ՄԱՏԹԵՈՍ 6

6
Ողորմության մասին
1«Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առջև՝ նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է։ 2Ուստի երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առջև, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ 3Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ի՛նչ է անում քո աջ ձեռքը, 4որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես»։
Աղոթքի մասին
(Ղուկ. 11.2-4)
5«Երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում ու հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի տեսանելի դառնան մարդկանց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ 6Այլ երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։
7Երբ աղոթք անեք, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատ խոսքերի շնորհիվ լսելի կլինեն։ 8Արդ, մի՛ նմանվեք նրանց, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան դուք նրանից մի բան կխնդրեք։ 9Ուրեմն այսպե՛ս աղոթեք.
Տերունական աղոթք
Հա՛յր մեր, որ երկնքում ես,
սուրբ թող լինի քո անունը,
10քո արքայությունը թող գա,
քո կամքը թող լինի ինչպես երկնքում,
այնպես էլ երկրի վրա։
11Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։
12Ների՛ր մեզ մեր պարտքերը,
ինչպես մենք ենք ներում մեզ պարտապաններին։
13Եվ մի՛ տար մեզ փորձության,
այլ փրկի՛ր մեզ չարից.
որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։
14Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ 15Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները»։
Ծոմապահության մասին
16«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք խոժոռում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ 17Այլ դու երբ ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, 18որպեսզի չերևաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ քո Հորը՝ ծածկապես, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես»։
Ճշմարիտ գանձը
(Ղուկ. 12.33-34, 11.34-36)
19«Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերը սողոսկում և գողանում են, 20այլ ձեզ համար գանձեր դիզե՛ք երկնքում, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն փչացնում, ո՛չ էլ գողերն են սողոսկում և գողանում. 21որովհետև որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։
22Մարմնի ճրագն աչքն է. եթե քո աչքը մաքուր է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի։ 23Իսկ եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա որքան առավել կլինի խավարը»։
Աստված և մամոնա
(Ղուկ. 16.13)
24«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։
Ապավինում նախախնամությանը
(Ղուկ. 12.22-31)
25Դրա համար ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, և մարմինն ավելին է, քան հագուստը։ 26Նայե՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարուցանք են անում, ո՛չ հնձում են և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք։ 27Արդ ձեզնից ո՞վ կարող է իր կյանքի վրա մի փոքր ժամանակ ավելացնել։ 28Իսկ հագուստի համար ինչո՞ւ եք մտահոգվում։ Նայե՛ք վայրի շուշանին՝ ինչպե՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հյուսում։ 29Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն անգամ, իր ամբողջ փառքի մեջ, չհագնվեց նրանցից մեկի նման։ 30Իսկ եթե Աստված այդպես է հագցնում դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց է նետվում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։ 31Հետևաբար, մի՛ մտահոգվեք և ասեք. «Ի՞նչ պիտի ուտենք կամ ի՞նչ պիտի խմենք կամ ի՞նչ պիտի հագնենք», 32որովհետև հեթանոսներն են այդ ամենը որոնում։ Արդարև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը ձեզ հարկավոր է։ 33Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։ 34Ուրեմն մի՛ մտահոգվեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրն ունի իր մտահոգությունները։ Յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավարար են»։

Pilihan Saat Ini:

ՄԱՏԹԵՈՍ 6: ՆԷԱ

Sorotan

Bagikan

Salin

None

Ingin menyimpan sorotan di semua perangkat Anda? Daftar atau masuk