Եվ Սամուելը վերցրեց յուղի շիշը և լցրեց նրա գլխին, համբուրեց նրան ու ասաց. «Ահա Տերը քեզ իշխան օծեց իր ժառանգության վրա։ Այսօր՝ իմ մոտից գնալուց հետո, Բենիամինի երկրի սահմանի վրա՝ Սելսահի մեջ, Ռաքելի գերեզմանի մոտ, կհանդիպես երկու մարդու, և նրանք քեզ կասեն. “Գտնվել են այն էշերը, որոնց փնտրելու էիր գնացել, և ահա հայրդ, էշերի հոգսը թողած, մտածում է ձեր մասին ու ասում. "Ի՞նչ անեմ տղայիս համար"”։ Եվ երբ այնտեղից գնաս ու հասնես Թաբորի կաղնուն, այնտեղ քեզ կհանդիպեն երեք մարդ, որոնք գնում են Բեթել՝ Աստծու մոտ։ Նրանցից մեկը երեք ուլ է տանում, մեկը՝ հացի երեք նկանակ, մեկն էլ՝ մի տիկ գինի։ Նրանք կհարցնեն քո ողջությունը և քեզ երկու հաց կտան, դու էլ կվերցնես նրանց ձեռքից։ Դրանից հետո կգնաս Աստծու բլուրը, որտեղ փղշտացիների բերդապահ զորքն է, և երբ այնտեղից քաղաք մտնես, կհանդիպես բարձր տեղից քաղաք իջնող մարգարեների մի խմբի, որոնք իրենց առաջ տավիղ, թմբուկ, սրինգ ու քնար կունենան և մարգարեություն կանեն։ Եվ Տիրոջ Հոգին կիջնի քեզ վրա, ու նրանց հետ մարգարեություն կանես, և դու կփոխվես և ուրիշ մարդ կդառնաս։ Եվ երբ այս նշանները գան քեզ վրա, ձեռքիցդ եկածը կանես, որովհետև Աստված քեզ հետ է։ Եվ ինձանից առաջ կիջնես Գաղգաղա, և ահա ես քեզ մոտ պիտի իջնեմ՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար. յոթ օր կսպասես, որ ես գամ քեզ մոտ և քեզ հաղորդեմ քո անելու գործը»։
Եվ երբ նա մեջքը դարձրեց Սամուելի մոտից գնալու համար, Աստված փոխեց նրան, ուրիշ մի սիրտ տվեց. և նույն օրը այս բոլոր նշանները կատարվեցին։ Եվ երբ եկան այն բլուրը, ահա մարգարեների մի խումբ ընդառաջ եկավ նրան, և Աստծու Հոգին իջավ նրա վրա, և նրանց մեջ մարգարեություն արեց։ Եվ բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան, երբ տեսան, որ նա մարգարեների հետ մարգարեություն է անում, այդ մարդիկ իրար ասացին. «Այս ի՞նչ է եղել Կիսի որդու հետ. մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։ Եվ այնտեղի մարդկանցից մեկը պատասխանեց ու ասաց. «Հապա ո՞վ է նրանց հայրը»։ Եվ սա մի առած դարձավ նրա մասին. «Մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։ Եվ երբ դադարեց մարգարեություն անելուց, եկավ բարձր տեղը։ Եվ Սավուղի հորեղբայրը նրան և նրա ծառային ասաց. «Ո՞ւր էիք գնացել»։ Եվ Սավուղն ասաց. «Էշերը փնտրելու, բայց երբ տեսանք, որ չկան, գնացինք Սամուելի մոտ»։ Եվ Սավուղի հորեղբայրն ասաց. «Պատմի՛ր ինձ, Սամուելը ձեզ ի՞նչ ասաց»։ Եվ Սավուղն իր հորեղբորն ասաց. «Նա մեզ հստակ ասաց, որ էշերը գտնվել են»։ Բայց թագավորության մասին Սամուելի ասած խոսքը չհայտնեց նրան։