Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 3
3
Սիմոնի դավաճանությունը
1Կար ժամանակ, որ բարեպաշտ ու չարատյաց Օնիա քահանայապետի շնորհիվ սուրբ քաղաքի բնակիչները ապրում էին խաղաղ և սրբությամբ պահում ճշմարիտ օրենքները։ 2Եթե անգամ հարկ էր լինում, թագավորներն իրենք էին պատվում երևելի տաճարը հրովարտակներով, բազմաթիվ նվերներով ու ընծաներով։ 3Նույնիսկ ինքը՝ Ասիայի արքա Սելևկիոսը, մասնակցում էր ծիսակատարությանը և իր սեփական եկամուտներից էր տալիս զոհեր մատուցելու հետ կապված բոլոր ծախսերը։
4Բաղգեղի ցեղից Սիմոն անունով մեկը, որն իր տոհմի առաջնորդն էր, տարաձայնություն ունեցավ քահանայապետի հետ քաղաքի առևտրի առնչությամբ։ 5Տեսնելով, որ չի կարողանում հաղթել կամ վնասել Օնիային, նա եկավ կանգնեց Դրասեի որդի Ապոլոնիոսի առաջ, որն այդ ժամանակ Ստորին Ասորիքի և Փյունիկեի սպարապետն էր, 6և նրան հայտնեց, որ Երուսաղեմի գանձատունը լցված է բազում գանձերով, և տարբեր տեսակի այդ գանձերի թիվն ու հաշիվը ոչ ոք չի կարող պահել։ Նա ասաց. «Այդ գանձերը պետք է արքայի ձեռքն անցնեն և հատկացվեն զոհեր մատուցելուն»։ 7Հանդիպելով թագավորի հետ՝ Ապոլոնիոսը նրան պատմեց այն գանձերի մասին, որոնց մասին իրեն տեղեկացրել էին։ Թագավորը կանչեց իր հանդերձապետ Հելիոդորոսին և հրամայեց նրան այդ գանձերը հանել ու բերել քաղաքից։ 8Հելիոդորոսն շտապ ճանապարհ ընկավ՝ իբր Ստորին Ասորիքի ու Փյունիկեի քաղաքների վիճակն ստուգելու, բայց իրականում թագավորի հրամանն էր կատարում։ 9Երբ հասավ Երուսաղեմ, այնտեղ քահանայապետն ու քաղաքացիները մեծ պատվով ընդունեցին նրան։ Նա սկսեց նրանց պատմել, թե արքային ինչ են հայտնել, ու ասաց. «Ո՞վ կամ ինչպե՞ս և կամ ինչո՞ւ են ձեր մասին ամբաստանել արքային, կամ էլ իրո՞ք այնքան գանձ կա, որքան ասել են»։ 10Քահանայապետն առաջ եկավ ու ասաց. «Իսկապես կան պահ դրված ավանդներ, որոնք պատկանում են այրիներին ու որբերին, 11մի մասն էլ՝ Տուբիի որդի Օրկանիոսին՝ երևելի մի մարդու, բայց ոչ այնքան, որքան ասել է ամբաստանության նամակ գրող անօրեն Սիմոնը։ Ամենը միասին չորս հարյուր քանքար արծաթ և երկու հարյուր քանքար ոսկի է։ 12Չի կարելի զրկել նրանց, ովքեր վստահել են ամբողջ աշխարհում փառավոր հռչակ ունեցող և անձեռնմխելի սուրբ տաճարին»։
Երուսաղեմը խռովության մեջ
13Երբ Հելիոդորոսը լսեց քահանայապետի խոսքերը, հիշեց արքայի հրամանն ու ասաց. «Հրամայված է, որ հօգուտ արքունիքի վերցվի այդ գանձը»։ 14Նա օր ու ժամ նշանակեց և ըստ արքունի հրամանի՝ պատրաստվում էր մտնել, հաշվել ու բռնագրավել գանձը։ Այդ ժամանակ քաղաքում քիչ հուզումներ ու խռովություններ չառաջացան։ 15Քահանաներն իրենք սրբազան պատմուճաններով ընկնում, թավալվում էին զոհասեղանի առաջ, աղաչում էին նրան, ով ավանդները սրբությամբ պահելու համար օրենքներ էր սահմանել, որ կարողանան այդ բոլորն անվնաս իրենց ավանդատուներին հասցնել։ 16Մարդ խոցվում էր իր սրտում, երբ տեսնում էր քահանայապետի դեմքը, որովհետև երեսի արտահայտությունն ու գույնը հոգու տրտմությունն էին արտացոլում, 17քանի որ ահն ու սարսափն էր պատել նրան, և մարմինը դողում էր։ Այդ ամենից հայտնի էր դառնում նրա սրտի մորմոքը։ 18Բոլոր տներից ընտանիքները խումբ-խումբ դուրս էին գալիս ընդհանուր աղոթքի, որպեսզի չոտնահարվի մեծ տաճարի պատիվը։ 19Կանայք քուրձ հագած ողբում էին հրապարակներում, ճգնավոր կույսերը կուսանոցներից գնում էին դեպի դարպասներն ու պարիսպները, ոմանք էլ պատուհաններից գլուխներն էին դուրս հանում, 20և բոլորը միասին, ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, աղոթք էին մրմնջում։ 21Սրտաճմլիկ տեսարան էր դա, որովհետև բոլոր մարդիկ, միասին գետին ընկնելով ու թավալվելով, աղոթք էին մատուցում դեպի երկինք, իսկ մեծապես տագնապած քահանայապետն անհանգիստ սպասումի մեջ էր։ 22Նրանք, այսպես ընկնելով ու թավալվելով, դիմում էին Ամենակալին, որ վստահված ավանդներն ամբողջությամբ ապահով հասցնի ավանդատուներին։
Հելիոդորոսի պատիժը
23Իսկ Հելիոդորոսը հետամուտ էր վճռի կատարմանը։ 24Բայց երբ իր թիկնապահների հետ մտավ գանձատուն, բոլոր հոգիների և իշխանությունների վրա զորություն ունեցող Տերը մի մեծ հրաշք ցույց տվեց. բոլոր նրանք, ովքեր հանդգնել էին նրա հետ ներս մտնել, կաթվածահար եղան Աստծու զորությունից և ընդարմացան վախից։ 25Նրանց հանկարծ երևաց մի փառահեղ ձի՝ ոսկե զրահով հանդերձավորված հեծյալի հետ։ 26Հեծյալի առաջ կանգնած էին գեղեցիկ զարդերով զարդարված ու զորեղ երկու այլ երիտասարդներ, որոնք, աջ ու ձախ կողմերից անմիջապես մոտենալով, սաստիկ հարվածներ տեղացին Հելիոդորոսի վրա, 27մինչև նա մերձիմահ, անզգա ընկավ գետին, և վերցրին նրան։ 28Նրան, որ այդպիսի շուքով, պատվով, սպառնալիքով և թիկնապահներով մտել ու ճեմում էր գանձատանը, այժմ բարձրացրած տանում էին անզգա վիճակում։ Նրանք հայտնապես ճանաչեցին Աստծու զորությունը։ 29Մինչ նա աստվածային միջամտությամբ անմռունչ ու անբարբառ, փրկության ամեն մի հույսից կտրված, կիսամահ ընկած էր գետնին, 30Օնիայի շուրջը գտնվողներն օրհնում էին Տիրոջը, որն ամեն ինչով փառավորել էր իր սրբավայրը։ Այն տաճարը, որը քիչ առաջ լցված էր խռովությամբ, ամենակալ Տիրոջ փառքի երևալով լցվեց խնդությամբ ու անսպառ ուրախությամբ։
31Այն ժամանակ եկածներից մի քանի բարեսիրտ մարդիկ՝ զորավարի ավագ ընկերները, շտապ հասան Օնիայի մոտ, որպեսզի նա Բարձրյալից խնդրի կյանք շնորհել նրան, քանի որ չարաչար ընկած վերջին շունչն էր փչում։ 32Քահանայապետը մտահոգվեց, որ գուցե թագավորը մտածի, թե այդ մարդը տուժել է իր կամ հրեաների նյութած դավից, ուստի աղաչեց Աստծուն և զոհ մատուցեց այդ մարդու կյանքը փրկելու համար։ 33Մինչ քահանայապետը քավության զոհերն էր մատուցում, նույն երիտասարդները, նույն հանդերձներով զարդարված, անմիջապես իջան և Հելիոդորոսի առաջ կանգնելով՝ ասացին. «Դու Օնիա քահանայապետից շատ շնորհակա՛լ եղիր, որովհետև հանուն նրա և նրա միջոցով Տերը քեզ կյանք շնորհեց։ 34Իսկ դու, որ նրա համար այդքան տանջանքներով պատժվել ես, պատմի՛ր բոլորին Աստծու մեծ զորության մասին»։ Այս բանն ասելուց հետո նրանք անմիջապես աներևութացան։
Հելիոդորոսի դարձը դեպի Աստված
35Երբ Հելիոդորոսն սթափվեց, անմիջապես ոտքի կանգնելով՝ Տիրոջը զոհեր մատուցեց և մեծամեծ ուխտեր ու աղոթքներ արեց Տիրոջը, որն իրեն կյանք շնորհեց ու դարձյալ առաջվա պես զորացրեց։ Նա Օնիա քահանայապետին մեծամեծ նվերներով պատվեց ու այնտեղից շարժվեց ու գնաց թագավորի մոտ։ 36Ամեն տեղ նա վկայում էր Աստծու հրաշքների մասին, որ իր իսկ աչքերով էր տեսել։ 37Երբ թագավորը հարց տվեց Հելիոդորոսին, թե՝ «Ինչպե՞ս, ի՞նչ արեցիր, ինչո՞վ վերջացրիր այն գործը, որի համար գնացել էիր», նա սկսեց պատմել գանգատվելով ու ասաց. «Ո՜վ Տեր, Երուսաղե՛մ ուղարկեք 38նրան, ով ձեր թշնամին է ու ձեր մեծ գործերի հակառակորդը։ Հրամայե՛ք ուղարկել նրան և այնտեղից նրան հետ կբերեն չարաչար ձաղկված, եթե միայն մահվանից փրկվել կարողանա, որովհետև այդ վայրում այնպիսի՜ մեծ զորություն կա։ 39Նա, որի զորությունը երկնքում է, Նա՛ է այդ տեղի հովանավորն ու օգնականը, և ով թշնամությամբ կամ արհամարհանքով մտնի այնտեղ, մեծամեծ չարիքներով կպատուհասվի, եթե ողջ մնա»։
40Հելիոդորոսի ու գանձատունը պաշտպանելու մասին այսքանը։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն