չ գինեմոլ, ո՛չ շահամոլ, այլ հավատի խորհուրդը մաքուր խղճով պահող։ Սրանք ևս նախ թող փորձվեն, ապա եթե անթերի լինեն, ծառայության անցնեն։ Նույն կերպ էլ նրանց կանայք պետք է լինեն պարկեշտ, ոչ չարախոս, ողջամիտ, ամեն ինչում հավատարիմ։ Սարկավագները պետք է լինեն մեկ կնոջ ամուսին, իրենց զավակներին ու իրենց ընտանիքներին լավ վերակացու։ Որովհետև ծառայությունը լավ կատարողներն իրենց համար պատվավոր աստիճան են ձեռք բերում և մեծ համարձակություն հավատի մեջ, որ Քրիստոս Հիսուսով է։ Այս բաները գրում եմ քեզ՝ հուսալով, որ շուտով քեզ մոտ կգամ։ Իսկ եթե ուշանամ, որպեսզի իմանաս, թե ինչպե՛ս պետք է վարվել Աստծու տան մեջ, որը կենդանի Աստծու եկեղեցին է, սյունը և հաստատությունը ճշմարտության։ Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում