ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20
20
Պողոսի ճանապարհորդությունը Մակեդոնիայում և Հունաստանում
1Երբ ամբոխը հանդարտվեց, Պողոսը կանչեց աշակերտներին ու նրանց մխիթարելով՝ հրաժեշտի ողջույն տվեց և ելավ գնաց Մակեդոնիա։ 2Այդ կողմերում շրջելուց և նրանց բազում խոսքերով մխիթարելուց հետո եկավ հարավային Հունաստան։ 3Մոտ երեք ամիս այնտեղ անցկացնելուց հետո, մինչ կամենում էր Ասորիք բարձրանալ, հրեաների կողմից նրա դեմ դավ նյութվեց, ուստի որոշեց Մակեդոնիայով վերադառնալ։ 4Եվ նրա հետ մինչև Ասիա գնացին Պյուռոսի որդի Սոսիպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից՝ Արիստարքոսը և Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթեոսը և ասիացիներ Տյուքիկոսն ու Տրոփիմոսը։ 5Սրանք նախապես էին գնացել և մեզ Տրովադայում էին սպասում։ 6Իսկ մենք Բաղարջակերաց տոնի օրերից հետո նավարկեցինք Փիլիպպեից ու հինգ օրից հասանք Տրովադա՝ նրանց մոտ, որտեղ էլ կանգ առանք յոթ օր։
Պողոսը Տրովադայում. Եվտիքոսի հառնումը
7Մի շաբաթ օր, մինչ հավաքվել էինք հաց կտրելու, Պողոսը խոսում էր նրանց հետ, և քանի որ հաջորդ օրը գնալու էր, խոսքը երկարեց մինչև կեսգիշեր։ 8Վերնատանը, որտեղ հավաքված էինք, բազում լապտերներ կային։ 9Իսկ Եվտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին ու խոր քուն էր մտել։ Երբ Պողոսի խոսքը երկարեց, նա, խոր քնից թուլացած, երրորդ հարկից ցած ընկավ, ու նրան մեռած վերցրին։ 10Իջնելով՝ Պողոսն ընկավ նրա վրա, նրան իր գիրկն առավ ու ասաց. «Մի՛ խռովվեք, քանի որ սրա հոգին դեռ վրան է»։ 11Հետո վեր ելավ, հացը կտրեց ու կերավ. և մինչև առավոտ շատ բաներ ևս խոսեց ու ապա մեկնեց։ 12Իսկ պատանուն կենդանի ներս բերեցին և մեծապես մխիթարվեցին։
Տրովադայից դեպի Միլետոս
13Իսկ մենք, նավ նստելով, նավարկեցինք դեպի Ասոս. հույս ունեինք այնտեղից Պողոսին նորից վերցնելու, որովհետև այդպես էր պատվիրել, քանի որ ինքը ցամաքով էր գնալու։ 14Երբ նա Ասոսում հանդիպեց մեզ, նրան վերցրինք ու եկանք Միտիլենե։ 15Այստեղից նավարկելով՝ հաջորդ օրը հասանք Խիոսի դիմացը, մյուս օրը՝ Սամոս, հետևյալ օրը՝ Միլետոս։ 16Քանի որ Պողոսը մտադիր էր նավարկել Եփեսոսի մոտով, որպեսզի Ասիայում ժամանակ չկորցնի, քանի որ շտապում էր, եթե հնարավոր լիներ, Պենտեկոստեի օրը Երուսաղեմ հասնել։
Պողոսի հրաժեշտը Եփեսոսի երեցներին
17Միլետոսից Եփեսոս մարդ ուղարկելով՝ կանչեց եկեղեցու երեցներին։ 18Երբ նրանք եկան Պողոսի մոտ, նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտեք, թե առաջին օրվանից ի վեր, երբ Ասիա եկա, այդ ամբողջ ժամանակ ձեզ հետ ինչպե՛ս ապրեցի՝ 19ծառայելով Տիրոջն ամենայն խոնարհությամբ, արտասուքով ու փորձություններով, որ հրեաների նենգությունների պատճառով ինձ պատահեցին։ 20Ինչպե՜ս բնավ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից և ուսուցանելու ձեզ ինչպես հրապարակավ, այնպես էլ տանը։ 21Վկայություն տվեցի հրեաներին և հեթանոսներին՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի մասին։ 22Արդ, ահա ես Սուրբ Հոգու մղումով Երուսաղեմ եմ գնում. իսկ թե այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու, չգիտեմ։ 23Բայց Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ ինձ վկայում է ու ասում. “Կապանքներ ու նեղություններ են սպասում քեզ”։ 24Բայց ես իմ անձը ոչ մի բանով այդքան հարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ ավարտեմ իմ ընթացքը և այն պաշտոնը, որ Տեր Հիսուսից ստացա՝ Աստծու շնորհների Ավետարանի մասին վկայելու։ 25Եվ արդ, ահավասիկ ես գիտեմ, որ դուք ամենքդ, որոնց մեջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծու արքայությունը, իմ երեսն այլևս չեք տեսնելու։ 26Դրա համար էլ այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արյունից, 27որովհետև չքաշվեցի ձեզ հայտնելու Աստծու կամքն ամբողջությամբ։ 28Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։ 29Սակայն ես քաջ գիտեմ, որ իմ մեկնելուց հետո ձեր մեջ կգան հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին։ 30Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թյուր բաներ կխոսեն՝ աշակերտներին իրենց հետևից տանելու համար։ 31Դրա համար էլ արթո՛ւն կացեք և հիշե՛ք, որ ամբողջ երեք տարի#Հուն. և գրբ. որոշ ձեռ. երկու տարի։, գիշեր-ցերեկ, առանց դադարի արտասուքներով յուրաքանչյուրիդ մեկ-մեկ խրատեցի։ 32Արդ, ձեզ հանձնում եմ Աստծուն և նրա շնորհի խոսքին, որ կարող է բարձրացնել և ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբերի հետ։ 33Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ հագուստը չցանկացա. 34դուք ինքներդ գիտեք, որ իմ և ինձ հետ եղողների կարիքները հոգացին այս ձեռքերը։ 35Ես իմ օրինակով ամեն ինչ ցույց տվեցի ձեզ, որովհետև այդպես պետք է աշխատել և դարմանել հիվանդներին ու հիշել Տեր Հիսուսի խոսքը, որ հենց ինքն ասաց. “Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը”»։ 36Այս բաներն ասելուց հետո բոլորի հետ մեկտեղ ծնկի գալով՝ սկսեց աղոթել։ 37Բոլորն էլ շատ լաց եղան և Պողոսի վզովն ընկնելով՝ համբուրում էին նրան։ 38Մորմոքում էին մանավանդ նրա այն խոսքի վրա, որ այլևս իր երեսը չեն տեսնելու։ Եվ նրան ուղեկցեցին մինչև նավը։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն