YouVersion 標識
搜索圖示

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 7

7
Քրիստոնյայի ազատագրումն Օրենքից
1Թե չգիտե՞ք, եղբայրնե՛ր,- Օրենքին գիտակ մարդկանց եմ ասում,- որ Օրենքը տիրում է մարդուն այնքան ժամանակ, քանի դեռ նա ողջ է։ 2Ամուսնացած կինն Օրենքով կապված է իր ամուսնուն նրա կենդանության ժամանակ, իսկ եթե ամուսինը մեռնի, արձակված է ամուսնական կապից։ 3Ապա ուրեմն, քանի դեռ ամուսինը ողջ է, շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու կին դառնա։ Իսկ եթե ամուսինը մեռնի, ազատ է ամուսնական կապից և եթե ուրիշ տղամարդու կին դառնա, շնացող չի համարվի։ 4Ճիշտ նույն ձևով դուք էլ, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնի միջոցով մեռաք Օրենքի հանդեպ, որպեսզի պատկանեք ուրիշին, այսինքն՝ նրան, ով մեռելներից հարություն առավ, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։ 5Քանի որ մինչ մեղանչական բնության համաձայն էինք ապրում, մեղսալի կրքերը, որ Օրենքից էին, զորանում էին մեր անդամների մեջ՝ մեզ պտղաբեր դարձնելու մահվան համար։ 6Բայց հիմա ազատված ենք Օրենքից, որովհետև մեռանք այն բանի հանդեպ, որի գերին էինք, որպեսզի ծառայենք Հոգու նորոգությամբ և ոչ թե գրի հնությամբ։
Օրենք և մեղք
7Արդ ի՞նչ ասենք, Օրենքը մե՞ղք է։ Քա՛վ լիցի։ Բայց մեղքը չէի ճանաչի, եթե ոչ Օրենքի միջոցով, և ցանկությունը չէի ճանաչի, եթե Օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։ 8Պատվիրանը մեղքի պատճառ դարձավ, իմ մեջ ամեն տեսակ ցանկություն առաջացրեց, որովհետև առանց Օրենքի մեղքը մեռած է։
9Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց Օրենքի, բայց երբ պատվիրանն ինձ հասավ, մեղքը կյանք առավ, 10և ես մեռա։ Նույն այդ պատվիրանը, որ կյանքի համար էր, իմ մահվան պատճառ դարձավ, 11որովհետև պատվիրանը մեղքի առիթ դարձավ, խաբեց ինձ և նրանով էլ սպանեց։ 12Հետևաբար, Օրենքը սուրբ է, պատվիրանն էլ սուրբ է, արդար ու բարի։
Մարդը մեղքի իշխանության տակ
13Ուրեմն բարի՞ն ինձ մահ պատճառեց։ Քա՛վ լիցի. բայց մեղքը, որ մեղք երևալով ինձ մահ պատճառեց՝ օգտագործելով բարին, որպեսզի մեղքը չափազանց մեղավոր լինի պատվիրանի միջոցով։ 14Գիտենք, որ Օրենքը հոգևոր է. բայց ես մարմնավոր եմ՝ մեղքի տիրապետության տակ վաճառված։ 15Չեմ հասկանում այն, ինչ գործում եմ. ոչ թե անում եմ այն, ինչ ուզում եմ, այլ անում եմ այն, ինչ ատում եմ։ 16Իսկ եթե անում եմ այն, ինչ չեմ ուզում, վկայում եմ, որ Օրենքը բարի է։ 17Արդ, ես չէ, որ գործում եմ այն, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ 18Գիտեմ, որ բարի բան չի բնակվում իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ, որովհետև կամեցողություն կա իմ մեջ, բայց բարի գործադրելու կարողություն՝ ոչ։ 19Ոչ թե բարին եմ անում, որ ուզում եմ, այլ չարը, որ չեմ ուզում, այն եմ անում։ 20Իսկ եթե անում եմ այն, ինչ չեմ ուզում, այլևս ես չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ 21Եվ արդ, գտնում եմ հետևյալ օրինաչափությունը. երբ ես ուզում եմ բարին անել, ինձ չարն է ներկայանում։ 22Ինձ հաճելի է Աստծու օրենքը ներքին մարդու տեսանկյունից, 23բայց իմ անդամների մեջ ուրիշ օրենք եմ տեսնում, որ մարտնչում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է պահում մեղքի օրենքին, որ իմ անդամների մեջ է։ 24Տառապած մի մարդ եմ ես. ո՞վ կփրկի ինձ մահվան դատապարտված այս մարմնից։ 25Բայց գոհություն Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծու օրենքին, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։

醒目顯示

分享

複製

None

想要在所有設備上保存你的醒目顯示嗎? 註冊或登入