Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:1-36

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:1-36 ՆՎԱԱ

Աննան աղոթեց և ասաց. «Իմ սիրտն ուրախացավ Տիրոջով, Տիրոջով բարձրացավ իմ եղջյուրը, Բերանս հոխորտաց իմ թշնամիների դեմ, Քանզի քո փրկությամբ ուրախացա։ Տիրոջ նման սուրբ չկա, Քանզի քեզանից բացի ուրիշ մեկը չկա, Եվ վեմ չկա մեր Աստծու նման։ Այլևս հպարտությամբ մի՛ պարծենաք, Թող մեծախոսություն դուրս չգա ձեր բերանից, Քանզի Տերն է գիտությունների Աստվածը, Եվ նա է կշռում գործերը։ Կոտրվեցին զորավորների աղեղները, Իսկ տկարները ուժ առան։ Կուշտերը վարձկան դարձան հացի համար, Իսկ սովածները դադարեցին սովելուց, Քանզի ամուլը յոթ զավակ ծնեց, Իսկ շատ զավակ ունեցողը տկարացավ։ Տերն է մեռցնողը և կենդանացնողը, Գերեզման իջեցնողը և վեր հանողը։ Տերն է թե՛ աղքատացնողը և թե՛ հարստացնողը, Թե՛ ցածրացնողը և թե՛ բարձրացնողը։ Նա է աղքատին կանգնեցնում փոշուց Եվ կարոտյալին բարձրացնում աղբից, Որ իշխանների հետ նստեցնի Եվ փառքի աթոռը ժառանգել տա նրանց, Քանզի Տիրոջն են երկրի հիմքերը, Եվ նրանց վրա է նա աշխարհը հաստատել։ Նա է պահում իր սրբերի ոտքերը, Բայց չարագործները պիտի կործանվեն մթի մեջ, Քանզի ուժով չէ, որ հաղթում է մարդը։ Տիրոջ հակառակորդները կկործանվեն, Նա երկնքից կորոտա նրանց, Տերը կդատի երկրիս ծագերը, Եվ ուժ կտա իր թագավորին, Եվ կբարձրացնի իր օծյալի եղջյուրը»։ Եվ Եղկանան գնաց Ռամա՝ իր տունը, իսկ մանուկը Հեղի քահանայի առաջ ծառայում էր Տիրոջը։ Հեղիի որդիները չար մարդիկ էին և չէին ճանաչում Տիրոջը։ Եվ ժողովրդի նկատմամբ քահանաների պարտականությունն էր, որ երբ մեկը զոհ էր մատուցում, միսը եփելիս գալիս էր քահանայի սպասավորը՝ եռաժանի մսահանը ձեռքին, և այն կոխում էր տապակի, կաթսայի, սանի կամ պտուկի մեջ, և ինչ որ մսահանը հաներ, այն էլ քահանան վերցնում էր իր համար։ Նրանք այսպես էին վարվում Սելովում՝ այնտեղ եկող բոլոր իսրայելացիների հետ։ Նաև ճարպն այրելուց առաջ քահանայի սպասավորը գալիս էր և զոհ մատուցող մարդուն ասում. «Խորովելու մի՛ս տուր քահանայի համար, որովհետև նա քեզնից եփած միս չի վերցնի, այլ հո՛ւմը տուր»։ Եվ եթե այդ մարդն ասեր, թե՝ «Թող հիմա ճարպն այրեն, և հետո սրտիդ ուզածի չափ վերցրո՛ւ», այն ժամանակ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, թե չէ բռնի կվերցնեմ»։ Եվ այդ երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջ, որովհետև այդ մարդիկ արհամարհում էին Տիրոջ զոհը։ Եվ մանուկ Սամուելը, քաթանե եփուդ հագած, ծառայություն էր անում Տիրոջ առաջ։ Եվ նրա մայրը ամեն տարի փոքր պատմուճան էր պատրաստում նրա համար ու բերում նրա համար, երբ իր ամուսնու հետ գալիս էր տարեկան զոհը մատուցելու։ Եվ Հեղին, օրհնելով Եղկանային ու նրա կնոջը, ասաց. «Թող Տերը քեզ զավակներ տա այս կնոջից՝ Տիրոջը փոխ տվածի դիմաց»։ Եվ նրանք վերադարձան իրենց տեղը։ Եվ Տերն այցելեց Աննային. նա հղիացավ և երեք տղա ու երկու աղջիկ ծնեց. մանուկ Սամուելն էլ մեծացավ Տիրոջ առաջ։ Այն ժամանակ Հեղին շատ էր ծերացել. և լսում էր այն ամենը, ինչ անում էին իր որդիները ամբողջ Իսրայելին, և թե ինչպես նրանք պառկում էին վկայության խորանի մուտքի առաջ ծառայող կանանց հետ։ Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդպիսի բաներ անում, որ ես ամբողջ ժողովրդից չար խոսքեր եմ լսում ձեր մասին։ Չէ՛, որդինե՛րս, ես բարի լուր չեմ լսում ձեր մասին, դուք մոլորեցնում եք Տիրոջ ժողովրդին։ Եթե մարդ մարդու դեմ մեղք է գործում, Աստված կանի նրա դատաստանը, բայց եթե մարդ մեղք գործի Տիրոջ դեմ, ո՞վ աղաչանք կանի նրա համար»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքը, որովհետև Տերն ուզում էր նրանց մահվան մատնել։ Եվ Սամուել մանուկը մեծանում էր օրեցօր և հաճելի էր թե՛ Տիրոջը և թե՛ մարդկանց։ Եվ Աստծու մի մարդ եկավ Հեղիի մոտ ու նրան ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես հայտնապես երևացի քո հոր տանը, երբ նրանք Եգիպտոսում փարավոնի տանը ծառա էին, և Իսրայելի բոլոր ցեղերից նրան ինձ համար քահանա ընտրեցի, որպեսզի նա բարձրանա իմ զոհասեղանի վրա, խունկ ծխի և եփուդ հագնի իմ առաջ, և Իսրայելի որդիների՝ կրակով այրված բոլոր զոհերը տվեցի քո հոր տանը։ Ինչո՞ւ եք անարգում իմ զոհերն ու ընծաները, որ ես պատվիրեցի իմ տան համար, և քո որդիներին ինձնից ավելի ես պատվում, և ձեզ գիրացնում եք իմ ժողովրդի՝ Իսրայելի ընտիր ընծաներով”։ Սրա համար Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես իսկապես ասել էի, որ քո տունը և քո հոր տունը պիտի հավիտյան ծառայեն իմ առաջ”, բայց հիմա Տերն ասում է. “Քա՛վ լիցի, որովհետև ես կփառավորեմ ինձ փառավորողներին, և ինձ արհամարհողները կանարգվեն։ Ահա օրեր կգան, երբ ես կկտրեմ քո բազուկը և քո հոր տան բազուկը, որպեսզի ծեր չլինի քո տան մեջ։ Եվ դու դժբախտություն կտեսնես տան մեջ, մինչդեռ Իսրայելը կվայելի ամեն տեսակ բարություն, և քո տան մեջ բնավ ծեր չի լինի։ Բայց քո սերնդի ամեն մարդու չեմ կտրի իմ սեղանից. քո աչքերը նվաղեցնելու և քո սիրտը վշտացնելու համար պիտի մնա, իսկ քո տան բոլոր երիտասարդները չափահաս պիտի մեռնեն։ Եվ թող սա քեզ նշան լինի, որ պիտի գա քո երկու որդիների՝ Ոփնիի և Փենեհեսի վրա. երկուսն էլ պիտի մեռնեն մեկ օրում։ Եվ ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ կհանեմ, որ կատարի իմ սրտում ու հոգում եղածը, և նրա համար հաստատուն մի տուն կշինեմ, և նա միշտ կծառայի իմ օծյալի առաջ։ Եվ քո տանից ով որ մնա, մի կտոր արծաթի համար և մի նկանակ հացի համար կգա նրան երկրպագելու և կասի. "Աղաչում եմ, ինձ քահանայական մի պաշտոնի՛ դիր, որ մի պատառ հաց ուտեմ"”»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում