Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:17-27

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:17-27 ՆՎԱԱ

Եվ Սամուելը ժողովրդին հավաքեց Մասփայում, Տիրոջ առաջ և Իսրայելի որդիներին ասաց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես Իսրայելին հանեցի Եգիպտոսից և ձեզ ազատեցի եգիպտացիների ձեռքից ու ձեզ նեղություն տվող բոլոր թագավորների ձեռքից”, բայց դուք այսօր մերժեցիք ձեր Աստծուն, որը ձեզ ազատում է ձեր կրած բոլոր չարիքներից ու նեղություններից, և նրան ասացիք. “Անպատճառ մեզ վրա մի թագավո՛ր դիր”։ Եվ հիմա կանգնե՛ք Տիրոջ առաջ՝ ըստ ձեր ցեղերի և հազարավորների»։ Եվ Սամուելը ներկայացրեց Իսրայելի բոլոր ցեղերին, և վիճակն ընկավ Բենիամինի ցեղին։ Եվ Բենիամինի ցեղը ներկայացրեց իր ազգատոհմերով, և վիճակն ընկավ Մատրիի ազգատոհմին, և վիճակն ընկավ Կիսի որդուն՝ Սավուղին, և նրան փնտրեցին, բայց չգտնվեց։ Եվ դարձյալ հարցրին Տիրոջը, թե՝ «Արդյոք այդ մարդը կգա՞ այստեղ», և Տերն ասաց. «Ահա նա թաքնվել է կարասիների մեջ»։ Եվ վազեցին ու այնտեղից վերցրին նրան. երբ նա կանգնեց ժողովրդի մեջտեղը, իր ուսերից վեր բարձր էր ամբողջ ժողովրդից։ Եվ Սամուելն ամբողջ ժողովրդին ասաց. «Տեսա՞ք, Տերն ում է ընտրել. ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա»։ Եվ ամբողջ ժողովուրդն աղաղակեց ու ասաց. «Կեցցե՜ թագավորը»։ Ապա Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորության իրավունքներն ու պարտավորությունները և գրեց գրքի մեջ ու դրեց Տիրոջ առաջ. և Սամուելն արձակեց ամբողջ ժողովրդին. ամեն մեկին՝ իր տունը։ Սավուղն էլ գնաց իր տուն՝ Գաբաա, և նրա հետ գնացին մի խումբ մարդիկ, որոնց սիրտը շարժել էր Աստված։ Բայց չար մարդիկ էլ ասացին. «Ի՞նչ է, սա՞ պիտի մեզ ազատի». և նրան անարգեցին ու նրա համար ընծա չտարան, բայց նա լռեց։