YouVersion 標識
搜索圖示

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 22

22
Երուսաղեմում հրեաներին ուղղված Պողոսի ճառը
1«Եղբայրնե՛ր և հայրե՛ր, այժմ լսե՛ք ինձ, որ տամ իմ պաշտպանողականը»։ 2Երբ լսեցին, որ եբրայեցիների լեզվով դիմեց իրենց, առավել ևս հանդարտվեցին ու լռեցին։ 3Եվ նա ասաց. «Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոն քաղաքում, դաստիարակվել եմ այս քաղաքում՝ Գամաղիելի ոտքերի մոտ, կրթվել ըստ հայրենի օրենքի ճշմարտության։ Նախանձահույզ էի Աստծու հանդեպ, ինչպես դուք բոլորդ՝ այսօր։ 4Ես քրիստոնյաներին հալածեցի մինչև մահ՝ կապելով և բանտերի մատնելով տղամարդկանց ու կանանց, 5ինչպես ինձ վկա են քահանայապետը և ամբողջ ծերակույտը, որոնցից եղբայրներին ուղղված նամակներ առնելով՝ Դամասկոս էի գնում՝ եղբայրների մոտ՝ այնտեղից ևս կապյալներ բերելու Երուսաղեմ, որ պատժվեն։ 6Այնպես պատահեց, որ երբ գնում էի և մոտենում Դամասկոսին, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից սաստիկ լույս փայլատակեց շուրջս. 7ես գետնին ընկա ու լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. “Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ”։ 8Եվ ես պատասխանեցի. “Ո՞վ ես, Տե՛ր”։ Եվ ինձ ասաց. “Ես Նազովրեցի Հիսուսն եմ, որին դու հալածում ես”։ 9Ինձ հետ եղողները ևս լույսը տեսնում էին, բայց չէին լսում ինձ հետ խոսող այդ ձայնը։ 10Ես ասացի. “Ի՞նչ պետք է անեմ, Տե՛ր”։ Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, գնա՛ Դամասկոս, և այնտեղ քեզ կպատմվի այն ամենի մասին, որ պետք է անես”։ 11Եվ քանի որ այդ լույսի փայլի պատճառով չէի տեսնում, ինձ հետ եղողների կողմից առաջնորդվելով՝ մտա Դամասկոս։ 12Անանիա անունով մի մարդ՝ երկյուղած ըստ օրենքի և վկայված Դամասկոսում բնակվող բոլոր հրեաների կողմից, 13եկավ կանգնեց ինձ մոտ ու ասաց. “Սավո՛ւղ եղբայր, վերև՛ նայիր”։ Ես իսկույն վեր՝ նրա՛ն նայեցի։ 14Եվ նա ինձ ասաց. “Մեր հայրերի Աստվածը նախօրոք ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը, տեսնես Արդարին ու նրա բերանից լսես ձայնը, 15որպեսզի բոլոր մարդկանց մոտ նրա վկան լինես այն բաների մասին, որ տեսար ու լսեցիր։ 16Արդ, ինչո՞ւ ես հապաղում, վե՛ր կաց, մկրտվի՛ր և լվա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով”։ 17Եվ այնպես պատահեց, որ երբ վերադարձա Երուսաղեմ և տաճարում աղոթում էի, մտահափշտակության մեջ ընկա. 18տեսա նրան, որ ինձ ասում էր. “Շտապի՛ր, իսկույն հեռացի՛ր Երուսաղեմից, քանի որ իմ մասին քո վկայությունը չեն ընդունելու”։ 19Եվ ես ասացի. “Տե՛ր, իրենք իսկ գիտեն՝ ես էի, որ բանտարկել և բոլոր ժողովարաններում գանակոծել էի տալիս քեզ հավատացողներին։ 20Իսկ երբ թափվում էր քո վկայի՝ Ստեփանոսի արյունը, ես ինքս նրա մոտ էի կանգնել և համաձայն էի նրա սպանությանը, ավելին, նրան սպանողների հագուստներն էի պահում”։ 21Բայց նա ինձ ասաց. “Գնա՛, որովհետև ես քեզ պետք է ուղարկեմ հեռավոր հեթանոսների մոտ”»։
Պողոսը՝ Հռոմի քաղաքացին
22Մինչև այս խոսքը նրան ունկնդրում էին, բայց այնուհետև բարձրացրին ձայներն ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև այդպիսին չպետք է ապրի»։ 23Եվ աղաղակելով՝ հագուստները հանում գցում էին և փոշին օդ ցանում։ 24Հազարապետը հրամայեց, որ նրան զորանոց մտցնեն, և ասաց. «Ծեծելով հարցաքննե՛ք դրան, որպեսզի իմանամ, թե ի՛նչ հանցանքի համար էին նրա դեմ այդպես աղաղակ բարձրացրել»։ 25Երբ նրան թոկերով պինդ կապեցին, Պողոսն ասաց վերակացու հարյուրապետին. «Օրինավո՞ր եք համարում ծեծել հռոմեացի և չդատված մարդուն»։ 26Երբ հարյուրապետն այս լսեց, մոտեցավ հազարապետին և ասաց. «Ի՞նչ ես ուզում անել, քանի որ այս մարդը հռոմեական քաղաքացի է»։ 27Հազարապետը մոտեցավ և ասաց նրան. «Ասա՛ ինձ, դու հռոմեացի՞ ես»։ Նա ասաց՝ այո՛։ 28Հազարապետն ի պատասխան ասաց. «Ես մեծ գումարով եմ ստացել այս քաղաքացիությունը»։ Իսկ Պողոսն ասաց. «Ես ծնունդով իսկ քաղաքացի եմ»։ 29Եվ իսկույն նրանից հեռացան նրանք, որ պատրաստվում էին ծեծել նրան։ Ինքը՝ հազարապետն էլ վախեցավ, երբ իմացավ, որ հռոմեացի է, մանավանդ կապանքի տակ էր առել նրան։
Պողոսն ատյանի առաջ
30Հաջորդ առավոտ հազարապետը, կամենալով ճշմարիտն իմանալ հրեաների ամբաստանության մասին, կապերից արձակեց Պողոսին և հրամայեց կանչել քահանայապետներին ու հավաքել ամբողջ ատյանը և Պողոսին իջեցնելով՝ կանգնեցրեց նրանց առաջ։

醒目顯示

分享

複製

None

想要在所有設備上保存你的醒目顯示嗎? 註冊或登入