Ա Կորնթացիներին 2:1-12

Ա Կորնթացիներին 2:1-12 ՆՎԱԱ

Ես էլ, եղբայրնե՛ր, երբ ձեզ մոտ եկա, խոսքի կամ իմաստության գերազանցությամբ չեկա Աստծու վկայությունը ձեզ պատմելու։ Որովհետև մտադիր չէի ձեր մեջ մի ուրիշ բան իմանալ, բացի Հիսուս Քրիստոսից՝ խաչվածից։ Ես տկարությամբ, վախով ու մեծ դողով եղա ձեզ մոտ։ Եվ իմ խոսքն ու քարոզչությունը ոչ թե իմաստության համոզիչ խոսքերով եղան, այլ Հոգու և զորության ապացույցով, որպեսզի ձեր հավատը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծու զորությամբ։ Իմաստության մասին խոսում ենք կատարյալների հետ. իմաստություն, որը ո՛չ այս աշխարհինն է, ո՛չ էլ այս աշխարհի իշխաններինը, որոնք անհետանալու են։ Այլ խոսում ենք Աստծու խորհրդավոր և ծածուկ իմաստության մասին, որն Աստված հավիտենությունից առաջ մեր փառքի համար սահմանել էր, և որն այս աշխարհի իշխաններից ոչ ոք չճանաչեց, քանի որ եթե ճանաչած լինեին, փառքի Տիրոջը խաչը չէին հանի, այլ ինչպես գրված է. «Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար» ։ Բայց Աստված մեզ իր Հոգու միջոցով հայտնեց, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, Աստծու խորքը ևս։ Քանզի մարդկանցից ո՞վ գիտի մարդկային ներքնաշխարհը, եթե ոչ մարդու մեջ գտնվող հոգին։ Այդպես էլ Աստծու ներսը ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծու Հոգին։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին ստացանք, այլ այն Հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք Աստծու կողմից մեզ շնորհվածները։