Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի՝ Տիրոջ անունով համբավի մասին, եկավ նրան խրթին հարցումներով փորձելու։ Երուսաղեմ եկավ շատ մեծ շքախմբով՝ խունկ և խիստ շատ ոսկի ու պատվական քարեր բարձած ուղտերով, և գնաց Սողոմոնի մոտ ու նրա հետ խոսեց իր սրտում եղած բոլոր բաների մասին։ Եվ Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին. թագավորի համար ոչ մի գաղտնի բան չկար, որ նա չբացատրեր նրա համար։ Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի ամբողջ իմաստությունը և նրա շինած պալատը, նրա սեղանի կերակուրը և նրա ծառաների նստելն ու նրա սպասավորների վեր կենալը, նրանց հագուստները և նրա մատռվակներին, նրա այն սանդուղքը, որով նա ելնում էր Տիրոջ տունը, էլ ուշք չմնաց նրա մեջ։ Եվ նա ասաց թագավորին. «Ճշմարիտ է եղել այն խոսքը, որ ես իմ երկրում լսել եմ քո գործերի և քո իմաստության մասին։ Բայց ես չէի հավատում այդ խոսքերին, մինչև որ եկա, և իմ աչքերը տեսան. և ահա ինձ կեսն էլ չեն պատմել. դու իմ լսած համբավից ավելի իմաստություն և հարստություն ունես։ Երանի՜ քո այս մարդկանց, քո այս ծառաներին, որոնք միշտ կանգնած են քո առջև և լսում են քո իմաստությունը։ Օրհնյա՜լ լինի քո Տեր Աստվածը, որ քեզ հավանեց՝ քեզ Իսրայելի աթոռի վրա դնելու համար. Տերը, հավիտյան սիրելով Իսրայելին, քեզ թագավոր է դրել, որ իրավունք և արդարություն անես»։ Եվ թագավորին հարյուր քսան տաղանդ ոսկի և խիստ շատ խունկ ու պատվական քարեր տվեց. և այդքան շատ խունկ, որքան Սաբայի թագուհին տվեց Սողոմոնին, այլևս չեկավ։
Եվ Քիրամի նավերը, որ Ոփիրից ոսկի էին բերում, խիստ շատ ալմուգ փայտ էլ բերեցին, ինչպես նաև պատվական քարեր։ Եվ թագավորը ալմուգ փայտերից ցանկապատներ շինեց Տիրոջ տան համար ու թագավորի պալատի համար և քնարներ ու տավիղներ՝ երգիչների համար. այդպիսի ալմուգ փայտ այլևս չբերվեց և չի տեսնվել մինչև այսօր։
Եվ Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն ամենը, ինչ նա փափագում էր և ուզեց, բացի այն ամենից, ինչ Սողոմոն թագավորն էր առատաձեռնությամբ տվել. և նա իր ծառաների հետ վերադարձավ ու գնաց իր երկիրը։