YouVersion 標識
搜索圖示

Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 4

4
Սիմոնը զրպարտում է Օնիային
1Դարձյալ Սիմոնի մասին, որը մատնել էր գանձի տեղը և դավաճանել իր երկրին։ Նա սկսեց ավելի հաճախ ամբաստանել Օնիային, թե նա ինքն է Հելիոդորոսին անձամբ մղել ու ստիպել այդ քայլին, և նա է բոլոր չարիքների պարագլուխն ու կատարողը։ 2Քաղաքի այդ բարերարին ու վերակացուին, ազգի երախտավորին, օրենքների նախանձախնդիր այդ մարդուն նա համարձակվեց ներկայացնել իբրև արքունի գործերի վնասարար։ 3Նա իր թշնամանքն այնքան խորացրեց, որ իր կողմից նշանակված մարդկանցից ոմանց միջոցով ուզում էր սպանել սուրբ մարդուն։ 4Երբ Օնիան տեսավ, որ հակառակությունը դառնում է անհանդուրժելի, իսկ Ստորին Ասորիքի ու Փյունիկեի սպարապետ Ապոլոնիոսը ընկերացել և աջակցում է Սիմոնի չար գործերին, 5դիմեց թագավորին՝ ոչ թե իր համաքաղաքացիներին ամբաստանելով, այլ ամբողջ ժողովրդի ընդհանուր և անձնական բարօրությանը հետամուտ լինելով, 6քանի որ տեսավ, որ այլևս անհնար է առանց թագավորի միջամտության հասարակությանը օգուտ տալ, մանավանդ տեսնում էր, որ Սիմոնն անհանգիստ խորամանկությամբ անընդհատ խարդախություններ է նյութում։
Քահանայապետ Յասոնը ժողովրդին հունական բարքեր է պարտադրում
7Երբ Սելևկիոսը մեռավ, և գահ բարձրացավ Անտիոքոսը, որ կոչվում էր Եպիփան, Յասոն անունով մեկը, որ Օնիայի եղբայրն էր, անամոթաբար աշխատեց քահանայապետությունը խլել Օնիայից։ 8Նա խոստացավ երեք հարյուր քանքարից բացի արքունիքին հավելյալ տալ վաթսուն քանքար, իսկ այլ եկամուտներից՝ ևս ութսուն քանքար։ 9«Ես դրան կավելացնեմ ևս հարյուր հիսուն,- ասում էր նա,- եթե գործը գլուխ գա։ Քաղաքը կենթարկեմ ձեզ, թատրոններ ու կրկեսներ կշինեմ, երուսաղեմացիներին էլ ձեր անունով անտիոքացիներ կգրեմ»։ 10Երբ թագավորը համաձայնվեց, և Յասոնը հասավ իր ցանկացած իշխանությանը, իր հայրենակիցներին անմիջապես հույն հեթանոսական օրենքներ պարտադրեց։ 11Նա մի կողմ դրեց նախկին այն արքունական արտոնությունները, որ ձեռք էին բերվել հռոմեացիների հետ բարեկամության ու զինակցության առաքելությունն իրականացրած Հովհաննեսի՝ Եվպոլեմոսի հոր միջոցով, վերացրեց օրինավոր սովորությունները և ներմուծեց անօրեն նոր բարքեր։ 12Միջնաբերդի ներսում նա թատրոն ու մարզարան կառուցեց, որտեղ ընտիր ու առույգ պատանիներին մարմնամարզության արվեստն էին ուսուցանում։ 13Այդ ամբարիշտ ու չքահանայապետ Յասոնի ծայրահեղ մոլորության պատճառով այնպես եռանդագին սկիզբ դրվեց այլազգությանն ու հեթանոսությանը, 14որ այդուհետ քահանաներն անտեսում էին զոհասեղանի սպասավորությունն ու տաճարի ծառայությունը, արհամարհում ողջակեզի զոհաբերությունները և կոչնազանգի կանչելուն պես շտապում էին մասնակցել ըմբշամարտի մրցասպարեզում տեղի ունեցող անօրեն տեսարանին։ 15Հայրերի պատիվն արհամարհում էին և անօրեն հեթանոսության փառքը գերադասում օրհնության փառքից։ 16Այդ իսկ պատճառով շուտով նրանց վրա բոլոր կողմերից նեղություններ հասան ու պաշարեցին նրանց, և ում բարքին ու սովորությանը որ նախանձում էին ու աշխատում ամեն ինչով նմանվել նրանց, հենց նրանց էլ իրենց համար դահիճներ, թշնամիներ ու տանջողներ դարձրին։ 17Անպատիժ չեն մնա նրանք, ովքեր կանարգեն աստվածային օրենքները։ Ստորև պատմվող դեպքերը բացահայտ դա ցույց կտան։
18Արդ, ժամանակն էր, որ Ծուր քաղաքում թագավորի ներկայությամբ յուրաքանչյուր հնգամյակը մեկ տեղի ունեցող աստվածների պաշտամունք կատարվեր։ 19Անօրեն Յասոնը այդ խաղերին անտիոքացի անվանումով մասնակիցներ ուղարկեց սուրբ Երուսաղեմ քաղաքից. նրանց երեք հարյուր սատեր տվեց՝ իբրև Վահագնի [Ο΄ Հերակլ] պաշտամունքի զոհերի գին։ Երբ նրանք եկան ու բերեցին այն, ինչ պետք է բերեին, խնդրեցին, որ այդ արծաթը չխառնեն կուռքերի պաշտամունքի զոհերին, որովհետև պատշաճ չէր սուրբ վայրի գանձը հատկացնել դիցապաշտության կուռքերի զոհերին։ 20Նրանք վերցրին պաշտամունքի զոհերի համար ուղարկված դրամը, բայց բերողների աղաչանքին անսալով՝ այն չխառնեցին պաշտամունքի զոհերի համար հատկացվածներին, այլ հատկացրին արքունի գործերին՝ նավեր պատրաստելու համար։
Անտիոքոսի հանդիսավոր ընդունելությունը Երուսաղեմում
21Ֆիլոմիտորի թագադրությանը մասնակցելու համար Մենեսթեոսի որդի Ապոլոնիոսի՝ Եգիպտոս ուղարկվելուց հետո Անտիոքոսը տեղեկացավ, որ Ֆիլոմիտորը հակառակ է իրեն, և միջոցներ ձեռք առավ իր անվտանգության համար։ Ուստի գնաց հասավ Հոպպե, այնտեղից եկավ Երուսաղեմ։ 22Այստեղ Յասոնն ու այդ քաղաքի բնակիչները նրան ընդունեցին մեծ պատվով՝ ջահերով ու լուսաճաճանչ աշտանակներով։ Ապա այնտեղից իր ողջ զորքով գնաց Փյունիկեի կողմերը։
Մենելաոսը դառնում է քահանայապետ
23Երեք տարի անց Յասոնը վերոհիշյալ Սիմոնի եղբորը՝ Մենելաոսին, ուղարկեց և նրա ձեռքը տվեց արքունի դրամը, որպեսզի տանի արքային։ 24Երբ նա հանդիպեց արքային ու մեծարվեց նրա կողմից, իր համար կորզեց քահանայապետությունը և առավելություն ստացավ Յասոնի նկատմամբ՝ տուրքի դրամին ևս երեք հարյուր քանքար ավելացնելով։ 25Եվ իշխանություն ստանալու արքունի հրամանն առնելով՝ վերադարձավ։ Նա քահանայապետությանն արժանի ոչինչ չուներ, այլ չար գազանի նման դառը կատաղությամբ էր լցված։ 26Յասոնը, որ իր եղբոր քահանայությունը խլել էր դավով, նույն ձևով ինքն էլ զրկվեց քահանայությունից և հալածական դառնալով՝ փախավ ամովնացիների երկիրը։
27Մենելաոսն իր ձեռքն առավ քահանայապետության իշխանությունը, սակայն ամբողջությամբ չկարողացավ տալ այն գումարը, որ խոստացել էր թագավորին։ 28Դղյակ-միջնաբերդի հազարապետն սկսեց անհանգստանալ ու պահանջել գումարը, որովհետև նրան էր հանձնարարված հավաքել երկրի հարկը, ուստի երկուսն էլ պալատ կանչվեցին։ 29Երբ Մենելաոսը տեսավ, որ հարկ չի կարող վճարել, իր փոխանորդ նշանակեց իր եղբայր Լյուսիմաքոսին, իսկ Սովստրատոսը դարձավ կիպրացի վարձկանների կառավարիչ։
Օնիայի սպանությունը
30Երբ այս դեպքերը տեղի էին ունենում, տարսոնցիներն ու մալոտացիներն ըմբոստացան, որովհետև իրենք իբրև սեփականություն հանձնվել էին թագավորի հարճ Անտիոքիդեին։ 31Թագավորը, իր տեղը փոխանորդ նշանակելով բարձրաստիճան Անդրոնիկոսին, շտապով գնաց, որ հասնի, հնազանդեցնի նրանց։ 32Մենելաոսը, տեսնելով, որ պատեհ առիթ է ներկայացել, տաճարից զգուշությամբ ոսկե սպասներ գողացավ և տվեց Անդրոնիկոսին. ուրիշ սպասներ էլ վաճառել էր Ծուրում և դրա շրջակայքում գտնվող այլ քաղաքներում։ 33Օնիան, որ ապաստանել էր Անտիոքի մոտ գտնվող Դափնի քաղաքում, այդ մասին տեղեկանալով, հանդիմանեց նրան։ 34Դրա համար էլ Մենելաոսը, Անդրոնիկոսին մի կողմ տանելով, համոզեց նրան, որ սպանի Օնիային։ Նա գնաց Օնիայի մոտ, նենգությամբ համոզեց նրան և մեծ երդումներով հավատարմության դաշինք կնքեց նրա հետ։ Օնիան թեև մտքում կասկածում էր, համաձայնվեց դուրս գալ բերդից։ Հենց դուրս եկավ, Անդրոնիկոսը սրախողխող արեց նրան՝ ամենևին չվախենալով արդար դատաստանից։ 35Դրա համար էլ ոչ միայն հրեաները, այլև հեթանոսները զայրացած էին այդ մարդու անարդար սպանության համար։
36Երբ թագավորը վերադարձավ Կիլիկիայի կողմերից, բոլոր քաղաքների հրեաներն ու հեթանոսները սրտի կսկիծով դիմեցին նրան այդ մարդու անարդար սպանության և նրա տարապարտ մահվան համար։ 37Անտիոքոսն անկեղծորեն տրտմեց, խղճահարությամբ լցվեց ու շատ արտասվեց այդ մարդու սրբության ու անսահման իմաստության համար։ 38Բարկությամբ բորբոքված՝ նա հրամայեց Անդրոնիկոսի վրայից հանել ծիրանին, մերկացնել նրան իր զգեստներից, ման տալ քաղաքով մեկ և այն նույն վայրում, որտեղ նա Օնիայի նկատմամբ անօրենություն էր գործել, հրամայեց կտրել այդ ստոր մարդասպանի գլուխը՝ Տիրոջից արժանի պատիժ հասցնելով չարագործին։
Լյուսիմաքոսի մահը
39Երբ շատ գանձեր գողացվեցին Լյուսիմաքոսի ձեռքով ու Մենելաոսի խորհրդով, և երբ այդ լուրը տարածվեց, ժողովուրդը հավաքվեց Լյուսիմաքոսի դեմ, որովհետև ոսկե բազում անոթներ էին կորել։ 40Երբ ժողովուրդը հուզված ու զայրացած ոտքի ելավ, Լյուսիմաքոսը սպառազինեց մոտ երեք հազար մարդու և ձեռնարկեց չար գործեր՝ առաջնորդությամբ մի մարդու, որը որքան դժնատեսիլ էր, նույնքան էլ՝ թանձրամիտ։ 41Երբ տեսան Լյուսիմաքոսի գործած դավն ու նենգությունը, անմիջապես հավաքվեցին, որ միջոցներ ձեռնարկեն։ Մեկը քար, մյուսը փայտ, երրորդը ավազ ու հողախառն խիճ վերցնելով՝ նետեցին հարձակվողների վրա։ 42Ոմանց վիրավորեցին, ոմանց գլուխը կտրեցին, շատերին սպանեցին, իսկ մնացած բոլորին փախուստի մատնեցին և տաճարը կողոպտողին գանձատան մոտ հալածական տապալեցին։
43Այս ամենի համար մեղադրանք ներկայացվեց Մենելաոսին։ 44Երբ թագավորը եկավ Ծուր, ծերակույտի կողմից ուղարկված երեք մարդիկ գործը ներկայացրին նրան։ 45Երբ Մենելաոսը մեղավոր ճանաչվեց, խոստացավ շատ գանձեր տալ Պտղոմեոսին, եթե նա սիրաշահեր թագավորի սիրտը։ 46Այդ մտադրությամբ նա, իբր թագավորի հետ զբոսնելու նպատակով, մի կողմ տարավ նրան և հեղաշրջեց նրա միտքը։ 47Թագավորը բոլոր չարիքների պատճառ Մենելաոսին ազատեց մեղադրանքներից, իսկ այն տառապյալներին, որոնք եթե անգամ խաղտեացիների [Ο΄ սկյութների] առաջ դատվեին, անպարտ կհամարվեին և ազատ կարձակվեին, մահվան դատապարտեց։ 48Անարդար պատիժն անմիջապես գործադրեցին նրանց նկատմամբ, ովքեր հանուն քաղաքի, ժողովրդի ու սրբազան անոթների պաշտպանության բողոք էին բարձրացրել։ 49Այդ պատճառով էլ չարատյաց ծուրացիները սրտացավությամբ ու առատապես հոգացին այն ամենը, ինչ պետք էր նրանց հուղարկավորելու համար։ 50Իշխանների ժլատությունից ու ագահությունից օգտվելով՝ Մենելաոսը չարախոսությամբ էր զբաղվում և իր համաքաղաքացիներին մեծամեծ չարիքներ պատճառում։

醒目顯示

分享

複製

None

想要在所有設備上保存你的醒目顯示嗎? 註冊或登入