Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:1-13

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:1-13 ՆՎԱԱ

Եվ Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պիտի Սավուղի համար սուգ անես, որովհետև ես մերժեցի նրան, որ նա չթագավորի Իսրայելի վրա։ Եղջյուրդ լցրո՛ւ յուղով և ե՛կ քեզ ուղարկեմ բեթլեհեմացի Հեսսեի մոտ, որովհետև նրա որդիներից մեկին ինձ համար թագավոր տեսա»։ Սամուելն ասաց. «Ինչպե՞ս գնամ. եթե Սավուղը լսի, ինձ կսպանի»։ Եվ Տերն ասաց. «Հետդ մի երի՛նջ վերցրու և ասա՛, թե՝ “Եկել եմ Տիրոջը զոհաբերություն անելու”։ Եվ Հեսսեին է՛լ հրավիրիր զոհաբերության, իսկ ես քեզ կհասկացնեմ, թե ի՛նչ ես անելու. ինձ համար թագավոր պիտի օծես նրան, որին քեզ կասեմ»։ Սամուելն արեց Տիրոջ ասածը և գնաց Բեթլեհեմ։ Քաղաքի ծերերը դողալով դիմավորեցին նրան և ասացին. «Խաղաղությա՞մբ է գալդ»։ Եվ նա ասաց. «Խաղաղությամբ է, եկել եմ Տիրոջը զոհաբերություն անելու։ Սրբվեցե՛ք և ինձ հետ եկե՛ք զոհաբերության». և Հեսսեին ու նրա որդիներին սրբվել տվեց և նրանց հրավիրեց զոհաբերության։ Եվ երբ նրանք եկան, Եղիաբին տեսնելուն պես ասաց. «Ահա Տիրոջ օծյալը իր առջև է»։ Բայց Տերը Սամուելին ասաց. «Մի՛ նայիր նրա տեսքին ու բարձր հասակին, քանզի ես մերժեցի նրան, որովհետև Տերը մարդու պես չի նայում. մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում»։ Հետո Հեսսեն կանչեց Աբինադաբին և նրան անցկացրեց Սամուելի առջևով. և Սամուելն ասաց. «Տերը սրան էլ չի ընտրել»։ Եվ Հեսսեն անցկացրեց Սամաային, և Սամուելն ասաց. «Տերը սրան էլ չի ընտրել»։ Եվ Հեսսեն Սամուելի առջևով անցկացրեց իր յոթ որդիներին, և Սամուելը Հեսսեին ասաց. «Տերը սրանցից ոչ մեկին չընտրեց»։ Եվ Սամուելը Հեսսեին ասաց. «Սրա՞նք են քո բոլոր տղաները»։ Եվ Հեսսեն ասաց. «Տակավին մնացել է կրտսերը. նա հիմա ոչխարներն է արածեցնում»։ Եվ Սամուելը Հեսսեին ասաց. «Մա՛րդ ուղարկիր և բերե՛լ տուր նրան, որովհետև մենք սեղան չպիտի նստենք, մինչև նա այստեղ չգա»։ Եվ նա մարդ ուղարկեց ու բերել տվեց նրան. նա շիկահեր էր, գեղեցիկ աչքերով և դեմքով էլ գեղեցիկ։ Այն ժամանակ Տերն ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր դրան, որովհետև սա է»։ Սամուելը վերցրեց յուղի եղջյուրը և օծեց նրան իր եղբայրների մեջ, և այդ օրից հետո Տիրոջ Հոգին զորավոր կերպով իջավ Դավթի վրա. և Սամուելը վեր կացավ ու գնաց Ռամա։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում