Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալը, մեր փրկիչ Աստծու և մեր հույսը եղող Հիսուս Քրիստոսի հրամանով, 2Տիմոթեոսին՝ հավատի իմ սիրելի որդուն. շնո՜րհ, ողորմությո՜ւն, խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Տեր Հիսուս Քրիստոսից։
Զգուշացում սուտ վարդապետություններից
3Երբ գնում էի Մակեդոնիա, քեզ խնդրեցի, որ Եփեսոսում մնաս, որպեսզի պատվեր տաս ոմանց, որ չուսուցանեն օտար վարդապետություններ 4և չզբաղվեն անվերջանալի առասպելներով ու ազգաբանություններով, որոնք վեճեր են հարուցում և չեն նպաստում Աստծու ծրագրերին՝ հիմնված հավատի վրա։ 5Գերագույն պատվիրանը սերն է՝ բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից, 6որոնցից ոմանք շեղվեցին՝ մտնելով դատարկ վիճաբանությունների մեջ։ 7Ուզում են Օրենքի ուսուցիչներ լինել, բայց չեն իմանում ոչ այն, ինչ իրենք են խոսում, ոչ էլ այն, ինչ պնդում են։
8Գիտենք, որ օրենքը լավ է, եթե մեկն այն օրինավոր գործադրի։ 9Բայց թող իմանա, որ օրենքն արդարների համար չի հաստատվել, այլ անօրենների ու անհնազանդների, ամբարիշտների ու մեղավորների, սրբապիղծների ու պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, 10պոռնիկների, արվամոլների, մարդու առևտրով զբաղվողների, ստախոսների, սուտ երդում անողների և այն բոլոր արարքների համար, որոնք հակառակ են առողջ վարդապետությանը, 11որ համապատասխանում է երանելի Աստծու փառավոր Ավետարանին, որին ես հավատարիմ եղա։
Երախտագիտություն Աստծու բարության համար
12Երախտապարտ եմ նրան, ով զորացրեց ինձ մեր Տեր Քրիստոս Հիսուսով, քանի որ վստահելի համարեց ինձ այս սպասավորությանը կարգելու, 13ինձ, որ նախապես հայհոյիչ, հալածիչ և անարգող էի։ Բայց ես ողորմություն գտա, որովհետև այդ բանն անում էի, երբ անգիտության ու անհավատության մեջ էի։ 14Մեր Տիրոջ շնորհը շատ առատ եղավ հավատով ու սիրով հանդերձ, որ Քրիստոս Հիսուսով է։ 15Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։ 16Բայց ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսը նախ իմ մեջ ցույց տար իր ողջ համբերատարությունը, որպես օրինակ նրանց, ովքեր կհավատային նրան հավիտենական կյանքի համար։ 17Հավիտենականության Թագավորին, անեղծ ու անտեսանելի միակ Աստծուն փա՜ռք և պատի՜վ հավիտյանս հավիտենից. ամեն։
18Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, ավանդում եմ քեզ հետևյալ պատվերը՝ համաձայն այն մարգարեությունների, որոնք սկզբից եղել են քեզ համար, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը, 19պահես հավատը մաքուր խղճմտանքով, որը ոմանք մերժեցին և նավաբեկության ենթարկվեցին հավատի մեջ։ 20Դրանց թվում են Հիմենոսն ու Ալեքսանդրոսը, որոնց հանձնեցի սատանային, որպեսզի սովորեն չհայհոյել։

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录