YouVersion 標識
搜索圖示

Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 11

11
Լյուսիասի առաջին արշավանքը
1Քիչ ժամանակ անց արքայի հազարապետ Լյուսիասը, այդ մասին լսելով, խիստ զայրացավ ու վրեժխնդրությամբ լցվեց կատարված դեպքերի համար։ 2Նա զորք ժողովեց՝ ութսուն հազար հետևակ ու ամբողջ հեծելազորը, և նրանց իր հետ վերցնելով՝ գնաց եբրայեցիների վրա այն մտադրությամբ, որ նրանց գլխավոր քաղաքը վերածի հեթանոսների բնակավայրի, 3սրբության տաճարը մյուս մեհյանների նման հարկատու դարձնի, իսկ քահանայապետության պաշտոնը ամեն տարի աճուրդի դնի։ 4Անտեսելով Աստծու զորությունը՝ բյուրավոր հետևակ զինվորներ, հեծելազոր ու փղեր հավաքելով՝ գոռոզամտությամբ առաջ էր շարժվում։
5Երբ Հուդայի երկիր մտավ ու մոտեցավ Երուսաղեմից հինգ ասպարեզ հեռու գտնվող Բեթսուրի բերդին, տասնյակ հազարավոր զինվորներով շրջապատեց բերդը և սկսեց ճնշում գործադրել։ 6Մակաբայեցիները, իմանալով իրենց բերդի պաշարման մասին, ժողովրդի հետ ողբալով ու արտասվելով, աղաչում էին Աստծուն, որ բարի հրեշտակ առաքի իսրայելացիներին փրկելու համար։ 7Մակաբեն նախ ինքը զենք վերցրեց, զորքին հրաման տվեց սպառազինվել, կազմ ու պատրաստ լինել և իրենց անձերը վտանգի ենթարկելով՝ օգնության հասնել նեղության մեջ գտնվող եղբայրներին։ 8Այդ ժամանակ նրանք միաբան, միահամուռ սպառազինվելով, առաջ նետվեցին։ Երբ մոտենում էին Երուսաղեմ քաղաքին, նրանց առաջ եկավ իջավ ոսկե զենքերով սպառազինված, սպիտակ ձի հեծած մի մարդ։ Նա ճոճում էր նիզակը և պատրաստվում հարձակվել։ 9Բոլորը գոտեպնդված օրհնեցին ողորմած Աստծուն և այնպես քաջալերվեցին ու զորացան, որ պատրաստ էին ոչ միայն մարդկանց դեմ գնալ, այլև եթե կատաղի գազաններ հանդիպեին կամ երկաթե պարիսպներ, դրանք ևս կոտորել, կործանել ու անցնել։ 10Նրանք համարձակորեն հարձակվեցին՝ Տիրոջ ողորմածությամբ երկնային հեծյալին նիզակակից ունենալով։ 11Այդպես առյուծի նման հարձակվեցին թշնամու բանակի վրա և այնտեղ՝ նույն տեղում, հարվածեցին ու տապալեցին տասնմեկ հազար ընտիր զինվորի և հազար վեց հարյուր հեծյալի, իսկ մնացած ամբողջ զորքը փախուստի մատնեցին։ 12Նրանցից շատերը ծանր վիրավոր, տկար ու տկլոր փախան և փրկվեցին։ Լյուսիասն ինքը գլխիկոր, մազապուրծ փախավ։
Խաղաղության դաշինք հրեաների հետ
13Քանի որ անմիտ մեկը չէր, Լյուսիասը մտածեց իր պարտության մասին և գիտակցելով, որ եբրայեցիներն անհաղթելի են, քանի որ հզոր Աստված օգնում է նրանց, պատգամավորներ ուղարկեց նրանց մոտ, որպեսզի արդար պայմաններով հաշտություն կնքի։ 14Նա հանձն առավ թագավորի համաձայնությունն էլ ստանալ ու համոզել նրան, որ բարեկամանա նրանց հետ։ 15Հուդան հասարակության շահերի համար համաձայնվեց այն պայմաններին, որ Լյուսիասն առաջարկեց։ Մակաբեն հրեաների վերաբերյալ ինչ գրավոր պահանջեց Լյուսիասից, արքան շնորհեց նրանց։ 16Հրեաներին գրված նամակներն ունեին այս բովանդակությունը. «Լյուսիասը ողջունում է հրեա ժողովրդին։ 17Հովհաննեսն ու Աբեսաղոմը, որոնց դուք ուղարկել էիք մեզ մոտ, մեզ հանձնեցին ձեր նամակը և խնդրեցին այն, ինչ գրված էր դրա մեջ։ Ինչ հնարավոր էր, թույլ տվեցի և 18ինչ պետք էր ներկայացնել թագավորին, ներկայացրի, որպեսզի ձեզ գործերի վերաբերյալ արտոնություն տրվի ձեզ։ 19Եթե հոգ տանեք կատարել մեր կողմից ձեզ գրվածը, ես էլ սրանից հետո ավելի կջանամ բարիք անել ձեզ։ 20Հետագա գործերի մասին էլ պատվիրեցինք, որ խորհրդակցեն ձեզ հետ։ 21Ո՛ղջ եղեք։ Հարյուր քառասունութ թվականին, Դիոսկորինթ ամսի քսանչորսին»։
22Իսկ արքունի հրովարտակը գրված էր այսպես. «Անտիոքոս արքան ողջունում է եղբայր Լյուսիասին։ 23Հիմա որ մեր հայրն աստվածների մոտ է տեղափոխվել, կամենում ենք, որ մեր թագավորության ենթակա ժողովուրդներն առանց խռովության ապրեն, 24հատկապես հրեաները, որովհետև նրանք չընդունեցին իմ հոր՝ հեթանոսության դառնալու պահանջը և խնդրեցին, որ թույլ տանք իրենց ապրել ըստ իրենց օրենքների։ 25Քանի որ կամենում ենք, որ այս ազգը ևս առանց խռովության ապրի, հրամայում ենք տաճարը վերադարձնել իրենց և թույլ տալ, որ ապրեն ըստ իրենց նախնիների օրենքների։ 26Արդ, լավ կանես, եթե մարդ ուղարկես նրանց մոտ ու դաշինք կնքես, որպեսզի տեսնելով իրենց հանդեպ մեր տածած խնամքը՝ ուրախանան և զվարթությամբ շարունակեն ապրել ըստ իրենց օրենքների»։
27Իսկ հրեա ժողովրդին ուղղված արքունի հրովարտակն այսպես էր գրված. «Անտիոքոս արքան բարեկամաբար ողջունում է հրեաների ծերակույտին ու հրեա ժողովրդին։ 28Եթե լավ եք, մենք հենց դա էլ կամենում ենք։ Մենք ևս լավ ենք։ 29Լյուսիասը մեզ տեղեկացրեց, որ ուզում եք վերադառնալ Երուսաղեմում գտնվող ձեր եղբայրների մոտ։ 30Ուստի նրանք, ովքեր կգնան մինչև Ահեկան ամսի երեսունը, թող ունենան մեր բարեկամությունն ու 31արտոնությունը՝ առաջվա նման դավանելու իրենց կրոնն ու օրենքները, և ոչ ոք որևէ ձևով նեղություն թող չտա նրանց։ 32Մենք ուղարկում ենք Լյուսիասին ու Մենելաոսին, որ ձեզ քաջալերեն։ 33Ո՛ղջ եղեք։ Հարյուր քառասունութ թվականին, Ահեկան [Ο΄ Քսանթիկոս] ամսի տասնհինգին»։
34Հռոմեացիները նույնպես նամակ ուղարկեցին, այսպիսի բովանդակությամբ. «Կոյինդոս Մեմիոսն ու Տիտոս Մանիոսը՝ հռոմեացիների գլխավորները, ողջունում են եբրայեցի ժողովրդին։ 35Ինչ արտոնություն տվել է ձեզ թագավորի եղբայր Լյուսիասը, մենք նույնպես համաձայն ենք։ 36Բայց քանի որ ինչ որոշել է, պետք է ներկայացվի արքային, իմաստությամբ խորհելուց հետո արա՛գ ուղարկեք մեկին, որպեսզի կարողանանք ձեր օգտին առաջարկ ներկայացնել, որովհետև մենք ահա գնում ենք Անտիոք։ 37Ուստի շտապե՛ք և ուղարկե՛ք մեկին, որ մենք էլ իմանանք, թե դուք ի՛նչ եք մտածում։ 38Ո՛ղջ եղեք։ Այս դաշինքը կնքվեց հարյուր քառասունութ թվականին, Քսանթիկոս ամսին»։

醒目顯示

分享

複製

None

想要在所有設備上保存你的醒目顯示嗎? 註冊或登入