Եվ Ռոբովամը գնաց Սյուքեմ, որովհետև ամբողջ Իսրայելը գնացել էր Սյուքեմ՝ նրան թագավոր դարձնելու համար։ Եվ երբ այդ մասին լսեց Նաբատի որդի Հերոբովամը, որը փախել էր Սողոմոն թագավորից և տակավին Եգիպտոսում էր (Հերոբովամը մնում էր Եգիպտոսում), մարդ ուղարկեցին և նրան կանչեցին. և եկան Հերոբովամն ու Իսրայելի ամբողջ ժողովուրդը, խոսեցին Ռոբովամի հետ և ասացին. «Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը. բայց դու հիմա թեթևացրո՛ւ քո հոր դրած խիստ ծառայությունը և նրա մեզ վրա դրած ծանր լուծը, և այն ժամանակ քեզ ծառայություն կանենք»։ Եվ նա ասաց նրանց. «Գնացե՛ք և երեք օրից հետո դարձյալ եկե՛ք ինձ մոտ». և ժողովուրդը գնաց։
Եվ Ռոբովամ թագավորը խորհուրդ արեց այն ծերերի հետ, որոնք կանգնում էին իր հայր Սողոմոնի առաջ նրա կենդանության օրոք, և ասաց. «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։ Եվ նրանք այս խոսքն ասացին նրան. «Եթե դու այսօր ծառա լինես այս ժողովրդին և նրանց ծառայես, նրանց պատասխան տաս և քաղցր խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ կլինեն քո ծառաները»։ Իսկ նա մերժեց ծերերի իրեն տված խրատը և խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ և կանգնած էին իր առջև։ Եվ ասաց նրանց. «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխան տամ այս ժողովրդին, որ խոսեց ինձ հետ և ասաց. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա”»։ Եվ նրա հետ մեծացած երիտասարդները խոսեցին նրա հետ և ասացին. «Այսպե՛ս ասա այն ժողովրդին, որ խոսել է քեզ հետ և ասել. “Քո հայրը ծանրացրել է մեր լուծը, իսկ դու թեթևացրո՛ւ մեր վրայից”. այսպե՛ս խոսիր նրանց հետ. “Իմ ճկույթը հաստ է իմ հոր մեջքից։ Եվ արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ”»։
Եվ Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես խոսել էր թագավորը և ասել. «Երրորդ օրը դարձյալ ինձ մո՛տ եկեք»։ Եվ թագավորը խիստ պատասխանեց ժողովրդին և մերժեց ծերերի այն խորհուրդը, որ տվել էին նրան։ Եվ նրանց հետ խոսեց, ինչպես խորհուրդ էին տվել երիտասարդները, և ասաց. «Իմ հայրը ծանրացրել էր ձեր լուծը, ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։ Եվ թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև այդպես էր արված Տիրոջ կողմից, որպեսզի հաստատի իր այն խոսքը, որ Տերն ասել էր սիլոնացի Աքիայի միջոցով Նաբատի որդի Հերոբովամին։ Եվ երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ թագավորը չլսեց իրեն, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին և ասաց. «Մենք ի՞նչ բաժին ունենք Դավթի մոտ. և Հեսսեի որդու մոտ էլ ժառանգություն չունենք. քո վրաննե՛րը գնա, ո՛վ Իսրայել, հիմա դու հոգա՛ քո տան համար, ո՛վ Դավիթ»։ Եվ Իսրայելը գնաց իր վրանները։ Եվ Ռոբովամը թագավոր դարձավ Իսրայելի այն որդիների վրա, որ բնակվում էին Հուդայի քաղաքներում։ Եվ Ռոբովամ թագավորն ուղարկեց հարկերի տեսուչ Ադորամին, բայց ամբողջ Իսրայելը նրան քարկոծեց քարերով, և նա մեռավ. և Ռոբովամ թագավորը շտապեց, որ կառք նստի և փախչի Երուսաղեմ։ Այսպես ապստամբեց Իսրայելը Դավթի տան դեմ մինչև այսօր։