Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 5

5
Պատրաստ լինել Տիրոջ գալստյանը
1Ինչ վերաբերում է ժամերին ու ժամանակներին, եղբայրնե՛ր, ապա ձեզ որևէ բան գրելու կարիք չկա, 2որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։ 3Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։ 4Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը ձեզ վրա հասնի գողի նման, 5որովհետև դուք ամենքդ լույսի որդիներ եք և ցերեկվա որդիներ։ Գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։ 6Ուստի ուրիշների պես քնով չընկնենք, այլ արթուն ու զգաստ լինենք։ 7Որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում։ 8Իսկ մենք, որ ցերեկվանն ենք, արթուն լինենք, հագնենք հավատի ու սիրո զրահները և դնենք փրկության հույսի սաղավարտը. 9որովհետև Աստված մեզ չսահմանեց բարկության համար, այլ փրկության ձեռք բերման՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, 10որ մեռավ մեզ համար, որպեսզի արթուն լինենք թե քնենք, նրա հետ ապրենք։ 11Ուստի քաջալերե՛ք միմյանց և ամրապնդե՛ք մեկդ մյուսին, ինչպես արդեն անում եք։
Հորդորներ, մաղթանքներ և ողջույններ
12Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ ճանաչեք ու ընդունեք նրանց, ովքեր աշխատում են ձեզ համար, ովքեր Տիրոջով ձեզ վրա առաջնորդ են կարգված և խրատում են ձեզ, 13և նրանց արժանացրեք մեծ սիրո՝ իրենց աշխատանքի համար։ Խաղաղությա՛մբ ապրեք իրար հետ։
14Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, խրատե՛ք անկարգներին, քաջալերե՛ք երկչոտներին, պաշտպա՛ն եղեք թույլերին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ։ 15Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։
16Մշտապես ուրա՛խ եղեք, 17անդադար աղոթե՛ք, 18ամեն ինչում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև դա է Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով ձեզ համար։
19Մի՛ մարեք Սուրբ Հոգին, 20մի՛ արհամարհեք մարգարեությունները, 21քննե՛ք ամեն բան, վերցրե՛ք այն, ինչ բարի է, 22հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից։
23Եվ խաղաղության Աստված ինքը թող մաքրի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ էությունը՝ հոգին, շունչը և մարմինն անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ 24Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և կկատարի այս ամենը։ 25Եղբայրնե՛ր, աղոթե՛ք նաև մեզ համար։ 26Ողջունե՛ք բոլոր եղբայրներին սուրբ համբույրով։ 27Պարտավորեցնում եմ ձեզ Տիրոջով, որ այս նամակն ընթերցվի բոլոր հավատացյալ եղբայրների առջև։ 28Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录