ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ 3

3
1Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրե՛ք վերին բաները, որտեղ Քրիստոսն է՝ նստած Աստծու աջ կողմը։ 2Վերի՛ն բաների մասին խորհեք և ոչ թե այն բաների, որ այստեղ՝ երկրի վրա են, 3որովհետև մեռաք, և ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ՝ Աստծու մեջ։ 4Իսկ երբ Քրիստոսը՝ ձեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։
Հին և նոր կյանք
5Սպանե՛ք, ուրեմն, ձեր երկրավոր ցանկությունները՝ պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունը և ագահությունը, որ կռապաշտություն է, 6որոնց պատճառով Աստծու բարկությունն է գալիս անհնազանդ որդիների վրա։ 7Դուք նույնպես մի ժամանակ այդպես էիք ընթանում, երբ ապրում էիք այդ ցանկություններով։ 8Այժմ դուք ևս թոթափե՛ք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը և խեղկատակությունը ձեր բերաններից։ 9Մի՛ ստեք միմյանց։ Ձեր վրայից հանե՛ք հին մարդուն իր գործերով 10և հագե՛ք նորը՝ նորոգված գիտությամբ, իր Արարչի պատկերի համաձայն։ 11Այստեղ այլևս չկա ո՛չ հրեա, ո՛չ էլ հեթանոս, թլփատություն կամ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ և ամեն ինչի մեջ։
12Որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ՝ այսուհետև հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ 13հանդուրժելով միմյանց, ներելով փոխադարձաբար, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի։ Ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, այնպես էլ դուք ներե՛ք իրար։
14Եվ այս բոլորի վրա ունեցե՛ք սերը, որ կապն է կատարելության։ 15Եվ ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, որին և կանչվեցիք մեկ մարմնի մեջ։ Եվ գոհությո՛ւն մատուցեք։
16Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։ 17Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։
18Կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես որ վայել է Տիրոջով։ 19Տղամարդի՛կ, սիրե՛ք ձեր կանանց և մի՛ դառնացրեք նրանց։ 20Որդինե՛ր, ամեն բանով հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին, որովհետև դա է հաճելի Տիրոջը։ 21Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, որ չհուսալքվեն։ 22Ծառանե՛ր, ամեն բանով հնազա՛նդ եղեք ձեր երկրավոր տերերին, ոչ թե ցուցադրական ծառայությամբ, կեղծավորաբար, այլ անկեղծ սրտով՝ երկյուղ կրելով Տիրոջից։ 23Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ համար և ոչ թե մարդկանց։ 24Իմացե՛ք, որ Տիրոջից կստանաք ձեզ խոստացված հատուցումը, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում։ 25Իսկ անիրավն իր անիրավության համաձայն հատուցում կստանա, քանի որ Աստծու առաջ աչառություն չկա։

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录