Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:1-21

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:1-21 ՆՎԱԱ

Եվ մանուկ Սամուելը Տիրոջը ծառայություն էր անում Հեղիի առջև։ Այդ օրերին Տիրոջ խոսքը հազվագյուտ էր, և հայտնի տեսիլք չկար։ Եվ եղավ, որ Հեղին այդ ժամանակ պառկած էր իր տեղը. նրա աչքերը սկսել էին տկարանալ, և նա չէր կարողանում տեսնել։ Եվ Աստծու կանթեղը տակավին չէր հանգել, ու Սամուելը քնել էր Տիրոջ տաճարում, որտեղ Աստծու տապանակն էր։ Եվ Տերը կանչեց Սամուելին, և նա ասաց. «Ահա ես»։ Եվ Հեղիի մոտ վազելով՝ ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ Նա վերադարձավ ու պառկեց։ Եվ Տերը նորից կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ Սամուելը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ և ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կս, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ Սամուելը դեռևս Տիրոջը չէր ճանաչում, և Տիրոջ խոսքը դեռ չէր հայտնվել նրան։ Եվ երրորդ անգամ դարձյալ Տերը կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ նա վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։ Ուստի Հեղին Սամուելին ասաց. «Գնա պառկի՛ր, և եթե քեզ կանչի, ասա՛. “Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է”»։ Եվ Սամուելը գնաց, պառկեց իր տեղը։ Եվ Տերը եկավ, կանգնեց ու նախորդ անգամների պես կանչեց. «Սամուե՜լ, Սամուե՜լ»։ Եվ Սամուելն ասաց. «Խոսի՛ր, Տե՛ր, որովհետև քո ծառան լսում է»։ Այդ ժամանակ Տերը Սամուելին ասաց. «Ահա ես Իսրայելի մեջ մի այնպիսի բան պիտի անեմ, որ նրան բոլոր լսողների ականջները պիտի զնգան։ Այդ օրը Հեղիի նկատմամբ կկատարեմ այն ամենը, ինչ նրա տան մասին ասել եմ. կսկսեմ և կվերջացնեմ։ Եվ հայտնել եմ իրեն, որ նրա տունը հավիտյան պիտի դատեմ. գիտեր այն անօրենությունը, որ նրա որդիներն իրենց վրա անեծք են բերում, և ինքը չհանդիմանեց նրանց։ Դրա համար էլ ես երդվեցի Հեղիի տան համար, որ Հեղիի տան անօրենությանը զոհերով և ընծաներով քավություն չլինի հավիտյան»։ Եվ Սամուելը քնեց մինչև առավոտ և հետո բացեց Տիրոջ տան դռները։ Սամուելը վախեցավ այդ տեսիլքը Հեղիին պատմելուց։ Բայց Հեղին կանչեց Սամուելին և ասաց. «Սամուե՛լ, որդյա՛կս»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։ Եվ Հեղին ասաց. «Ի՞նչ խոսք էր, որ նա քեզ ասաց. մի՛ ծածկիր ինձանից։ Թող Աստված քեզ այսպես և սրանից ավելին անի, եթե ինձանից մի խոսք ծածկես այն բոլոր խոսքերից, որ նա խոսել է քեզ հետ»։ Եվ Սամուելն ամեն ինչ պատմեց նրան. նրանից չթաքցրեց։ Եվ Հեղին ասաց. «Նա Տերն է, թող անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։ Սամուելը մեծացավ, և Տերը նրա հետ էր, ու նրա բոլոր խոսքերից ոչ մեկը գետին չգցեց։ Եվ Դանից մինչև Բերսաբեե ամբողջ Իսրայելն իմացավ, որ Սամուելը Տիրոջ համար հաստատվել է որպես մարգարե։ Տերը դարձյալ երևաց Սելովում, որովհետև Տերը Սամուելին Սելովում հայտնվում էր Տիրոջ խոսքով։ Եվ ամբողջ Իսրայելի մեջ տարածվում էր Սամուելի խոսքը։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում