ՄԱՏԹԵՈՍ 28
28
Հիսուսի հարությունը
(Մրկ. 16.1-10, Ղուկ. 24.1-12, Հովհ. 20.1-10)
1Շաբաթ օրը՝ երեկոյան, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ 2Եվ ահա մի մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով ու մոտենալով, գերեզմանի մուտքից քարը մի կողմ գլորեց և նստեց նրա վրա։ 3Նրա տեսքը կայծակի նման էր, հագուստը՝ ձյան պես սպիտակ։ 4Նրա ահից պահապաններն այլայլվեցին և մեռելի պես դարձան։ 5Հրեշտակը դիմեց կանանց և ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ 6Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։ 7Եվ անմիջապես գնացե՛ք, ասե՛ք նրա աշակերտներին, որ հարություն առավ, և ահա ձեզնից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան։ Ահա ասացի ձեզ»։ 8Կանայք, վախով ու մեծ ուրախությամբ գերեզմանից իսկույն դուրս ելնելով, վազեցին աշակերտներին պատմելու։
Հիսուսը երևում է յուղաբեր կանանց
(Մրկ. 16.9-14, Ղուկ. 24.13-49, Հովհ. 20.11–21.24)
9Հանկարծ նրանց դիմաց ելավ Հիսուսը և ասաց. «Ողջո՜ւյն ձեզ»։ Նրանք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։ 10Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացե՛ք, ասե՛ք իմ եղբայրներին, որ Գալիլեա եմ գնում, և այնտեղ ինձ կտեսնեն»։
11Երբ նրանք գնացին, զինվորներից ոմանք եկան քաղաք և քահանայապետներին պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր։ 12Նրանք էլ, ծերերի հետ միասին հավաքվելով, խորհրդակցեցին, առատ արծաթ դրամ տվեցին զինվորներին 13և ասացին. «Կասեք, թե մինչ մենք քնած էինք, նրա աշակերտները գիշերով եկան, գողացան նրան։ 14Եվ եթե այս լուրը կառավարչի ականջին հասնի, մենք նրա սիրտը կշահենք և ձեզ հոգսից կազատենք»։ 15Զինվորները, արծաթ դրամները վերցնելով, արեցին այնպես, ինչպես իրենց սովորեցրել էին։ Եվ այս զրույցը մինչ օրս տարածված է հրեաների մեջ։
Հիսուսի վերջին պատգամը
(Մրկ. 16.15-18)
16Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ Հիսուսը ժամադրվել էր իրենց հետ։ 17Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, բայց ոմանք տարակուսանք ունեցան։ 18Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։ 19Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ 20Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Pilihan Saat Ini:
ՄԱՏԹԵՈՍ 28: ՆԷԱ
Sorotan
Bagikan
Salin

Ingin menyimpan sorotan di semua perangkat Anda? Daftar atau masuk
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն