YouVersion 標識
搜索圖示

Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 8

8
Հուդա Մակաբեի ապստամբությունը
1Հուդա Մակաբեն և նրանք, որ նրա հետ էին, գաղտնի մտնում էին գյուղերը, քաղաքներն ու ագարակները և իրենց շուրջն էին հավաքում իրենց ցեղակիցներին։ Նրանք ներգրավում էին այն հրեաներին, որոնք հավատարիմ էին մնացել իրենց ուխտին։ Հավաքվեցին, շատացան ու բանակ կազմեցին. մոտ վեց հազար մարդ եղան։ 2Նրանք խնդրում էին Տիրոջը, որ օգնի, բարի աչքով նայի հեթանոսներից ոտնակոխ արված իր ժողովրդին, խնայի ամբարիշտների ձեռքով պղծված տաճարը, 3կարեկցի ավերման ու հիմնահատակ կործանման եզրին հասած քաղաքին, ականջ դնի թափված արյան կանչին, 4հիշի անմեղ մանուկների անիրավ ոչնչացումը և չմոռանա իր սուրբ անվանն ուղղված հայհոյությունները։
5Երբ Մակաբեն զորք հավաքեց, հեթանոսները նրան չդիմադրեցին, որովհետև մեծ Աստծու զայրույթը ողորմածության էր վերածվել։ 6Նա հարձակվեց գյուղերի ու քաղաքների վրա, հրդեհի մատնեց թշնամիների ամրոցները, նվաճելով վերադարձրեց նրանց գրաված վայրերն ու մեծամեծ հարվածներ հասցրեց նրանց, 7մանավանդ որ իրեն օգնական ու աջակից էր դարձրել գիշերը։ Նրա քաջագործությունների համբավը տարածվեց ամենուր։
Նիկանորի և Գորգիասի արշավանքը
8Երբ Փիլիպպոսը#Երուսաղեմի կառավարիչը։ տեսավ, որ այդ մարդու գործերը գնալով հաջողվում են, պատգամավորներ ուղարկեց Ստորին Ասորիքի ու Փյունիկեի սպարապետ Պտղոմեոսի մոտ՝ օգնական զորք խնդրելով։ 9Պտղոմեոսը Պատրոկլեսի որդի Նիկանորին՝ իր ավագների մեջ առաջին սիրելի մարդուն, հանձնեց ոչ պակաս, քան քառասուն հազար մարդ, որ առհասարակ բնաջնջի, երկրի վրայից վերացնի հրեա ազգը։ Նրան օգնական տվեց Գորգիաս զորավարին, որը պատերազմական գործերին քաջատեղյակ ու ըստ ամենայնի հմուտ մարդ էր։ 10Նիկանորը որոշեց հռոմեացիներին վճարվող նախկին հարկը՝ հարյուր քանքարը, լրացնել հրեա գերիների վաճառքից։ 11Նա ծովեզերքում բնակվող վաճառականներին հրամայեց գալ Հուդայի երկիր՝ մարդիկ գնելու, և խոստացավ մեկ քանքարի դիմաց նրանց տալ իննսուն մարդ։ Նա չգիտեր, որ երկնքից Ամենակալի դատաստանն է պատրաստված իր համար։
12Հուդան մարդիկ ուներ, որոնք տեղեկացրին Նիկանորի արշավանքի մասին։ 13Այդ լսելով՝ վախկոտներն այս ու այն կողմ փախան 14և ինչ որ ունեին, վաճառեցին ու սկսեցին աղոթել Ամենակալ Տիրոջը, որ իրենց փրկի անօրեն, անարժան Նիկանորի ձեռքից, որը մարդկանց չտեսած՝ արդեն իսկ սահմանել էր նրանց վաճառքի գինը։ 15Աղաչում էին, որ նրանից փրկի իրենց եթե ոչ իրենց համար, ապա գոնե իրենց հայրերի հետ կնքած ուխտի և Նրա փառավոր ու սուրբ անվան համար։ 16Բայց Մակաբեն հավաքեց իր մոտ գտնվող զորքը՝ մոտ վեց հազար հոգի, քաջալերեց նրանց, որ չվախենան Նիկանորի զորքի բազմությունից, զուր չհուսալքվեն հեթանոսների բանակի այդպիսի մեծ կուտակումից, այլ կանգնեն ու մարտնչեն քաջությամբ՝ 17նախանձախնդրությամբ հիշելով սուրբ վայրերում կատարված անարգությունները, գերված քաղաքի կրած չարչարանքներն ու նախնիների սուրբ օրենքների ոտնահարումը։ 18«Նրանք,- ասում էր նա,- հույս են դրել իրենց զենքի և իրենց հզորության վրա, իսկ մենք՝ Ամենակալ Աստծու, որը մեզ վրա եկող այդ մարդկանց և ողջ աշխարհը կարող է մի շնչում կոտորել»։ 19Նա սկսեց մեկ առ մեկ հիշեցնել նախնիների քաջագործությունները և Տիրոջ կողմից եղած օգնությունները. «Հիշե՛ք Սենեքերիմին և հարյուր ութսուն հազար մարդկանց միանգամից կոտորվելը, 20հիշե՛ք գաղատացիների դեմ հռոմեացիների պատերազմը, երբ հարյուր քսան հազար հարձակվող մարդկանց դեմ ելան վեց հազար զինվորներ և Բարձրյալի օգնությամբ հարյուր քսան հազար զինվորներին միաժամանակ կոտորեցին»։
21Այսպիսի մխիթարական, քաջալերիչ խոսքերով կռվի էր պատրաստում նրանց, որ հանուն իրենց օրենքների ու իրենց երկրի՝ հոժարաբար մարտնչեն և հերոսաբար մեռնեն։ 22Նա զորքը բաժանեց երեք գնդի և երկու գնդերի զորավար նշանակեց իր երկու եղբայրներին՝ Շմավոնին ու Հովսեփին։ 23Բացի այդ, զորքերին քաջալերելու, սրտապնդելու համար բերեցին Եզրասի գրքերը, նրանց առաջ կարդացին, ամեն մի գնդին Տիրոջ անունով զինանշաններ բաշխեց, ինքն անցավ առաջամարտիկ գնդի գլուխը և արշավելով հարձակվեց Նիկանորի վրա։ 24Ամենակալն օգնության հասավ նրանց. հարձակվեցին և թշնամու զորքից ավելի քան ինը հազար սպառազեն մարդ սպանեցին, շատերին էլ խոցոտեցին, խեղանդամ ու վիրավոր դարձրին և շրջապատեցին նրանց բանակը։ 25Ստրկավաճառների ունեցվածքն ու գանձերը առգրավեցին, իսկ Նիկանորի կենդանի մնացած զինվորներին մինչև օրը մթնելը հալածելով փախուստի մատնեցին։ 26Երբ օրը տարաժամել էր, այդտեղից շտապ վերադարձան ու չշարունակեցին հալածել նրանց, որովհետև հաջորդ օրը շաբաթ էր։ 27Հասնելով ճակատամարտի վայրը՝ նրանք հավաքեցին ընկածների զենքերը, վերցրին սպանվածների ավարը և պատրաստվեցին տոնելու շաբաթ օրը։ Նրանք օրհնաբանում, գոհություն էին մատուցում և փառաբանում Տիրոջը, որ այդ օրն իրենց փրկել էր նրանցից։ Այդ օրը Տիրոջ ողորմածության և հաղթության տոն կատարեցին։ 28Շաբաթ օրից հետո վերցված ավարից մաս հանեցին նեղյալներին, այրիներին ու որբերին, իսկ հետո մնացածն իրար միջև բաժանեցին։ 29Երբ այս բանն արեցին, բոլորը ծնկի եկած աղոթեցին ողորմած Աստծուն և աղաչեցին, որ մինչև վերջ հաշտ լինի իր ծառաների հետ։
Մակաբեի հաղթանակը Տիմոթեոսի և Բաքիդեսի դեմ
30Դրանից հետո նրանց վրա հարձակվեցին Տիմոթեոսն ու Բաքիդեսը։ Մակաբեի զորքերը հարձակվեցին, հարվածեցին ու նրանցից ավելի քան քսան հազար հոգու սպանեցին։ Բազմաթիվ բարձրադիր ամրոցներ գրավեցին քաջությամբ, նրանց բազում գանձերը, ինչքն ու ունեցվածքն ավար առան և դրանից իրենց հետ հավասար բաժին տվեցին նաև աղքատներին, որբերին ու ծերերին։ 31Նրանք հավաքեցին սպանվածների զենքերը, պահեցին հարմար տեղերում, իսկ իրենք ավարով Երուսաղեմ եկան։ 32Այդտեղ նրանք սպանեցին Տիմոթեոսի զորքի առաջնորդին, որ բազում չարիքներ էր հասցրել հրեա ազգին։ 33Հավաքեցին գավառներից եկած մարդկանց, ուրախացան և տոնեցին հաղթանակը։ Ապա բերեցին փախստական Կալիսթենեսին ու նրա հետ եղողներին, որոնք տաճարի դռներն էին հրդեհել, ու ողջ-ողջ այրեցին։ 34Իսկ ոճրագործ Նիկանորը, որ հազար վաճառական էր բերել հրեաներ գնելու համար, 35Տիրոջ հրամանով մեծ տառապանքների մեջ ընկած, փառքի հանդերձներից զրկված, նվաստանալով մուրացկան դարձած, իր զորքը կորցնելու համար մեծ սգի մատնված, փախստական դարձած՝ անտիոքացիների քաղաքն ընկավ։ 36Նա, որ խոստացել էր Երուսաղեմի բնակիչների գերությամբ ապահովել հռոմեացիներին վճարվող հարկը, իր բերանով պատմում էր, որ Աստված հայտնապես օգնում է նրանց, դրա համար էլ նրանք պատերազմից դուրս են գալիս ողջանդամ ու առանց վերք ստանալու, որովհետև նրանք հավատարմությամբ են պահպանում Նրա սահմանած օրենքները։

醒目顯示

分享

複製

None

想要在所有設備上保存你的醒目顯示嗎? 註冊或登入