ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 2
2
Մահից դեպի կյանք
1Եվ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու հանցանքների հետևանքով, 2որոնց մեջ մի ժամանակ ապրում էիք՝ այս աշխարհի սովորության համաձայն, ըստ օդում իշխող իշխանի կամքի, այն ոգու, որ այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ։ 3Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով և իրականացնում մարմնի ու մտքի կամքը, և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք մյուսների պես։
4Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրով, որով մեզ սիրեց, 5մինչ մեռած էինք մեր մեղքերի հետևանքով, մեզ վերստին կյանք տվեց Քրիստոսի հետ, որովհետև շնորհով փրկվեցինք։ 6Նրա հետ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով, 7որպեսզի գալիք բոլոր ժամանակներում ցույց տա իր շնորհի անչափելի առատությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած իր բարությամբ։ 8Աստծու շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և այս փրկությունը ձեզնից չէ, այլ Աստծու պարգևն է, 9ոչ էլ ձեր գործերից, որպեսզի ոչ ոք չպարծենա։ 10Քանի որ նրա ստեղծագործությունն ենք՝ ստեղծված Քրիստոս Հիսուսով, բարի գործերի համար, որոնց համար Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի ապրենք դրանցով։
Մեկ՝ Հիսուս Քրիստոսով
11Ուստի հիշեցե՛ք, որ մի ժամանակ դուք հեթանոս էիք մարմնով, որ անթլփատություն է կոչվում՝ մարմնի վրա ձեռքով կատարված թլփատության համեմատ, 12որովհետև այդ ժամանակ առանց Քրիստոսի էիք, մաս չէիք կազմում Իսրայելի ընտրյալ ժողովրդին, օտար էիք խոստման ուխտերին, աշխարհում ապրում էիք առանց որևէ հույսի և առանց Աստծու։ 13Իսկ այժմ Հիսուս Քրիստոսի միջոցով դուք, որ մի ժամանակ հեռու էիք, մերձավոր դարձաք Քրիստոսի արյամբ։ 14Նա է մեր խաղաղությունը, որ երկուսը մեկ դարձրեց, քանդեց միջնորմ պատը՝ թշնամությունը, իր մարմնի մեջ, 15ջնջեց Օրենքը իր պատվիրաններով ու հրահանգներով, որպեսզի իրենով երկուսից մեկ, նոր մարդ ստեղծի և խաղաղություն հաստատի, 16ու երկուսին մեկ մարմնով հաշտեցնի Աստծու հետ իր խաչի միջոցով։ Սպանելով թշնամությունն իր մեջ՝ 17եկավ, խաղաղություն ավետարանեց ձեզ՝ հեռավորներիդ, և խաղաղություն ավետարանեց մոտ գտնվողներին։ 18Նրանով է, որ երկուսս էլ մուտք ունենք Հոր մոտ միակ Հոգով։
19Ուրեմն այսուհետև օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացի և Աստծու ընտանիքի անդամներ, 20մասերն այն կառույցի, որի հիմքն առաքյալներն ու մարգարեներն են, իսկ անկյունաքարը՝ Քրիստոս Հիսուսը։ 21Նրա վրա ամբողջ կառույցը՝ միասնական ու ներդաշնակ, Տիրոջով վերաճում է սուրբ տաճարի, 22որի մեջ դուք էլ միասնաբար կառուցվում եք որպես Աստծու բնակարան Հոգու միջոցով։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն