Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 3

3
Աղոթե՛ք մեզ համար
1Ուստի, եղբայրնե՛ր, աղոթե՛ք մեզ համար, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի և փառավորվի ամեն տեղ, ինչպես որ ձեզ մոտ է, 2որպեսզի ազատվենք անօրեն ու չար մարդկանցից, որովհետև ոչ բոլորն են հավատում։ 3Բայց Տերը հավատարիմ է. նա կզորացնի ձեզ ու կպահի չարից։ 4Ձեզ վրա վստահ ենք Տիրոջով, որ այն, ինչ ձեզ պատվիրեցինք, և՛ կատարում եք, և՛ կատարելու եք։
5Տերը թող ուղղի ձեր սրտերը դեպի Աստծու սերը և Քրիստոսի համբերությունը։
Գործելու անհրաժեշտություն
6Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում եմ ձեզ, որ հեռու մնաք բոլոր այն եղբայրներից, որ ծույլ կյանքով են ապրում և ոչ այն օրինակով, որ ստացաք մեզնից. 7որովհետև դուք լավ գիտեք, թե ինչպե՛ս պետք է նմանվեք մեզ, քանի որ ձեզ մոտ երբեք չծուլացանք, 8ոչ էլ որևէ մեկի հացը ձրի կերանք, այլ զօրուգիշեր ճիգ ու ջանքով աշխատում էինք, որպեսզի ձեզնից ոչ մեկի վրա ծանրություն չլինեինք։ 9Ոչ թե որ իրավունք չունեինք, այլ որպեսզի ինքներս մեզ օրինակ դարձնեինք ձեզ համար՝ մեզ նմանվելու։ 10Արդարև, երբ դեռ ձեզ մոտ էինք, ա՛յս էինք պատվիրում ձեզ. «Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի»։ 11Արդ, ձեզնից ոմանց մասին լսում ենք, թե անկարգ կյանքով են ապրում. որևէ գործ չեն կատարում, այլ ծուլորեն շրջում են։ 12Այդպիսիներին պատվիրում ու հորդորում ենք Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն և սեփական հացն ուտեն։
13Բայց դուք, եղբայրնե՛ր, մի՛ ձանձրացեք բարիք գործելուց։ 14Իսկ եթե որևէ մեկը չհնազանդվի այն ամենին, որ խոսեցինք այս նամակի միջոցով, նկատի՛ ունեցեք նրան և խզե՛ք հարաբերությունները նրա հետ, որպեսզի ամոթով մնա։ 15Բայց նրան թշնամի մի՛ համարեք, այլ խրատե՛ք որպես եղբոր։
Օրհնություն և ողջույն
16Եվ խաղաղության Տերն ինքը թող միշտ ձեզ խաղաղություն տա ամեն ինչում։ Տերը ձեզ բոլորիդ հետ։
17Այս ողջույնը ես՝ Պողոսս, գրում եմ իմ ձեռքով, որ իմ բոլոր նամակներում որպես նշան է ծառայում. այսպես եմ գրում։
18Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ։

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录