YouVersion 標識
搜索圖示

Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 9

9
Անտիոքոս թագավորի վախճանը
1Այդ ժամանակներում Անտիոքոսը անփառունակ վերադարձավ Պարսկաստանի կողմերից։ 2Նա գնացել էր Պերսեպոլիս՝ մտածելով տիրանալ տաճարի գանձերին։ Երբ դա զգացին քաղաքի զորքերը, բոլորը դեպի իրենց զենքերը դիմեցին և նրան, որ մեծ ուժգնությամբ հարձակվել էր, խայտառակ կերպով ու կորագլուխ հետ շպրտեցին։ 3Անտիոքոսը, երբ հասավ Եկբատանի կողմերը, տեղեկացավ իր զորքի հետ պատահած դեպքերի մասին։ 4Հիշելով իրեն փախուստի մատնած պարսից քաղաքի բնակիչների ըմբոստությունը, իրեն հասցրած վնասը փորձեց կորզել Երուսաղեմի բնակիչներից։ Ուստի հրամայեց կառապանին անընդհատ քշել կառքը՝ ճանապարհը շուտ անցնելու համար։ Նա չէր մտածում, որ երկինքը բարեհաճ չէր իր հանդեպ, այլ մեծամտաբար փքվում էր և ասում. «Հրեաների Երուսաղեմը անբնակ պիտի դարձնեմ»։ 5Սակայն ամենակալ Բարձրյալը՝ Իսրայելի Տեր Աստվածը, նրան պատուհասեց աներևույթ հարվածներով. նա հազիվ էր ասել այս խոսքերը, որ անասելի սուր ցավերով բռնվեցին նրա ոսկորները և տանջող խիթեր սկսվեցին որովայնում։ 6Նա իսկապես արժանի էր դրան, քանի որ բազմաթիվ ու նորանոր ինչպիսի տանջանքներ, որ նա պատճառել էր ուրիշների մարմիններին, նույնպիսի սաստիկ ցավեր պատեցին իրեն։ 7Բայց և այնպես նա իր գոռոզությունից չէր հրաժարվում, այլ եբրայեցիների վրա ավելի մեծ ամբարտավանությամբ ու բարկությամբ էր բռնկվում։ Նա ստիպեց ավելի արագ քշել կառքը և սրընթաց այդ վազքի ժամանակ էլ ընկավ կառքից։ Սոսկալի տանջանքներ պատեցին նրան, որովհետև նրա բոլոր ոսկորները ջարդվել էին։ 8Նա, որ ուզում էր ամբարտավանությամբ սաստել ծովի ալիքները, լեռան գագաթները շուռ տալ ներքև, ստորոտները բարձրացնել վերև, ի՛նքն էր գետնին տապալված, իրեն շալակած էին տանում։ Աստծու զորության բացահայտ ցուցադրումն էր դա։ 9Այդ անօրենի աչքերից վխտալով որդեր էին բխում ու թափվում դուրս։ Հիվանդության ցավերի մեջ դեռ ողջ էր, երբ մարմնի անդամները բաժանվեցին իրարից և մարմնի նեխահոտից ամբողջ բանակն սկսեց նեղվել։ 10Անտանելի նեխահոտի պատճառով ոչ ոք չէր կարողանում այս ու այն կողմ շրջել նրան, ով առաջ գոռոզամտությամբ կարծում էր, թե կարող է երկնքի աստղերը բռնել։
11Այդ պահից սկսած՝ նրա ամբարտավան խստությունն սկսեց տեղի տալ և Աստծու պատճառած տանջանքների հետևանքով ներքուստ մեղմացավ, որովհետև մարմնի ցավերը գնալով ուժեղանում էին։ 12Ինքն անգամ չէր կարող տանել իր մարմնի նեխահոտը։ Նա սկսեց այսպես խոսել. «Պետք է Տիրոջը՝ Աստծուն, հնազանդվել և մահկանացու մարմինը Աստծուն հավասար չհամարել»։ 13Աղաչում և ուխտ էր անում Նրան, ով անշուշտ չէր գթալու իրեն, 14թե սուրբ քաղաքը հիմնահատակ կործանելու և ամայի դարձնելու փոխարեն այն մարդաշատ ու ազատ կդարձնի։ 15Եբրայեցիներին, որոնց սպառնում էր չարժանացնել ո՛չ պատանքի, ո՛չ էլ թաղվելու, կանանց ու երեխաներին գազանների կեր դարձնել ու գիշատիչ թռչունների բաժին անել, այժմ խոստանում էր աթենացիներին հավասար համաքաղաքացիներ հռչակել հրովարտակով։ 16Սուրբ տաճարը, որ առաջ սպառնում էր կողոպտել, այժմ խոստանում էր զարդարել գեղեցիկ նվերներով, նախկինում տաճարի կողոպտված զարդերն ու սպասքը բազմապատիկ վերադարձնել և զոհերի համար անհրաժեշտ պիտույքները արքունիքից լրացնել։ 17Եվ այս ամենից բացի, խոստանում էր եբրայեցի դառնալ, մարդաբնակ բոլոր վայրերը շրջել ու Աստծու մեծ զորության մասին պատմել։
Անտիոքոսի հրովորտակը հրեաներին
18Երբ տեսավ, որ ցավերը ոչ մի կերպ չեն դադարում (որովհետև արդար դատաստանով էր նրա վրա պատիժ հասել Տիրոջից), և փրկության հույսն այլևս կտրեց, մեծ խոնարհությամբ հրովարտակ գրեց եբրայեցիներին՝ այսպիսի բովանդակությամբ. 19«Քաղցր եբրայեցիներին, ընկերներին, եղբայրներին ու համաքաղաքացիներին սրտագի՜ն ողջույն։ 20Ձեր շնորհիվ Աստծուց մեծ շնորհի եմ արժանացել։ 21Ծանր հիվանդության պատճառած իմ տկարության մեջ մեծ գորովանքով հիշեցի ձեզ։ Ես վերադարձա Պարսկաստանից ու ծանր հիվանդացա և մտքումս լավ համարեցի հոգ տանել հասարակության օգտի ու խաղաղության մասին։ 22Ես ապրելու հույսս չեմ կտրել, այլ հավատացած եմ, որ կազատվեմ այս ծանր հիվանդությունից։ 23Ես հետևել եմ, որ երբ հայրս երկրի վերին կողմերն#Տիգրիսից արևելք։ ասպատակության էր գնում, նշանակում էր իր փոխանորդին, 24որպեսզի, եթե մի դեպք պատահի իրեն կամ որևէ վատ լուր գա, իմանան, թե ով է նկատի առնված իր գործերը վարելու համար, և իրենց չկորցնեն։ 25Բացի այդ, նկատելով, որ մեր շրջապատում մեր թագավորության հարևան երկրները նայում են մեզ, ես իմ փոխարեն թագավոր նշանակեցի իմ որդի Անտիոքոսին, որին բազմիցս վստահել եմ ձեզնից շատերին, երբ ես գնում էի երկրի վերին կողմերը։ Ձեզ գրած այս հրովարտակի մի պատճենն էլ նրան եմ ուղարկել։ 26Արդ, աղաչում եմ ձեզ, որ հիշեք իմ կատարած բոլոր բարեգործությունների երախտիքն ու յուրաքանչյուրիդ նկատմամբ իմ տածած սերը, որպեսզի պահպանեք իմ ու իմ որդու նկատմամբ ձեր միաբանությունն ու հավատարմությունը։ 27Հաստատ համոզված եմ, որ իմ կատարած բարեգործություններին հետևելով՝ նա ավելի սիրալիր ու մարդասեր կլինի ձեր նկատմամբ»։
28Եվ Անտիոքոսը՝ այս արյունարբուն ու անօրեն հայհոյիչը, այսպես տանջվելով՝ սատկեց։ Կրելով այն սաստիկ տանջանքները, որ պատճառել էր ուրիշներին, և մեռավ օտար լեռներում։ 29Իսկ իր դայեկորդի Փիլիպպոսը, որ նրա մարմինը տարավ իր տուն, վախենալով նրա որդուց, փախավ Պտղոմեոսի մոտ՝ եգիպտացիների երկիրը։

醒目顯示

分享

複製

None

想要在所有設備上保存你的醒目顯示嗎? 註冊或登入