YouVersion 標識
搜索圖示

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21

21
Պողոսի ճանապարհորդությունը դեպի Երուսաղեմ
1Երբ մենք նրանցից բաժանվեցինք ու նավ ելանք, ուղիղ առաջ նավարկելով՝ եկանք Կոս, հաջորդ օրը՝ Ռոդոս, այնտեղից էլ՝ Պատարա։ 2Գտնելով Փյունիկե գնացող մի նավ՝ նստեցինք այն ու գնացինք։ 3Երբ Կիպրոսը երևաց, այն թողեցինք ձախ կողմում, նավարկեցինք դեպի Ասորիք և իջանք Տյուրոս, քանի որ նավն այնտեղ էր իր բեռները թափելու։ 4Գտնելով աշակերտներին՝ յոթ օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պողոսին ասում էին, որ Երուսաղեմ չբարձրանա։ 5Երբ այդ օրերը լրացան, ելանք գնացինք։ Բոլորը, կանանց և որդիների հետ, մեզ ճանապարհ դրեցին մինչև քաղաքից դուրս, և ծովեզրին, ծնկի գալով, աղոթեցինք։ 6Միմյանց հրաժեշտ տալով՝ մենք նավ ելանք, իսկ նրանք վերադարձան իրենց տեղերը։ 7Եվ նավն առաջ մղելով՝ Տյուրոսից հասանք Պտղոմայիս ու եղբայրներին ողջույն տալով՝ մեկ օր նրանց մոտ մնացինք։ 8Հաջորդ օրն այնտեղից դուրս գալով՝ եկանք Կեսարիա և մտնելով Փիլիպպոս ավետարանչի՝ յոթ սարկավագներից մեկի տունը, օթևանեցինք նրա մոտ։ 9Նա ուներ չորս կույս աղջիկներ, որոնք մարգարեուհիներ էին։ 10Եվ երբ արդեն բավական օրեր այնտեղ էինք, Հրեաստանից Ագաբոս անունով մի մարգարե իջավ։ 11Եվ մեզ մոտ գալով՝ վերցրեց Պողոսի գոտին, դրանով կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը և ասաց. «Այսպես է ասում Սուրբ Հոգին. “Այն մարդուն, որի գոտին է այս, հրեաները այսպես պիտի կապեն Երուսաղեմում և հանձնեն հեթանոսների ձեռքը”»։ 12Երբ այս լսեցինք, մենք և այնտեղ գտնվողներն աղաչեցինք, որ նա Երուսաղեմ չբարձրանա։ 13Այդ ժամանակ Պողոսը պատասխանեց. «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք լաց լինում և սիրտս ճմլում. ես Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսաղեմում ոչ միայն կապվելու, այլև մեռնելու պատրաստ եմ»։ 14Եվ երբ նա չանսաց, լռեցինք. ասացինք՝ Տիրոջ կամքը թող լինի։
15Այդ օրերից հետո պատրաստվեցինք ու Երուսաղեմ բարձրացանք։ 16Մեզ հետ եկան նաև կեսարացի մի քանի աշակերտներ, որոնք մեզ տանում էին կիպրացի ոմն Մնասովնի մոտ, որն առաջին իսկ օրերից աշակերտ էր, և որի տանն օթևանելու էինք։
Պողոսի այցը Հակոբոսին
17Երբ Երուսաղեմ մտանք, եղբայրները մեզ խնդությամբ ընդունեցին։ 18Հաջորդ օրը Պողոսը մեզ հետ Հակոբոսի մոտ մտավ. եկան նաև բոլոր երեցները։ 19Ողջունելով նրանց՝ մի առ մի պատմեց այն բաները, որ Աստված նրա ծառայության միջոցով արեց հեթանոսների մեջ։ 20Նրանք լսում էին և փառավորում Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարավոր հավատացյալ հրեաներ կան, և բոլորն էլ նախանձախնդիր են օրենքին։ 21Բայց քո մասին տեղեկացան, թե հեթանոսների մեջ գտնվող բոլոր հրեաներին Մովսեսի օրենքի դեմ ես ուսուցանում՝ ասելով, որ նրանք իրենց որդիներին չթլփատեն և կրոնի սովորույթների համաձայն չգնան։ 22Արդ, ի՞նչ պետք է լինի. հաստատապես կլսեն, որ եկել ես։ 23Ուրեմն, արա՛ այն, ինչ քեզ ասում ենք. մեզ մոտ կան իրենց անձի համար ուխտ կատարած չորս մարդիկ. 24նրանց վերցրո՛ւ և մաքրվի՛ր նրանց հետ, նրանց ծախսը հոգա՛, որ իրենց գլուխներն ածիլեն։ Ամենքը կիմանան, որ քեզ վերաբերող այն բաները, որոնց մասին իրազեկվել են, ոչինչ են, և որ դու էլ համաձայն ես օրենքը պահելուն։ 25Հավատացյալ հեթանոսների մասին մենք ուղարկել ենք մեր որոշումը, որ այդպիսի բաներ չպահեն նրանք, այլ միայն զգուշանան կուռքերին մատուցված զոհերից ու արյունից, խեղդամահ արված կենդանուց և պոռնկությունից»։ 26Այդ ժամանակ Պողոսն իր հետ վերցրեց այդ մարդկանց և հաջորդ օրը՝ նրանց հետ մաքրվելուց հետո, տաճար մտավ՝ հայտնելու մաքրման օրերի ավարտի մասին, որից հետո նրանցից յուրաքանչյուրի համար զոհ մատուցվեց։
Պողոսի ձերբակալությունը տաճարում
27Սակայն երբ յոթ օրերն ավարտվելու մոտ էին, ասիացի հրեաները, նրան տաճարի մեջ տեսնելով, նրա շուրջը հավաքեցին ամբողջ ամբոխը, և ձեռքները նրա վրա դնելով՝ 28աղաղակում էին. «Ո՛վ իսրայելացիներ, օգնե՛ք, այս մարդն է, որ ամենուր ամենքին ընդդեմ ժողովրդի և օրենքի ու այս սրբավայրի է ուսուցանում. մինչև իսկ հեթանոսներին տաճար մտցրեց և այս սուրբ տեղը պղծեց»։ 29Քանի որ նախապես քաղաքում նրա հետ տեսել էին Տրոփիմոս Եփեսացուն և կարծում էին, թե Պողոսը նրան տաճար մտցրեց։ 30Ամբողջ քաղաքը տակնուվրա եղավ, ժողովուրդը խռնվեց. բռնելով Պողոսին՝ քարշ տվեցին տաճարից դուրս, և դռներն իսկույն փակվեցին։ 31Նրան ուզում էին սպանել։ Գնդի հազարապետին լուր հասավ, թե ամբողջ Երուսաղեմը խռովվել է։ 32Իսկույն զինվորներ և հարյուրապետներ վերցնելով իր հետ՝ շարժվեց նրանց վրա։ Տեսնելով հազարապետին ու զինվորներին՝ նրանք դադարեցին Պողոսին ծեծելուց։ 33Այդ ժամանակ հազարապետը մոտենալով բռնեց նրան ու հրամայեց կապել կրկնակի շղթաներով. և հարցնում էր, թե ո՛վ է և ի՛նչ է արել։ 34Ամբոխի մեջ այլևայլ մարդիկ նրա մասին այլ բաներ էին աղաղակում։ Երբ նա ամբոխի աղմուկի պատճառով ստուգությունը չկարողացավ իմանալ, հրամայեց նրան զորանոց տանել։ 35Երբ աստիճաններին հասավ, այնպես եղավ, որ ամբոխի բռնության պատճառով զինվորները նրան բարձրացրին ու տարան, 36քանի որ ժողովրդի բազմությունը հետևից էր գնում՝ աղաղակելով՝ «Մա՛հ դրան»։
Պողոսի ինքնապաշտպանությունը
37Պողոսը ուր որ է զորանոց էր մտնելու, երբ հազարապետին հարցրեց. «Կարո՞ղ եմ խոսել քեզ հետ»։ Իսկ հազարապետը պատասխանեց. «Դու հունարե՞ն գիտես. 38չլինի՞ թե դու ես այն եգիպտացին, որ օրեր առաջ ապստամբեցրիր և անապատ հանեցիր չորս հազար սուսերավոր ավազակների»։ 39Պողոսն ասաց. «Ես հրեա մարդ եմ, Կիլիկիայի նշանավոր Տարսոն քաղաքից, ոչ աննշան քաղաքի քաղաքացի. աղաչում եմ քեզ, թո՛ւյլ տուր, որ իմ խոսքն ուղղեմ ժողովրդին»։
40Եվ երբ նա հրաման տվեց, Պողոսը, աստիճանների վրա կանգնած, ձեռքով նշան արեց ժողովրդին։ Երբ կատարյալ լռություն տիրեց, խոսքն ուղղեց ժողովրդին եբրայեցիների լեզվով ու ասաց.

醒目顯示

分享

複製

None

想要在所有設備上保存你的醒目顯示嗎? 註冊或登入