YouVersion 標識
搜索圖示

Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 10

10
Երուսաղեմի տաճարի սրբագործումը
1Մակաբեն և ովքեր նրա հետ էին, Տիրոջ օգնությամբ զորացած, գերությունից ազատեցին քաղաքն ու տաճարը, 2քաղաքի մեջ այլազգիների կառուցած բագիններն ու պաշտամունքի տեղերը քանդեցին, 3տաճարը սրբագործեցին, մեկ այլ զոհասեղան շինեցին ու կայծքարերից կրակ ստանալով և այդ կրակը վերցնելով՝ երկամյա ընդմիջումից հետո ողջակիզման զոհեր մատուցեցին, ճրագներ վառեցին, խունկ ծխեցին և առաջավորաց հաց ընծայեցին։ 4Երբ դա կատարեցին, երեսի վրա գետնին ընկնելով՝ աղաչում էին Տիրոջը, որ նույն չարիքներն այլևս չկրկնվեն իրենց նկատմամբ, իսկ եթե երբևէ հանցանք գործեն, ինքը մեղմությամբ խրատի և ոչ թե հայհոյող, խուժադուժ հեթանոսների ձեռքը մատնի իրենց։ 5Արդ, այնպես պատահեց, որ այն օրը, երբ տաճարը հեթանոսների ձեռքով պղծվել էր, հենց նույն օրը վերանորոգեցին սրբարանը, այն է՝ Քասղև կոչվող ամսի քսանհինգերորդ օրը։ 6Նրանք Տաղավարահարաց տոնի նմանությամբ ութ օր ցնծությամբ և ուրախությամբ տոն կատարեցին՝ հիշելով, որ ոչ շատ ժամանակ առաջ Տաղավարահարաց տոնը լեռներում՝ քարանձավներում ու ծերպերում էին կատարում և երեների նման խոտ ճարակում ու թափառում։ 7Դրա համար թավ ծառերից գեղեցիկ ճյուղեր ու արմավի ոստեր վերցնելով՝ գոհություն մատուցեցին Նրան, որ հաջողություն էր տվել իրենց՝ սրբագործելու իր սրբավայրը։ 8Համընդհանուր քվեարկությամբ հրաման տրվեց, որ եբրայեցի ազգն այդ օրը դասի տարեկան տոների շարքը և տոնախմբի ցնծությամբ ու ուրախությամբ։
9Այսքանը Եպիփանես մականվամբ Անտիոքոսի վախճանի մասին։
10Իսկ այդ անօրեն մարդու զավակի՝ Անտիոքոս Եվպատորի մասին համառոտակի կպատմենք միայն այն, ինչ կատարվեց քաղաքներում։
Անտիոքոս Եվպատորի թագավորության սկիզբը
11Երբ Անտիոքոսը գահ բարձրացավ, Ստորին Ասորիքի ու Փյունիկեի կողմերի արքունի կառավարիչ նշանակեց Լյուսիասին։ 12Պտղոմեոսը, որին Բարձրանձն էին կոչում, եբրայեցիների հանդեպ արդարություն էր գործադրում և ջանում էր խաղաղություն պահպանել, քանի որ նրանց զրկել էին իրավունքներից և խախտել կնքված ուխտը։ 13Դրա համար էլ նրա ընկերներն Անտիոքոսի մոտ ամբաստանեցին նրան և մատնիչ էին անվանում այն բանի համար, որ նա թողել էր Ֆիլոմիտորի հրամանով իրեն հանձնված Կիպրոսը և եկել Անտիոքոսի մոտ։ Չդիմանալով իր հասցեին ասված նախատինքներին՝ նա թույն խմեց ու մեռավ։
Մակաբեի հարձակումը եդովմացիների բերդերի վրա
14Գորգիասը, դառնալով այդ կողմերի զորավար, եդովմացիներից զորք հավաքեց և հարձակումներ էր գործում հրեաների ամրոցների վրա։ 15Նրանց միացան նաև Երուսաղեմից փախուստի դիմած հեթանոսները և գնդեր կազմած հարձակվում էին իսրայելացիների վրա։ 16Իսկ նրանք, որ Մակաբեի հետ էին, աղոթեցին Աստծուն, նրա օգնությունը հայցեցին և իրե՛նք նախահարձակ եղան եդովմացիների բերդերի վրա։ 17Եկան, խմբեր կազմեցին, հարձակվեցին ու խորտակեցին բերդերը, հարվածեցին ու կոտորեցին և բոլոր իրենց ձեռքն ընկածներին սպանեցին։ 18Ոմանք էլ փախան ու եկան ապաստանեցին երկու ամուր բերդերում։ Նրանք իրենց մոտ ունեին մարտական ամեն տեսակ մեքենաներ՝ պաշարմանը դիմանալու համար։ Նրանք մեքենաները կանգնեցրին պարիսպների մոտ։ 19Մակաբեն բերդերը պաշարելու համար այնտեղ թողեց Շմավոնին, Հովսեփին, Զաքեին՝ իրենց զինվորներով, իսկ ինքը գնաց։ 20Բերդի շուրջը նստած Շմավոնի զինվորները բանագնացներ ուղարկեցին, կաշառք վերցրին, բերդերում պաշարվածներից յոթանասուն հազար սատեր արծաթ առան և թույլ տվեցին, որ նրանք դուրս գան բերդերից ու փախչեն։ 21Երբ կատարված դեպքերի մասին տեղյակ պահեցին Մակաբեին, նա հավաքեց բոլոր իշխաններին, դատապարտեց, մեղադրեց, որ արծաթով վաճառել են եղբայրներին և ազատ արձակել թշնամիներին։ 22Օրենքը խախտողներին բերեցին ու սպանեցին, իսկ իրենք արշավեցին դեպի բերդերը։ 23Եկան, պաշարեցին դրանք, և որովհետև հաջողությունը նրա կողմն էր, այդ օրն ավելի քան քսան հազար մարդ կոտորեցին։
Մակաբեի հաղթանակը Տիմոթեոսի դեմ և Գազարայի գրավումը
24Տիմոթեոսը, որ առաջ պարտություն էր կրել եբրայեցիներից, կրկին աշխուժացավ, կրկին զորք հավաքեց օտար երկրներից, ասիացիներից մեծաթիվ այրուձի ժողովեց՝ մտադրվելով գալ, սրի ուժով գերեվարել Հուդայի երկիրը։ 25Իսկ Մակաբեի հետ եղածները նրանց մոտենալու պահին պաղատանքով դիմում էին Աստծուն, գլուխներին հող էին ցանում, քուրձ հագնում, 26զոհասեղանի առաջն ընկած՝ թավալվում էին աստիճանների վրա. խնդրում էին, որ սրանից հետո նա հաշտ լինի իրենց հետ, վանի իրենց թշնամիներին, դեմ կանգնի իրենց հակառակորդներին. աղաչելով աղոթում էին, ինչպես հրահանգում էր օրենքը։ 27Երբ աղոթելը վերջացրին, բոլորը զենք վերցրին, սպառազինվեցին, պատրաստվեցին ու քաղաքից բավական հեռու գնացին։ Երբ թշնամու գնդին մոտեցան, ըստ կարգի դասավորվեցին ու ճակատ կազմեցին։ 28Երբ շառագույն արեգակն սկսեց իր ճառագայթները սփռել երկրի երեսին, երկու կողմերը բախվեցին միմյանց։ Օրը բախվողների մի կեսին ուրախության բարի նշան էր պատրաստում և ուրախալի հաղթություն նախատեսում, որովհետև երկնքի զորության փառքը և իրենց Տիրոջ օգնականությունը, լույսի պես իջնելով, անվտանգ էին պահում նրանց, իսկ մյուս կեսին բիրտ գոռոզության համար տագնապ էին պատճառում։ 29Այն պահին, երբ պատերազմի անաչառ, անողորմ ձեռքն իր գործն էր անում, երկնքից երևացին սպառազեն հինգ հեծյալներ՝ զինված ոսկե զենքերով ու ոսկե զարդերով։ Նրանք իջան թշնամու բանակի մոտ և եկան խառնվեցին եբրայեցիների գնդին։ 30Նրանք, Հուդա Մակաբեին իրենց մեջն առնելով, առաջ գնացին՝ իրենց զենք ու զրահով ծածկելով և անվնաս պահելով նրան, որովհետև տարբեր կողմերից նրա վրա եկող բոլոր նետերն ու տեգերը վանում էին և բարկությամբ լցված՝ իրենց նետերով թշնամու աչքերն էին կուրացնում։ Թշնամու ահաբեկված զորքն սկսեց իրար խառնվել։ 31Այդ օրը թշնամու բանակից քսան հազար հինգ հարյուր սպառազեն զինվոր ընկավ, 32իսկ Տիմոթեոսն ինքը մազապուրծ՝ ամբոխի հետ փախուստի դիմեց։ Նա եկավ ընկավ Գազարա անունով պարսպապատ քաղաքը, որտեղ զորավար էր Քերեասը։ 33Մակաբեն իր զորքով եկավ ու չորս օր պաշարեց բերդը։ 34Ներսում գտնվողները, ապավինելով քաղաքի ամրությանը, ծաղրում էին եբրայեցիներին, իրենց չարությունից թշնամական, անարգալից խոսքեր էին շպրտում նրանց հասցեին։ 35Երբ լուսանում էր շաբաթվա հինգերորդ օրը, եբրայական բանակից քսան ընտիր երիտասարդներ, Մակաբեի հետ զենքեր վերցնելով, բարկությամբ լի, քաջաբար հարձակվեցին քաղաքի դարպասներից մեկի վրա և ում պատահեցին դարպասի մոտ, տեղնուտեղը սպանեցին։ 36Հարձակում գործեց նաև պարիսպների շուրջը գտնվող ամբողջ զորքը։ Աղմուկ-աղաղակը հասավ քաղաք։ Պարսպապահ զինվորները, որոնք պարսպի վրա էին, թե՛ դրսից, թե՛ ներսից, տեղատարափ անձրևի պես վերևից վայր էին թափվում։ Եբրայեցիները ներս խուժեցին, բերդի աշտարակն ու քաղաքի բոլոր փայտակերտ շինությունները կրակի մատնեցին, դարպասներն ու մարտական մեքենաներն այրեցին, աչքի ընկնող ամեն ինչ խորտակեցին, հետո քաղաքի մեջ խարույկ վառեցին ու իրենց հայհոյող թշնամիներին դրա վրա այրեցին։ Նրանք կողոպտեցին քաղաքի ամբողջ հարստությունն ու ունեցվածքը և քաղաքի օրենքն ու կարգերը վերցրին իրենց ձեռքը։ 37Եկան գտան նաև Տիմոթեոսին, որ փախել, թաքնվել էր մի գբի մեջ, և նրան իր եղբայրների՝ Քերեասի ու Ապոլոփանեսի հետ նույն գբի մեջ սպանեցին։ 38Երբ այս բոլոր գործերն արեցին վերջացրին, ցնծությամբ և ուրախությամբ օրհնաբանեցին ու գոհություն հայտնեցին Տիրոջը, որ մեծ ու փառավոր հաղթանակ էր պարգևել Իսրայելին։

醒目顯示

分享

複製

None

想要在所有設備上保存你的醒目顯示嗎? 註冊或登入