Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 7
7
Յոթ եղբայրների և իրենց մոր նահատակությունը
1Մի այլ անգամ բռնեցին յոթ եղբայրների իրենց մոր հետ և թագավորի ատյան բերեցին։ Ծեծելով ու խոշտանգելով՝ ստիպում էին նրանց խոզի միս ուտել։ 2Նրանցից մեկն առաջ եկավ և ասաց. «Ի՞նչ եք ուզում հարցնել կամ ի՞նչ եք ուզում իմանալ մեզնից. մենք պատրաստ ենք մեռնել, քան թե մեր հայրերի օրենքներից հրաժարվել»։ 3Թագավորը լցվեց զայրույթով. հրամայեց տապակներ, կաթսաներ ու անիվներ տաքացնել և տանջանքի զանազան գործիքներ պատրաստել։ 4Երբ դրանք անմիջապես տաքացրին, նա հրամայեց խոսողին առաջ բերել։ Նախ կտրեցին լեզուն, գլխի կաշին շուռ տվեցին դեմքին, հետո էլ ոտքերն ու ձեռքերը ծայրատեցին իր մոր ու եղբայրների առաջ։ 5Երբ նրան խոսելու և գործելու անկարող դարձրին, հրամայեց ողջ-ողջ նստեցնել տաքացրած տապակի վրա։ Երբ ճենճերի թանձր ծուխը տապակից սկսեց բարձրանալ ու դիզվել, եղբայրներն իրենց մորն ու միմյանց սկսեցին մխիթարել ու ասել. «Քաջությամբ մեռնենք և անուն ու հոգի ժառանգենք։ 6Տերը՝ Աստված, տեսնում է, թե ինչպե՛ս ենք չարչարվում մեր այս պայքարում, և իր գթասրտությունը ցույց կտա իր ծառաների նկատմամբ, ինչպես իր օրհնության մեջ հայտնապես ասել է Մովսեսը. “Նա կարեկից կլինի իր ծառաների նկատմամբ”»։
7Երբ եղբայրներից առաջինն այսպես հրաժեշտ տվեց աշխարհին, երկրորդին բերեցին տանջանքի վայրը։ Գլխի կաշին մազերով հանդերձ շուռ տվեցին դեմքին ու հարցրին. «Խոզի միս կուտե՞ս, թե՞ ամբողջ մարմինդ մաս-մաս կտրտենք»։ 8Նա իրենց մայրենի լեզվով պատասխան տվեց ու ասաց. «Ո՛չ»։ Դրա համար սա նույնպես նույն տանջանքներին ենթարկվելով՝ վախճանվեց։ 9Շունչը փչելուց առաջ նա սկսեց խոսել ու ասաց թագավորին. «Ա՜յ գոռոզ, ինքնահավան ու ամբարտավան, թեև դու մեզ զրկում ես այս աշխարհի կյանքից, թեև մենք մեռնում ենք օրենքի համար, Նա, որ աշխարհի թագավորն է, հավիտենական կյանքում երկրորդ ծննդյան ժամանակ մեզ նորից կյանք կպարգևի»։
10Նրանից հետո երրորդին բերեցին։ Ուզում էին լեզուն բռնել, բայց նա անմիջապես հանեց այն, քաջաբար մեկնեց նաև ձեռքերը, 12այնպես որ թագավորն ինքն իսկ զարմացավ պատանու մտքի զորության ու սրտի քաջության վրա, որովհետև նա արհամարհում էր ցավերը։
13Երբ սա մահացավ, չորրորդին էլ բերելով նույն տեղը՝ նույն տանջանքներին մատնեցին։ 14Նախքան հոգին ավանդելը նա այսպես խոսեց. «Լավ է, որ մեռնում ենք մարդկանց ձեռքից, որովհետև մենք հավատում ենք մեռելների հարությանը՝ երկրորդ ծննդյանը։ Դու թեև կենդանի ես մնում, բայց հարության չես արժանանա»։
15Սրանից հետո հինգերորդին բերեցին տանջելու։ 16Նա աչքերը վեր բարձրացրեց, նայեց թագավորին, սկսեց խոսել նրա հետ ու ասաց. «Դու, որ իշխանություն ունես մարդկանց վրա, ինքդ մահկանացու լինելով, և անում ես այն, ինչ կամենում ես, չկարծես, թե ինչ-որ չարագործություններով մեր ազգը կվերացնես, կամ թե Աստված լքել է մեզ։ 17Դու շարունակի՛ր և կտեսնես, թե ինչպես նրա մեծասքանչ զորությունը չարաղետ պատուհասներով կպատժի քեզ ու քո ազգատոհմին»։
18Սրանից հետո բերեցին վեցերորդին։ Երբ մեռնելու մոտ էր, ասաց. «Դու իզուր մի՛ խաբվիր։ Այս փորձանքները մեր գլխին են գալիս մեր մեղքերի համար, որովհետև մենք ապշելու աստիճան մեղքեր ենք գործել Աստծու առաջ։ 19Սակայն դու երբեք չկարծես, թե աստվածամարտ լինելով՝ անպատիժ կմնաս»։
20Առավել բարի հիշատակի էր արժանի սքանչելի մայրը, որ թեև այսպիսի յոթ որդի էր կորցնում միաժամանակ՝ մեկ օրում, սակայն քաջությամբ էր դիմանում առ Աստված ունեցած հույսի շնորհիվ։ 21Նրանցից յուրաքանչյուրին քաջալերում, մխիթարում էր իրենց լեզվով։ Կին լինելով, բայց հանդես բերելով տղամարդուն վայել սիրտ ու միտք՝ 22քաջաբար առաջ եկավ ու ասաց. «Ես չգիտեմ, թե դուք ինչպե՛ս եք հայտնվել իմ արգանդում։ Ե՛ս չէ, որ ձեզ կյանք ու հոգի եմ պարգևել և ոչ էլ կերպարանք տվել ձեզանից յուրաքանչյուրին, ոչ էլ ձեզ սնել, հասցրել այս հասակին։ Սրանից հետո ես ոչինչ իմը չեմ համարում, 23այլ նրանը, ով աշխարհի Արարիչն է, ով ստեղծել է մարդկային ծնունդները, և ով իր գալստյան ժամանակ իր ողորմածությամբ ձեր կյանքն ու հոգին պիտի վերադարձնի ձեզ»։
24Անտիոքոսը թեև նախատինքի այս խոսքերի համար իրեն արհամարհված զգաց, բայց որովհետև դեռևս իր ձեռքին էր եղբայրներից կրտսերի կյանքը, սկսեց ոչ միայն մխիթարական խոսքեր ասել, այլև իրոք երդվում էր, թե նրան հարստություն կպարգևի, ավագության կհասցնի, երանելի կդարձնի երկրում, միայն թե հրաժարվի իր նախնիների օրենքից։ Նրան իշխանություն կտա և թագավորների բարեկամ կդարձնի։ 25Երբ թագավորը տեսավ, որ պատանին բնավ չի հնազանդվում իր խոսքերին, կանչեց մորը և խնդրեց, որ պատանուն խորհուրդ տա, որպեսզի նա փրկվի։ 26Երբ շատ ստիպեց, մայրը հանձն առավ խոսել որդու հետ։ 27Թեքվեց որդու կողմը և ծաղրելով գոռոզ ու ամբարտավան թագավորին՝ ասաց. «Գթա՛ ինձ, որդյա՛կ իմ, հիշի՛ր, որ քեզ ինն ամիս կրել եմ իմ արգանդում, երեք տարի գրկումս կրծքով կերակրել եմ քեզ և հասցրել այս հասակին։ 28Արդ, աղաչում եմ քեզ, որդյա՛կ, նայի՛ր երկնքին ու երկրին և այնտեղ ապրող արարածներին։ Հիշի՛ր, որ Աստված նրանց ստեղծել է ոչնչից։ Այդպես էլ մարդկային ցեղն է ստեղծել։ 29Մի՛ զարհուրիր այս դաժան դահճից, այլ արժանի՛ եղիր եղբայրներիդ, գերադասի՛ր մահը, քան թե աշխարհի կյանքը, որպեսզի մեծ Աստծու ողորմածությամբ քո այն եղբայրների հետ ընդունեմ քեզ»։
30Մինչ մայրն այս խրատներն էր տալիս հաստատ մտքով, պատանին սկսեց խոսել ու ասաց. «Ո՞ւմ եք սպասում, ինչո՞ւ եք ուշացնում։ Թագավորի հրամանին չեմ ենթարկվելու, այլ հնազանդվում եմ Մովսեսի միջոցով մեր հայրերին տրված օրենքներին։ 31Իսկ դու, որ ամեն տեսակ չարիքներ ես հորինել եբրայեցիների դեմ, չես փրկվի Աստծու ձեռքից, 32որովհետև եթե կշտամբելու և խրատելու համար է 33մեր կենդանի Տերը կարճ ժամանակով բարկացել մեզ վրա, ապա նորից ողորմածությամբ հաշտվելու է իր ծառաների հետ։ 34Իսկ դու, անօրե՛ն, ապստա՛մբ, պի՛ղծ, վախկո՛տ, քո սնոտի հույսերով ի զուր ես գոռոզանում Նրա ծառաների վրա։ 35Դու չես փրկվի ամենագետ, ամենակալ Աստծու դատաստանից։ 36Այժմ մեր եղբայրները, մի քիչ տանջվելով, հավիտենական կյանքի արժանացան։ 37Ես էլ իմ եղբայրների նման պատրաստ եմ շունչս ու մարմինս հայրերի օրենքի համար զոհել։ Հույսով դիմում եմ Աստծուն, որ մեր ամբողջ ազգին քավություն պարգևի, քեզ, մեծամեծ տանջանքների ենթարկելով, խոստովանել տա, որ միայն ինքն է Աստված, և նրանից բացի ուրիշ մեկը չկա, 38և իմ ու իմ եղբայրների միջոցով Նրա ողջ բարկությունն անցնի»։
39Յոթ պատանիների այսպիսի քաջասրտությունից թագավորը խիստ զայրացավ, դրա համար կրտսերին ավելի խիստ տանջանքների ենթարկեցին։ 40Նա էլ անարատությամբ ու սրբությամբ հեռացավ այս աշխարհից՝ ապավինելով Տիրոջը։
41Որդիներից հետո երանելի մայրն էլ նույն ձևով նահատակվեց։
42Զոհերի միս ուտելու և սաստիկ տանջանքների մասին բավարարվենք այսքանով։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն