Եվ մանուկ Սամուելը Տիրոջը ծառայություն էր անում Հեղիի առջև։ Այդ օրերին Տիրոջ խոսքը հազվագյուտ էր, և հայտնի տեսիլք չկար։ Եվ եղավ, որ Հեղին այդ ժամանակ պառկած էր իր տեղը. նրա աչքերը սկսել էին տկարանալ, և նա չէր կարողանում տեսնել։ Եվ Աստծու կանթեղը տակավին չէր հանգել, ու Սամուելը քնել էր Տիրոջ տաճարում, որտեղ Աստծու տապանակն էր։ Եվ Տերը կանչեց Սամուելին, և նա ասաց. «Ահա ես»։ Եվ Հեղիի մոտ վազելով՝ ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ Նա վերադարձավ ու պառկեց։ Եվ Տերը նորից կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ Սամուելը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ և ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կս, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ Սամուելը դեռևս Տիրոջը չէր ճանաչում, և Տիրոջ խոսքը դեռ չէր հայտնվել նրան։ Եվ երրորդ անգամ դարձյալ Տերը կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ նա վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։ Ուստի Հեղին Սամուելին ասաց. «Գնա պառկի՛ր, և եթե քեզ կանչի, ասա՛. “Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է”»։ Եվ Սամուելը գնաց, պառկեց իր տեղը։ Եվ Տերը եկավ, կանգնեց ու նախորդ անգամների պես կանչեց. «Սամուե՜լ, Սամուե՜լ»։ Եվ Սամուելն ասաց. «Խոսի՛ր, Տե՛ր, որովհետև քո ծառան լսում է»։