Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:1-9

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:1-9 ՆՎԱԱ

Եվ երբ Սողոմոնը շինեց ու վերջացրեց Տիրոջ տունը և թագավորի պալատը և այն ամենը, ինչ փափագում էր անել Սողոմոնը, այն ժամանակ Տերը երկրորդ անգամ երևաց Սողոմոնին, ինչպես նրան երևացել էր Գաբավոնում, և Տերն ասաց նրան. «Լսեցի իմ առաջ քո արած աղոթքն ու աղաչանքը, սրբեցի այս տունը, որ դու շինեցիր իմ անունը հավիտյան այնտեղ դնելու համար, և իմ աչքն ու իմ սիրտը պիտի այնտեղ լինեն ամեն ժամանակ։ Արդ, եթե կատարյալ սրտով և ուղղամտությամբ գնաս իմ առջևից, ինչպես գնաց քո հայր Դավիթը, և կատարես իմ բոլոր պատվիրածները քեզ և պահես իմ կանոններն ու իրավունքները, այն ժամանակ հավիտյան կհաստատեմ քո թագավորության աթոռն Իսրայելի վրա, ինչպես ասել եմ քո հայր Դավթին, թե՝ “Քեզ համար մարդ չի պակասի Իսրայելի աթոռի վրա”։ Եթե դուք կամ ձեր որդիները շեղվեք ինձ հետևելուց և չպահեք իմ պատվիրաններն ու կանոնները, որ ես դրել եմ ձեր առաջ, և գնաք ու ծառայեք ուրիշ աստվածների և երկրպագություն անեք նրանց, այն ժամանակ ես բնաջինջ կանեմ Իսրայելն այս երկրի երեսից, որ տվել եմ նրանց, և այս տունը, որ սրբեցի իմ անվան համար, կգցեմ իմ երեսից, և Իսրայելը բոլոր ազգերի մեջ ծաղր ու ծանակ կլինի։ Եվ այս բարձրադիր տան մոտով անցնող ամեն մարդ պիտի զարմանա ու սուլի և պիտի ասի. “Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկիրն ու այս տունը”։ Եվ պիտի ասեն. “Որովհետև նրանք թողեցին իրենց Տեր Աստծուն, որն իրենց հայրերին հանել էր Եգիպտոսի երկրից, և ուրիշ աստվածների հարեցին և երկրպագեցին ու ծառայեցին նրանց, դրա համար էլ Տերը նրանց վրա թափեց այս բոլոր չարիքները”»։